Անհրաժեշտ են նոր սահմանափակումներ, թեկուզ ուշացած, բայց պետք է կիրառվեն. Նարեկ Վանեսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային բժշկական պալատի նախագահ, առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը

– Պարո՛ն Վանեսյան, համաճարակային ի՞նչ պատկեր ունենք Հայաստանում, հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունն ինչպե՞ս եք գնահատում:

– Ունենք ծանր պատկեր, օր օրի ավելանում են վարակվածների թվերը, համավարակի հետևանքով մահացող մեր հայրենակիցները թվերն էլ չեն պակասում, ինչը, բնականաբար, անհանգստացնող է: Վերահսկողությունը ցածր ու թույլ է: Որոշակի ակտիվություն է նկատելի պատվաստումների իրականացման քաղաքականության մեջ: Այսօր նաև լուրեր տարածվեցին, որ կրթական գործընթացում են որոշակի սահմանափակումներ իրականացվելու: 

– Հեռավար ուսուցման են ուզում անցնել, բայց դրան զուգահեռ ռեստորաններում, մոլերում, սրճարաններում ու զվարճանքի այլ վայրերում, կարծես թե, չեն պատրաստվում սահմանափակումներ մտցնել, չկա՞ դրանց կարիքը:

– Շատ ճիշտ եք նկատում: Այդ զանգվածային միջոցառումների վերաբերյալ ուշացած է արդեն որևէ բան իրականացնելը, սակայն պետք է իրականացվի՝ թեկուզ ուշացած, որովհետև այն, ինչ կատարվում է ձեր նշած վայրերում, որտեղ մարդիկ առանց դիմակի են գնում, ու որևէ կարգի վերահսկողություն չկա, շատ վտանգավոր է: 

Այս մասով տեսչական մարմինը թերանում է, հստակ գործիքակազմ է պետք արագորեն կիրառել, որպեսզի սահմանափակվեն այդ գործընթացները:

Բնականաբար, սահմանափակումներն անհրաժեշտ են: Մի բան է, երբ դպրոցներին մեկ շաբաթ լրացուցիչ արձակուրդ ես տալիս, բուհերն անցնում են հեռավար ուսուցման, բայց այդ նույն հեռավար ուսուցման մասնակիցը մոլերում ու ժամանցի այլ վայրերում իր ժամանակն է անցկացնելու: Վարակի տարածելիության մասով՝ մի տեղ փակելը, մի տեղ ոչինչ չանելը խնդիր չի լուծելու: 

– Պարո՛ն Վանեսյան, հոգեհանգստյան ու հուղարկավորության արարողությունների պարագայում ևս կանոններ ու սահմանափակումներ չկան: Սա ի՞նչ հետևանքներ է ունենում վարակի տարածման մասով, մանավանդ երբ անձը կորոնավիրուսի հետևանքով է մահացել:

– Ցավալին այն է, որ ոչ միայն վերահսկողություն չկա այս գործընթացների նկատմամբ, այլ նաև, երբ հանրային նշանակության անձինք են մահանում քովիդից, և նրանց հոգեհանգստյան ու հուղարկավորության արարողությունը ուղիղ հեռարձակվում է, անգամ այդ պարագայում վերահսկողություն իրականացնող մարմիններից ոչ ոք դրա հետևից չի գնում: 

Անցյալ տարի, երբ համավարակով պայմանավորված կարանտին էր, ու ինքս համակարգում էի Երևանի կարանտինի գրասենյակի աշխատանքները, մենք փորձում էինք այդ փուլում հնարավորինս խիստ հետևել հուղարկավորության իրականացման կարգին: Ցավոք, այսօր չկա այդ հսկողությունը, և շատ ճիշտ եք նշում, որ եթե որոշակի հանգամանքներում մենք սահմանափակումներ ենք մտցնում, բայց զանգվածային միջոցառումների դեպքում դրանք չեն գործում, ապա կանխատեսելի արդյունք չենք կարող ունենալ:

Բոլոր այն մարմինները, որոնք ունեն ստուգման, տեսչական, վերահսկման կամ այլ գործառույթներ, պետք է պատասխանատվություն ստանձնեն ու համարձակորեն հետևեն սահմանափակումների պահպանմանը: Եթե այս ամենը լիարժեքորեն իրականացվի, ու նաև դինամիկ կերպով ընթանա պատվաստման գործընթացը, ապա մենք բավականին դրական տեղաշարժ կունենանք: 

Ինձ համար տարակուսելի է նաև այն, որ հոկտեմբերի 14-ից գործատուին պետք է սահմանված ժամկետում ներկայացնել կա՛մ պատվաստումը հավաստող թուղթը, կա՛մ քովիդի բացասական թեստը, բայց հոկտեմբերի 25-ից բուհերն անցնում են հեռավար ուսուցման, այն դեպքում, երբ բուհերի հազարավոր աշխատակիցներ գումարներ են ծախսել այդ նմուշառումների համար ու, փաստացի, այս պահին դա չի օգտագործվելու:

– Պատկան մարմինները ինչո՞ւ հետևողական չեն լինում հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկմանը կամ ժամանակին նոր սահմանափակումներ չեն մտցնում, այլ թողնում են, որ վիճակը ծանրանա, հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը սպառվի՝ նոր միայն սահմանափակումներ են հայտարարում:

– Չեմ կարող ասել, որովհետև երբ այդ ժամանակին չարված գործընթացները նկատել էի, այդ մասին 13 կետից բաղկացած առաջարկություն ներկայացրեցի՝ ընդհուպ վարչապետին, գիտակցելով, որ այդ չանելն ավելի բարդ իրավիճակի է բերելու: Թե ինչո՞ւ չեն անում, պետք է պատասխանատուներից յուրաքանչյուրին հարցն ուղղել:

– Պարո՛ն Վանեսյան, նշեցիք, որ սահմանափակումները, թեկուզ ուշացած, բայց պետք են, դրանք որքանո՞վ կնպաստեն իրավիճակի մեղմմանը:

– Այո՛, այն, ինչ այսօր արվում է, ուշացած է, դա պետք էր ավելի վաղ անել, բայց այսօր ցանկացած սահմանափակում, որքան էլ ուշացած լինի, կարծում եմ, գոնե ինչ-որ պահից կսկսի դրական ազդեցություն բերել քովիդի դեմ տարվող պայքարում: Սակայն այդ սահմանափակումները պետք է լինեն ողջամտության սահմաններում, չեն կարող լինել միայն թղթի վրա իրավական ակտի տեսքով, պետք է լիարժեք վերահսկողություն իրականացվի:

Նաև անհրաժեշտություն կա որոշ պաշտոնյաների կոմպետենտությունը որոշելու, անուններ չեմ հնչեցնի այս պահին, որովհետև այդ մասին ես մանրամասն կխոսեմ, երբ համավարակի դեմ տարվող պայքարն ավարտվի, բայց եթե կան մարդիկ, որոնց թվում է, թե միայն պատվաստման գործընթացն առաջ տանելով՝ կհաղթեն համավարակին, սխալվում են: Անհրաժեշտ է գործուն մեխանիզմների ընդհանուր հանրագումար՝ սահմանափակումների վերահսկման մեխանիզմների, պատվաստման գործընթացի համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am