«Ես ՔՊ-ի ներքին դեմոկրատիային չեմ հավատում. եթե Փաշինյանն ուզի, վերահաշվարկ կանեն». Ազատ Արշակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը

– Պարո՛ն Արշակյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության` նախորդ շաբաթ կայացած ընտրության արդյունքները կեղծվել են։ Նախօրեի ուշ երեկոյան մեկնարկած և ողջ գիշեր տևած վերահաշվարկի արդյունքում նորընտիր վարչության կազմում փոփոխություններ են արվել՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել վարչության կազմից` իրենց տեղը զիջելով Արսեն Թորոսյանին և Արմեն Փամբուխչյանին։ Արդյոք սա չի՞ խոսում այն մասին, որ ժողովրդավարության մասին շարունակ խոսող, թմբկահարող ուժի ներսում հենց այդ առումով խնդիր կա։

– Նախևառաջ ես կասեի, որ զարմացա, վրդովվեցի, որ հայ ժողովրդի 53 տոկոսը կին է, իսկ ՔՊ վարչությունում միայն մեկ կին է: Պետք է վարչությունում գոնե 53 տոկոսը կանայք լինեին։ Մենք ՔՊ կանանց արդեն ճանաչում ենք, նրանք ակտիվ են և պատվով են կատարում իրենց քաղաքացիական և քաղաքական գործը։ Մենք դա տեսնում ենք որպես քաղաքացի։ Հիասթափված եմ, որ ընդամենը մեկ կին է վարչության կազմում։

Ինչ վերաբերում է վարչության ընտրություններին. քանի որ ներքին պայքար չկա, կարծում եմ՝ նույնիսկ դա ձևական է: Կարող էր Նիկոլ Փաշինյանը ցուցակը գրեր, և միաձայն կանցնեին, ինձ մոտ նման տպավորություն է։ Բոլորը ուզում են դուր գալ Նիկոլ Փաշինյանին, բոլորը ուզում են ասել, անել այն, ինչ ուզում է Փաշինյանը։

Այնպես որ, ես կուսակցական ներքին դեմոկրատիային չեմ հավատում, այնտեղ նույնիսկ կարծիքներ չկան, կա մեկ կարծիք, մյուսները տարածում են կամ պաշտպանում են այդ կարծիքը։ Նիկոլ Փաշինյանը, ըստ երևույթին, ցուցակը նայելուց հետո ասել է՝ նորից նայեք, վերահաշվարկ արեք: Եթե Փաշինյանն ուզի, որ այդ 15 հոգուց 14-ը չպետք է լինեն վարչության կազմում, ապա հանձնաժողովը կվերահաշվարկի և կպարզի, որ 14 հոգին չեն անցել, ուրիշ 14-ն են անցել:

ՔՊ-ն շատ անելիք ունի, պետք է ազատ, թափանցիկ ընտրությունների օրինակ լինի, իսկ հիմա իրենք բացասական օրինակ են, չի կարելի այդպես։ Այս ընտրությունը ծանր հետևանք կունենա իրենց կուսակցության համար։ Կուսակցությունը ներկայանալի չէ, գեղեցիկ չէ, մրցակցային չէ։

– Հնարավո՞ր է՝ այս պատմությունից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» սկսի ներսից ճաքեր տալ, տարբեր թևեր իրար դեմ դուրս գան:

– Չի տա ճաքեր, քանի որ դրա համար մրցակցություն պետք է լինի, այնտեղ տեղի համար պայքար պետք է լինի: Տեղի համար պետք է պայքարեն, գաղափարներ բերեն, գործունյա լինեն, աշխույժ լինեն, և, ինչու չէ, քաղաքական ինտրիգ էլ պետք է լինի։ Մենք պետք է տեսնենք դա։

ՔՊ-ն այս իմաստով բացասական օրինակ է մյուս կուսակցությունների համար։ Միայն կանանց պակասը արդեն աղետ է։ Ձեր տներում չկա՞ն կանայք, ումից եք ծնվել, ձեր երեխաներին ովքեր են ծնում, մորաքույր, հորաքույր չունե՞ք, նրանք ձեզ խելացի բաներ չե՞ն ասում, այդ կանայք պետք է մեղմացնեին նրանց որոշումները։ Կանայք իրենց հետ բերում են բարեկրթություն, համարձակություն են տալիս, մրցակցություն են առաջացնում իրենց ներկայությամբ արական սեռի մոտ։

– Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում իշխող կուսակցությունում տիրող իրավիճակը:

– Իշխող քաղաքական ուժը պետք է առողջ, ուժեղ և մարտունակ լինի՝ մարտահրավերներին դիմակայելու համար: Իրենք պետք է ուժեղ լինեն, կարծիքներ ունենան, ներսում բազմակարծություն լինի, այլընտրանքների առկայությունը ճիշտ վճիռ կայացնելու պայման է։ Ճիշտ վճիռ կայացնելով՝ նրանք կհաղթահարեն մարտահրավերները: Իսկ ո՞վ ասաց, որ մենք դրախտում ենք ապրում, մեզ վաղուց են դրախտից արտաքսել։ Այնպես որ, հարկավոր է պայքարել, հաղթահարել դժվարությունները։

ՔՊ-ն անարդյունավետ կառավարման հրաշալի օրինակ է։ Ո՞վ է կազմակերպել ՔՊ վարչության ընտրությունները, ո՞վ է կազմել հավակնորդների ցուցակը։ Անգամ մեր կաղ Սահմանադրությունը պարտադրում է 25-30 տոկոս կանանց ներկայություն ԱԺ-ում և այլ պետական հաստատություններում։

– Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը կրկին հանրահավաք են կազմակերպում նոյեմբերի 5-ին: Ինչպե՞ս եք գնահատում նրանց գործունեությունը, ի՞նչ սպասել դրանից:

– Բնական է, որ նրանց կողմից հանրահավաքներ պետք է լինեն, բա հո Ռուսաստանը հենց այնպես չի՞ հեռանալու, դիմադրելու է: Բայց չեմ կարծում, որ աղետ է լինելու։ Եթե սկսել են, թող շարունակեն, լյուստրացիա անեն: Հանրահավաք անում են նրանք, ովքեր դժգոհ են ժողովրդավարությունից, ինքնիշխանությունից, լյուստրացիայից և հակակոռուպցիոն քաղաքականությունից։ Նրանք Ռուսաստանին ասելիք ունեն:

Դրանք այն ուժերն են, որոնք կորստի կողմ են, նրանք համաձայն չեն, որ Հայաստանը ինքնիշխան լինի, ժողովրդավարություն լինի, վտանգ են տեսնում, ուզում են հետ գնան, վերադառնան իրենց համար հարազատ կարգ ու կանոններին, դրա համար էլ միտինգ են անում: Դեռ տեռոր էլ կլինի, նրանք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում, դրա համար անհրաժեշտ է ճիշտ և արդյունավետ կառավարում, հակառակորդը չի նիրհում։

Մանե Հարությունյան

MediaLab.am