Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը, թե չեն կարողանում գտնել հայտնի գաղտնալսման գործով հետքերը, կոտրում է այն միֆը, թե ԱԱԾ-ն ամենակարող կառույց է: Մյուս կողմից էլ՝ ԱԱԾ տնօրենի նման հայտարարությունը կարող է նշանակել, որ Հայաստանի հատուկ ծառայություններն այնքան էլ պրոֆեսիոնալ չեն: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նրա խոսքով՝ միշտ տպավորություն է եղել, թե ԱԱԾ-ն ամենատեղյակ, ամեն ինչ տեսնող ու լսող կառույց է: Եվ հասարակության մոտ միշտ սարսափ է առաջացրել այդ կառույցի գործունեությունը:
«Նույնիսկ քաղաքակիրթ հասարակություններում, որտեղ պարտադիր պետք է լինեն նման ծառայություններ, միևնույն է, հասարակությունն այդ ծառայությունների մասին մեծ դրական կարծիք չունի: Եվ Հայաստանի ԱԱԾ տնօրենի այս հայտարարությամբ կոտրվում է այն միֆը, որ այդ ծառայությունն ամենակարող չէ: Եթե իսկապես դա այդպես է, որ չեն կարողանում գտնել գաղտնալսման հետքերը, այդտեղից երկու հետևություն կարելի է անել՝ կա՛մ այդ կառույցն ամենակարող չէ, կա՛մ մեր հատուկ ծառայություններն այնքան էլ պրոֆեսիոնալ չեն»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով իրեն և Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանին գաղտնալսելու գործին, նոյեմբերի 28-ին լրագրողներին ասել էր, թե ԱԱԾ-ն գաղտնալսող անձանց մոտավոր շրջանակը գիտի, բայց չի կարողանում փաստաթղթավորել, փաստերով դուրս գալ հետքերի վրա:
«ԱԱԾ-ն իրականացնում է օպերատիվ աշխատանք, օպերատիվ աշխատանք իրականացնելու ժամանակ ԱԱԾ-ի հետ գաղտնի հիմունքներով համագործակցում են տարբեր անձինք, որոնց աշխատանքը չի երևում, բայց նրանց դերն անգնահատելի է: Այդ մարդկանցից օպերատիվ եղանակով ստացվում է տեղեկատվություն, այն ստացվում է, բայց, ցավոք սրտի, հնարավոր չի լինում փաստաթղթավորել այդ տեղեկատվությունը, փաստագրել, այսինքն՝ ունենալ հստակ տվյալներ, որոնք կարող ես տրամադրել քննչական մարմնին: Մարդիկ, ովքեր արել են այդ գործը, ի սկզբանե իմացել են, որ ԱԱԾ-ն ու ողջ իրավական համակարգը ջանք ու եռանդ չեն խնայելու այդ գործը բացահայտելու համար: Եվ իրենք շատ լավ են պատրաստված եղել, հետքեր չեն թողել, ցավոք սրտի, որով կարող ենք մեղադրանքներ ներկայացնել տարբեր մարդկանց»,- ասել էր Վանեցյանը:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասում է, որ զարմանալի է, որ չեն կարողացել հետքերը գտնել: Այդ զրույցը ձայնագրվել է Հայաստանում, ոչ թե Հայաստանից դուրս: «Ուրեմն Հայաստանում գոյություն ունի մի կառույց կամ անձ, որն ավելի զորեղ է, քան հատուկ ծառայությունը, որ կարողացել է այդ խոսակցությունը ձայնագրել: Բնականաբար, ես կարծում եմ, եթե այդ անձը կամ կառույցն այդքան զորեղ չլիներ, այդպիսի համարձակության չէր դիմի՝ իմանալով, որ կարող է բռնվել»,- ասում է Իշխանյանը:
Իրավապաշտպանը նաև ասաց, որ հարցեր ունի հատուկ ծառայություններին:
«Եթե չեն կարողանում գտնել, այդ դեպքում արդյոք ԱԱԾ-ն պե՞տք է ներողություն խնդրի Yerevatoday լրատվական կայքից՝ հրապարակային այդ նվաստացման համար: Բնական է, որ ինչ-որ գործողություններ պետք է կատարվեին, բայց այդպիսի մեթոդով գնալ ցուցադրական, ինչպես իշխանափոխությունից հետո աշխատում է ԱԱԾ-ն, ընդունելի չէ: Ես այդ ոլորտին առնչվող մեկ ուրիշ հարց էլ ունեմ՝ իսկ ի՞նչ եղավ գեներալ Մանվել Գրիգորյանի՝ մեկուսարանում արված լուսանկարի հետքերով ծառայողական քննությունը: Պետք է կատարվեր ծառայողական քննություն, եթե հարկ լիներ, քրեական հետապնդում պետք է իրականացվեր: Հարցս հետևյալն է՝ այդ ուղղությամբ քննություն գնացե՞լ է, թե՞ այդ դեպքում ևս ԱԱԾ-ն անկարող էր բացահայտումներ անել, քանի որ շատ պրոֆեսիոնալ էին գործել»,- ասաց Իշխանյանը:
ԱԱԾ տնօրեն Վանեցյանը գաղտնալսման գործի վերաբերյալ ասել էր, որ ոչ մեկի մտքով չի անցել, որ կարող են գաղտնալսել երկրի ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին: «Ավելին, մեր մտքով չի անցել, որ այդ խոսակցությունները կսարքեին հրապարակային»,- ասել էր նա: Այս հայտարարությանն ի պատասխան Ավետիք Իշխանյանն ասաց. «Դրան պատասխանեմ այսպես՝ առանց մեկնաբանության»:
Իրավապաշտպանի խոսքով՝ այդ գաղտնալսումն ուղերձ չէր իրավապահ մարմիններին, դա ուղերձ էր հասարակությանը և մտնում էր քաղաքական պայքարի տրամաբանության մեջ: «Եթե հետհեղափոխական կամ լարված վիճակ չլիներ Հայաստանում, ապա քիչ հավանական էր, որ նման գաղտնալսում լիներ: Սա քաղաքական ենթատեքստ ուներ»,- ասաց նա:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ պետական պաշտոնյաներին զգոնության կոչ է անում՝ նշելով, որ նրանց ամեն պահ կարող են գաղտնալսել:
«ԱԱԾ տնօրենն ասում է՝ դեռ չեն կարողացել գտնել, հետքի վրա չեն կարողացել դուրս գալ: Ավելի լավ է իրենք ասեն իրականությունը, քան թաքցնեն կամ կեղծ լուրեր տարածեն»,- «Մեդիալաբին» ասում է Վարդան Հարությունյանը: Նրա խոսքով՝ ինքն այդ հայտարարությունը գնահատում է այն համատեքստում, որ ԱԱԾ հնարավորությունները չեն բավականացնում գտնել գաղտնալսումն իրականացնողներին:
Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի այն հայտարարությանը, թե ոչ մեկի մտքով չի անցել, որ կարող են գաղտնալսել երկրի ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին, Վարդան Հարությունյանն ասում է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետք է իմանան, որ իրենք միշտ էլ գաղտնալսման վտանգի տակ են:
«Դա միայն Հայաստանի պաշտոնյաներին չի վերաբերում, ամբողջ աշխարհում է դա տեղի ունենում: Դրա համար էլ պետական պաշտոնյաներն իրենց հեռախոսային խոսակցություններում ու ընդհանրապես իրենց վարքագծում պետք է զգույշ լինեն և միշտ իմանան, որ իրենց կարող են գաղտնալսել»,- ասաց Վարդան Հարությունյանը՝ հավելելով, որ այդ գաղտնալսումը քաղաքական նպատակ էր հետապնդում և կապված է 2008 թվականի հայտնի դեպքերի հետ:
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am