Նույնիսկ պատերն ականջ ունեն

Նույնիսկ պատերն ականջ ունեն
Նույնիսկ պատերն ականջ ունեն

Չեմ հիշում, թե վերտառության մեջ առկա միտքն ի՛նչ ծագում ունի: Բայց գիտեմ, որ նույնիսկ միջնադարում մարդիկ զգուշանում էին անգամ պատերից: Հասկանալի է, թե ի՛նչ իմաստ էին դնում դրա մեջ: Ասում են՝ քարը հիշողություն ունի: Ձայն է հիշում: Չեմ հավատում, քանի որ չեմ ստուգել:

Հրապարակվեց աղմկահարույց ձայնագրության երկրորդ սերիան: Ավելի ճիշտ կլինի ասել՝ առաջինի նախերգանքը կամ իրականում առաջինը, որից բխում էր մնացյալը: Սույն ակնարկի իմաստը բնավ մեղավորներ փնտրելը, դրանց գտնելը կամ պատժելը չէ: Քավ լիցի, դրա համար կա ԱԱԾ, որի տնօրենին գաղտնալսում են: Հետաքրքիր օրեր ենք ապրում: Ինչ-որ տեղ զավեշտը և ողբերգությունը միախառնվում են, ու չենք կարողանում զատել դրանց սահմանը:

Պնդեմ հետևյալը. ինձ բնավ հետաքրքիր չէ, թե ո՛վ է կազմակերպում այս գաղտնալսումները: Նա, ով անում և տարածում է այս ամենը, չի գործում միայն Նիկոլ Փաշինյան անձի դեմ: Նա գործում է Հայաստանի Հանրապետության դեմ: Ու պետք է ստանա իր հասանելիք պատիժը:

Գիտե՞ք, ստեղծվում է աբսուրդ վիճակ: Մեր ԱԱԾ-ն հանգիստ կարող է վերահսկել ցանկացածիս սենյակից զուգարան ոչ այդքան բարդ ու բազմաթիվ անձնական տարրեր պարունակող «ճամփորդությունը», բայց չի կարողանում բացահայտել երկրի թիվ մեկ դեմքի ու կարևորագույն ուժային կառույցի ղեկավարի խոսակցությանը ականջ դնողին:

XXI դար: Կրկնեք բարձր: Տեխնոլոգիաների դարաշրջան: Ինչքան շատ ենք մենք օգտվում այդ զարգացած տեխնոլոգիաներից, այդքան շատ է նվազում մեր անձի գաղտնիությունը: Այդքան շատ ենք դառնում խոցելի և թափանցիկ: Այդ մասին գիտի անգամ այն ութ տարեկան երեխան, երբ համացանցով որևէ խաղ է խաղում: Հարցրեք նրանց:

Իսկ այժմ գանք ըստ էության: Պատկերացրեք, որ այս խոսակցությունը, նման բովանդակությամբ, վարում էին նախկին իշխանության դեմքերը: Հավասարազոր եզրերով, նույն հարգանքով, Դուք և բնույթով: Պատկերացրեցի՞ք: Դե հիմա պատկերացրեք ընդդիմության, քաղաքացիական հասարակության ու մնացած՝ զուգահեռ գործող վերլուծագանգերի և այլոց աղմուկը: Անասելի է: Բայց հիմա նրանք լռում են:

Բոլորն են լռում:

Փաստարկը թվացյալ լուրջ է. չենք ուզում նախորդների ջրաղացին ջուր լցնել: Եթե խոսենք, կօգնենք Երկրորդին: Երկրորդը մի տեսակ դարձել է Մեշոկ պապի: Հիշո՞ւմ եք հին ու բարի Մեշոկ պապիին, որով վախեցնում էին չքնող երեխաներին: Եվ հիմա մեր հասարակության զգալի հատվածը նմանվում է մի երեխայի, որին վախեցնում են Երկրորդով՝ մերօրյա Մեշոկ պապիով: Կարող էր նույնիսկ ծիծաղելի լինել, եթե այսքան ողբերգական չլիներ:

Ինձ համար այդ խոսակցության բնույթից առնվազն պարզ է, որ գործադիր իշխանության ղեկավարը տեղյակ է քրեական գործերից: Որ դատական համակարգն անկախ չէ, որ հնչեղություն ունեցող յուրաքանչյուր գործ անցնում է համապատասխան սենյակներով: Որքան էլ դա լինի մեր՝ հասարակության պահանջը, ամեն դեպքում, այն չի կարող խուսափել քաղաքական աստառից:

Սա պարզ էր ի սկզբանե: Բայց կարիք չկա մեզ խաբելու: Կարիք չկա ասելու, թե դատավորները երկրի համար առաջին դեմքից հրահանգ չեն ստանում: Գուցե անցումային այս փուլում շատ էլ լավ կլիներ, եթե այդ հրահանգները ստանային ու ավելի դուխով մոտենային հայտնի գործերին:

Եվ ի վերջո, խոստացել ենք, չէ՞, միմյանց հանդեպ լինելու ենք անկեղծ: Ասում ենք՝ ստի ու կեղծիքի իշխանությունը վերջացել է: Եկեք լինենք անկեղծ: Թող դիմեն ժողովրդին ու ասեն, որ Հայաստանում արդարություն հաստատելու համար մեզ անհրաժեշտ է տիրանիա: Եվ հայցեն տիրանոսի կոչում: Այս փուլում հանրույթի մեծ մասը կանի այդ շնորհը:

Ինչպես կասեր դասականը՝ «Սա ի՞նչ է, սա նույնիսկ խենթանոց էլ չէ, սա մանկապարտեզ է»:

Ամեն դեպքում հիշե՛ք՝ պատերն էլ ականջ ունեն:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am