Հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացն այն կետում է, որից հետ իրատեսական չէ որևէ շարունակություն սպասել. Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, Մյունխենում այսօրվանից մեկնարկել է անվտանգության ավանդական համաժողովը, որի շրջանակներում այնտեղ է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու արդեն հասցրել է ոչ ֆորմալ հանդիպում ունենալ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Ի՞նչ կարելի է ակնկալել մյունխենյան այս այցից։

– Սպասելի էր, որ նման հանդիպում կունենա, առավելևս այն ֆոնին, որ կարծես թե այդ հարթակում, ինչպես նաև Մոսկվայի հարթակում բանակցությունների ընթացքը սառեցվել է, բայց հաշվի առնենք, որ պատճառների միջև տարբերություն կա։

Եվրոպական հարթակում Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպումը սառեցվել է Ֆրանսիայի մասնակցության պատճառով, իսկ Մոսկվայում՝ պատճառը Լաչինի միջանցքի փակ լինելն է։ Այնուամենայնիվ, Շառլ Միշելի հետ հանդիպումը կարող է որոշակի ընթացք տալ բանակցություններին, եթե կողմերը համաձայնության գան։ Համաձայնությունը կարող է լինել ինչպես եռակողմ ձևաչափի վերականգնումը, եթե Հայաստանը համաձայնի առանց Ֆրանսիայի հանդիպել, կամ եթե Ադրբեջանը համաձայնի Ֆրանսիայի մասնակցությանը։

– Իսկ ընդհանուր առմամբ, այս փուլում Արևմուտքից եկող ազդակները կամ արձագանքները ինչպիսի՞ք են։

– Անկեղծ ասած, ոչ ստանդարտ բան պիտի ասեմ․ Արևմուտքը համասեռ չէ, ու այն արձագանքները, որոնք գալիս են, օրինակ՝ Շառլ Միշելից կամ Եվրոպայի խորհրդից, կարող են չհամընկնել նույն կառույցի անդամների մոտեցումներին։

Զարմանալի չէ, որ Ադրբեջանը համաձայն է հանդիպել Շառլ Միշելի միջնորդությամբ, բայց համաձայն չէ հանդիպել, երբ այդտեղ է նաև Մակրոնը։ Այնպես որ, ընդհանուր մոտեցումները, իհարկե որոշակի առումով, կարծես թե շահավետ են մեզ համար, այնուամենայնիվ առանձին դերակատարների դեպքում պետք է զգուշություն հանդես բերել՝ հաշվի առնելով Արևմուտք-Ռուսաստան ու, մասնավորապես, Եվրամիություն-Ռուսաստան փոխհարաբերությունների բնույթը։

– Պարո՛ն Ղևոնդյան, Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումը Մյունխենում ի՞նչ կարող է տալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Տեղյակ եք նաև, որ հայկական կողմը Ադրբեջանին է ուղարկել խաղաղության պայմանագրի իր տարբերակը, ինչպե՞ս կարձագանքի ադրբեջանական կողմն այս անգամ։

– Մեծ սպասումներ չէի ունենա այդ հանդիպումից, եթե այն լինի։ Ընդհանուր առմամբ, գործընթացը հասել է մի կետի, որից այն կողմ այս պահին իրատեսական չէ սպասել դրա շարունակությանը, հետևաբար լուրջ սպասումներ չպետք է ունենալ, որքան էլ Հայաստանը հայտարարի խաղաղության պայմանագրի ստորագրման պատրաստակամության մասին:

Նույնը կարող է նաև Ադրբեջանն անել, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ կողմերի մոտեցումները հակոտնյա են, ու այսօր հնարավոր չէ նման փաստաթուղթ ստորագրել, եթե նույնիսկ ինչ-որ ճանապարհային քարտեզ էլ ստորագրվի, ամենայն հավանականությամբ, ներկայիս պայմաններում դա կմնա թղթի վրա։

– Խաղաղության պայմանագրի իր տարբերակը հայկական կողմը նաև ուղարկել է Մինսկի համանախագահներին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ արևմտյան երկրները ԵԱՀԿ Մինսկի խումբն «աղբանոց են ուղարկել»: Ինչպե՞ս եք գնահատում նախ այս հայտարարությունը, ու այս պարագայում ի՞նչ արձագանք սպասել այս կառույցից Հայաստանի ուղարկած այդ տարբերակին։

– Փաստացի Զախարովայի հայտարարությունն այս պահին իրականություն է, այսօր Մինսկի խումբը չի գործում ու չի գործում այն ձևաչափով, որ գոյություն ուներ։ Մինսկի խմբի փոխարեն գործում է երկու հարթակ՝ արևմտյան հարթակը՝ Բրյուսելում, մյուսը՝ Մոսկվայում:

Դրանք, ինչպես արդեն ասացի՝ սառեցված են այժմ, բայց այն, որ այդ պետություններն առանձին-առանձին գործընթացի մասնակից են, ու այս դեպքում նրանց է միացել նաև Եվրամիությունը՝ ի դեմս Եվրոպայի խորհրդի, ակնհայտ է, ու կարելի է ասել, որ այլ ձևաչափում Մինսկի խմբի ինչ-որ «իրավահաջորդ» է գործում, որովհետև իմ նշած հարթակներում տեղի ունեցող գործընթացներն ընդունում են բոլոր կողմերը, ընդ որում՝ նաև Մինսկի խմբի նախկին համանախագահ երկրները։ Սա նշանակում է, որ Մինսկի խմբի «իրավահաջորդության» ինչ-որ տրամաբանություն կա, որում գործընթացն աշխատում է։

– Եթե կողմերը խաղաղության պայմանագրի շուրջ ընդհանուր հայտարարի չեն գալիս, ի՞նչ կարելի է ակնկալել, ի՞նչ է հաջորդելու դրան։

– Շատ կարևոր կետ կա, որի վերաբերյալ բավական դժվար է պատկերացում կազմել, դա այն է, որ վերջնական հանգուցային մի իրավիճակ, այլ կերպ ասած՝ վերջնակետ, այս պահին չի դիտարկվում։ Զարգացման նման նախադրյալներ չկան, որ եթե կողմերը համաձայնության չեկան, տեղի է ունենալու այս կամ այն։

Ընդհակառակը՝ ամենահավանական կանխատեսումն այն է, որ գործընթացը դեռ շարունակվելու է, ինչի ընթացքում նման շփումները շարունակվելու են, իսկ թե դրանք ուր են տանելու՝ կախված է ամբողջ աշխարհում կատարվող իրադարձություններից, որոնց հանգուցալուծումն այս պահին ևս չի երևում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am