Լավ կյանք, աշխատանք, տնտեսություն. Ընտրությունների նախօրեին կուսակցությունները խոստումներ են շռայլում

Լավ կյանք, աշխատանք, տնտեսություն. Ընտրությունների նախօրեին կուսակցությունները խոստումներ են շռայլում
Լավ կյանք, աշխատանք, տնտեսություն. Ընտրությունների նախօրեին կուսակցությունները խոստումներ են շռայլում

Քաղաքական գործիչները խոստանում են բարելավել սոցիալական պայմանները եւ նոր աշխատատեղեր ստեղծել, սակայն պարզ չէ, թե արդյոք նրանց խոստումները կյանքի կկոչվեն ընտրություններից հետո:
Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն առաջին անգամ երկարատեւ դադարից հետո,առավելապես կենտրոնանում են սոցիալական եւ տնտեսական խնդիրների վրա`արտաքին քաղաքականության փոխարեն:
Կուսակցությունների որդեգրած մոտեցումներում տեղ գտած նման փոփոխությունները զարմացրել են փորձագետներին, որոնց համար վաղուց արդեն սովորական երեւույթ է դարձել այն, որ կուսակցությունները փորձում են անընդհատ շահարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, հայոց ցեղասպանությունը եւ հարաբերությունները Թուրքիայի հետ: Սակայն վերլուծաբաններից շատերն այն կարծիքին են, որ կուսակցությունների խոստումները պոպուլիստական բնույթ են կրում եւ առավելապես ուղղված են պետական ծախքերի ավելացմանը, հստակ ֆինանսական ծրագրերի բացակայության պայմաններում:
«Այս անգամ 3-4 կուսակցություններ ընտրողներին հստակ հաշվարկներ պարունակող ծրագրեր են ներկայացրել, ես նման բան չեմ հիշում նախկին ընտրությունների ժամանակ», – ասում է «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը, – «Փաստորեն, ներկայացված ծրագրերը բազում ընդհանրություններ ունեն: Որպես կանոն, խոսքը վերաբերում է աշխատատեղեր ստեղծելու մասին խոստումներին: Միեւնույն ժամանակ, նրանք մոռանում են այն մասին, որ առջեւում խորհրդարանական ընտրություններն են, իսկ խորհրդարանը աշխատատեղեր չի ստեղծում»:

 

Ընտրություններին մասնակցելու են 8 կուսակցություններ եւ մեկ ընդդիմադիր դաշինք, որը մի շարք փոքր կուսակցություններ է ներառում: Հասարակական հարցումների արդյունքների համաձայն`խորհրդարանական տեղերի համար պայքարի հավանական հաղթողները, նախ եւ առաջ, իշխող կոալիցիայի մասը կազմող երեք կուսակցություններն են`Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր», նրանց հաջորդում են Հայ ազգային կոնգրեսը, «Դաշնակցությունը» եւ «Ժառանգությունը»:

«Շանթ» հեռուստաընկերության պատվերով Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի անցկացրած հարցման համաձայն`մարդկանց մեծամասնությունը առաջնահերթ է համարում սոցիալական խնդիրների լուծումը: Հարցվողների 51 տոկոսին ամենից շատ անհանգստացնում է գործազրկությունը, իսկ 25 տոկոսը բողոքում է վատ կենսապայմաններից:

Պաշտոնական տվյալներով`գործազրկության մակարդակը երկրում կազմում է 6,2 տոկոս, սակայն այս ցուցանիշը չի վերաբերում հսկայական թվով աշխատանքային միգրանտներին, ովքեր լքել են երկիրը գումար վաստակելու ակնկալիքով:

Իշխանությունները եւ ընդդիմադիր կուսակցությունները որոշել են արձագանքել գոյություն ունեցող մտահոգություններին`այնպիսի փոփոխությունների ենթարկելով իրենց նախընտրական ծրագրերը, որպեսզի դրանք բավարարեն եղած պահանջները:

«Տնտեսական զարգացումն ուղղված է լինելու մարդկանց աշխատանքով եւ պատշաճ եկամտով ապահովելուն: Այժմ, երբ ձեւավորվել են պետական եւ ազգային անվտանգության մարմինները, մենք կարող ենք կենտրոնանալ յուրաքանչյուր քաղաքացու խնդիրների լուծման եւ կենսապայմանների բարելավման վրա», – հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը Սիսիանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Կովկասի ինստիտուտի փորձագետ Տաթեւ Սարգսյանը նշում է, որ կուսակցությունները բազում խոստումներ են տալիս, «սակայն հազվադեպ են պատասխանում այն հարցին, թե ինչպես են այդ ամենը իրականացնելու: Բոլոր քաղաքական ուժերն անդրադառնում են քաղաքացիների ծանր սոցիալական դրությանը, գյուղական համայնքների, փոքր եւ միջին ձեռնարկատերերի խնդիրներին, սակայն քչերն են համակարգային բարեփոխումներ առաջարկում»:

«Օրինաց երկիր» կուսակցությունը, օրինակ, «խոսում է բազմաթիվ սոցիալական բարեփոխումների մասին`թոշակները եւ աշխատավարձերը բարձրացնելու, աշխատատեղեր ստեղծելու, նպատակային ծրագրերի մշակման եւ իրականացման մասին բազում առաջարկներ է ներկայացնում, սակայն ինչպիսի ծրագրեր են դրանք եւ ինչպես են դրանք իրականացվելու, հայտնի չէ», – ասում է Սարգսյանը:

Ընդդիմադիր կուսակցությունները նույնպես լավատեսական խոստումներ են աջ ու չախ շռայլում:

Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է կրկնապատկել թոշակները եւ հասցնել միջին աշխատավարձի չափը 245 հազար դրամի: ՀԱԿ-ի անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշում է, որ այս ծրագրերը հնարավոր է իրականացնել օլիգարխներին հարկային դաշտ բերելու եւ մենաշնորհները վերացնելու միջոցով:

«Մենք աշխատատեղեր չենք խոստանում, այլ պայմաններ ենք ստեղծում ինքնազբաղվածության համար: Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ամեն տարի հայտարարում էին 50 000-100 000 աշխատատեղերի ստեղծման մասին, սակայն վերջին 12 տարվա ընթացքում գործազուրկներ թիվը 80-90 հազարից հասել է 302 հազարի: ՀԱԿ-ը իր հերթին նշում է, որ 500 աշխատատեղ կստեղծի ձեռնարկատերերի համար`մենաշնորհները վերացնելու միջոցով, ինչը թույլ կտա մարդկանց ակտիվորեն ներգրավվել տնտեսական գործունեության մեջ», – ասում է Բագրատյանը:

«Դաշնակցություն» կուսակցության անդամ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արսեն Համբարձումյանը նշում է, որ խորհրդարան անցնելու դեպքում, սոցիալական ուղղվածություն ունեցող իր կուսակցությունը պատրաստվում է 200-220 հազար աշխատատեղեր ստեղծել, առնվազն 4 անգամ ավելացնել ոստիկանության, զինված ուժերի ներկայացուցիչների եւ առողջապահության համակարգի աշխատակիցների աշխատավարձերը եւ զգալիորեն ավելացնել մանկական նպաստները:

Նույնատիպ խոստումներ է տալիս նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը`ստեղծել բազմաթիվ աշխատատեղեր, բարձրացնել միջին աշխատավարձը մինչեւ 200 հազար դրամ, իսկ նվազագույնը`մինչեւ 80 հազար:

Փորձագետները, սակայն, կասկածում են`արդյոք աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ խոստումները ընդհանրապես հնարավոր է կյանքի կոչել:

«Աշխատողների առնվազն կեսի`550 հազար մարդկանց աշխատավարձը չի գերազանցում 80 հազար դրամը: Ընդդիմությունը գիտի այդ մասին, եւ փորձում է մարդկանց մոլորեցնել: Նվազագույն աշխատավարձի կտրուկ բարձրացումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ, կաճի ստվերային տնտեսությունը եւ գաղտնի զբաղվածությունը, գնաճի միտում կդրսեւորվի: Միջին աշխատավարձը հնարավոր կլինի բարձրացնել միայն գործազրկության կրճատման եւ աշխատանքային արտադրողականության աճի հաշվին, սակայն դա հնարավոր չէ անել մեկ ամսվա կամ տարվա ընթացքում, երկարաժամկետ քաղաքականություն է անհրաժեշտ», – ասում է Երեւանի պետական համալսարանի դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու Կառլեն Խաչատրյանը:

Նա նշում է, որ կուսակցությունները պետք է խուսափեն պոպուլիստական խոստումներից, որոնք կարող են ավելի շատ վնասել, քան օգուտ բերել:

«Կարճաժամկետ կտրվածքով ստվերային տնտեսության եւ մենաշնորհների հետ պայքարը չի կարող արդյունավետ լինել, համակարգային, հետեւողական քայլեր են հարկավոր: Ինչ վերաբերում է թվերի հրապարակմանը եւ հանդիսավոր հայտարարություններին, եւ´ մեկը, եւ´մյուսը կարելի է պոպուլիզմի դրսեւորում համարել, եթե դրանք զուրկ են լուրջ վերլուծական հիմնավորումներից», – ասում է Խաչատրյանը:

Իսկ կուսակցություններն այժմ պետք է համոզեն շարքային ընտրողներին, որ կկատարեն իրենց խոստումները: Օրինակ, Երեւանի 56-ամյա բնակչուհի Ռիտա Կարապետյանը մեծ սպասելիքներ չունի խորհրդարանական ընտրություններից:

«Բոլորը միայն աջ ու ձախ ոսկե սարեր են խոստանում`բարձր աշխատավարձ, նպաստ, իսկ երբ իշխանության են գալիս, ամեն ինչ մոռանում են: Արդեն հոգնել եմ նրանց լսելուց: Չէ՞ որ նրանցից շատերը ժամանակին իշխանության ղեկին են եղել, իսկ մյուսները`գործող իշխանություններն են ներկայացնում, սակայն զգալի փոփոխություններ չեն եղել. թող փորձեն նման աշխատավարձով եւ թոշակներով ապրել», – դժգոհում է նա:

 

Նաիրա Մելքումյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):