Դասախոս՝ 110 հազար, իսպաներենի ու անգլերենի իմացությամբ ղեկավար՝ 80 հազար դրամ աշխատավարձով. Հայաստանի աշխատաշուկայի խնդիրները

«Պահանջվում է դասախոս 110 հազար դրամ աշխատավարձով, զբաղվածությունը՝ լրիվ». զբաղվածության Երևանի տարածքային ստորաբաժանման կայքում տեղադրված հայտարարություններից է: Նույն կայքում տեղադրված մեկ այլ հայտարարությամբ Երևանում պահանջվում է «Ենթակառուցվածք» ծառայության ղեկավար, որը կունենա 15 տարվա աշխատանքային փորձ օդանավակայանի զարգացման ոլորտում, գերազանց կտիրապետի անգլերենին ու իսպաներենին, իսկ գործատուն նրան խոստանում է 80 հազար դրամ աշխատավարձ:

Արարատի մարզում բանվորի պահանջարկն է շատ, որին ամսական խոստանում են 100-130 հազար դրամ աշխատավարձ:

Աշխատանքի տեղավորման հայտարարությունները, ըստ Երևանի ու մարզերի, այս կայքում շատ են: Միաժամանակ աշխատանք փնտրողների թիվն է այս տարի ավելացել: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 89.1 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.6%-ով։ 

Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 38.3%-ը կամ 34.2 հազար մարդ՝ նախորդ տարվա 33,3 հազարի փոխարեն:

Գնալ խոպա՞ն, թե՞ մնալ Հայաստանում

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, նախկին ուսուցչուհի Գայանե Սիմոնյանին Ռուսաստան արտագնա աշխատանքի տարել է հենց անհամեմատ ցածր աշխատավարձը: «Ինձ բերել է Մոսկվա հիմնականում աշխատավարձի չափը»,-«Մեդիալաբին» ասում է Գայանեն:

Մոսկվայում նա դայակ է, ընտանիքներում երեխաներ է խնամում, և ինչպես ինքն է ասում՝ արժանապատիվ աշխատավարձ է ստանում, մինչդեռ նման աշխատանքի համար Հայաստանում վարձատրությունը 80-120 հազար դրամ է: «Ես կարողացա Մոսկվայում աշխատելով շատ հոգսեր հոգալ, պարտքեր ու վարկեր փակել: Դրա համար այստեղ բոլորս ոտքներս կախ ենք գցում, ասում ենք՝ մի տարի էլ, երկու տարի էլ աշխատենք ու վերադառնանք Հայաստան: Բայց ինչ էլ լինի, ես իմ առաջ պայման եմ դրել՝ այստեղ կմնամ ամենաշատը երեք տարի»,- նշում է Գայանե Սիմոնյանը:

Նրա երեխաներն արդեն չափահաս են դառնում, ասում է՝ իրենք էլ կսկսեն աշխատել, և եթե ընտանիքում մի քանի աշխատող եղան, արդեն կկարողանան Հայաստանում քիչ թե շատ նորմալ ապրել: «Եթե դու պարտք ու պահանջ չունենաս բանկերին, տանն էլ մի քանի աշխատող լինեն, կարծում եմ՝ մինիմալ կապրենք: Չեմ ասում՝ ճոխ, բայց մինիմալ կապրենք: Դրա համար որոշել եմ՝ երեք տարի ու վերջ եմ դնելու էս խոպանչահայի պատմությանը»,- ասում է Սիմոնյանը:

Օրերս Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում բոլոր ոլորտներում հազարավոր աշխատատեղերի խնդիր կա, որը պետք է լուծել: Վարչապետը, սակայն, չխոսեց այդ աշխատատեղերի վարձատրության ցածր չափի մասին: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նկատում է՝ Հայաստանում աշխատանքի ցածր վարձատրության խնդիր կա:

«Վերջերս մի միտում ենք նկատում՝ մեզ մոտ հաշվառված գործազուրկները չեն ցանկանում գնալ աշխատաշուկա: Խոսքը տարբեր աշխատավարձերի չափի մասին է, այո՛, կան բավական ցածր աշխատավարձեր, ընդունում եմ: Շատ հաճախ մենք գործատուներին հորդորում ենք այդ աշխատավարձերի նվազագույն շեմը բարձրացնել»,- «Մեդիալաբին» ասում է փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Բացի բանավոր հորդորից, Կառավարությունն այս պարագայում գործատուի վրա ներազդելու մեխանիզմներ չունի: Կան աշխատանքներ, որոնց աշխատավարձը 200 հազար դրամի է հասնում, ինչը փոխնախարարի խոսքով՝ սկսնակի համար քիչ չէ: «Ես, օրինակ՝ ցերեկը սովորում էի, գիշերը՝ հերթափոխներում աշխատում, ոչինչ միանգամից չի ստացվում: Սկսնակի, ուսանողի համար 90 հազար դրամից սկսելը միգուցե վատ տարբերակ չէ»,- ասում է փոխնախարարը:

Աշխատողին գործատուի կողմից առաջադրվող պահանջները, ըստ փոխնախարարի, տարբեր են՝ բարձրագույն կրթությունից մինչև նույնիսկ առանց կրթության, իսկ ոլորտները՝ սպասարկումից մինչև, օրինակ՝ ինժեներություն: Ավելին, կան գործատուներ, որոնք բացի աշխատավարձային ֆոնդից սոցիալական երաշխիքներ են տրամադրում, օրինակ՝ բժշկական ապահովագրություն, վերապատրաստումներ, կարիերայի աճ:

Մարդկային ռեսուրսների կառավարման փորձագետ Աննա Բարոյանը, որը ծառայություն է մատուցում շատ մասնավոր կազմակերպությունների, մատնանշում է մեկ այլ խնդիր՝ գործատուների պահանջները դժվարությամբ են բավարարվում Հայաստանի աշխատաշուկայում: Օրինակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ լավ մասնագետի փնտրտուք է:

«Այս ոլորտում աշխատանք փնտրողը հանդես է գալիս որպես միջին մակարդակի ծրագրավորող, բայց երբ նրա հետ տեխնիկական հարցազրույց են անում, պարզվում է՝ նրա գիտելիքները սկսնակ մասնագետի են, բայց նրա ֆինանսական ակնկալիքները՝ մեծ:

Խնդիրն այն է, որ գործատուները չեն կարողանում համապատասխան որակով բարձր մակարդակի կադր գտնել»,- «Մեդիալաբին» ասում է Աննա Բարոյանը:

Բայց, նրա խոսքով՝ մեկ այլ խնդիր է այն, որ շատ կազմակերպություններ վերցնում են աշխատանք փնտրողին, վերապատրաստում, մասնագիտացնում, սակայն վերջինը հմտանալուց հետո լքում է այդ կազմակերպությունը, և գործատուն կանգնում է փաստի առաջ: «Զրոյից պատրաստում են նոր մասնագետ, բայց վերջինը ինչ-որ փուլում որոշում է հեռանալ՝ հաշվի չառնելով, որ գործատուն իր վրա բավական մեծ ռեսուրս է ծախսել: Գործատուի նկատմամբ հարգանք չկա, ինչը, իմ կարծիքով, մասնագետներ պատրաստող կառույցների սխալն է: Մեր աշխատաշուկան խոր պատրաստված մասնագետների կարիք ունի»,- նշում է մարդկային ռեսուրսների կառավարման փորձագետը:

Աշխատողի համար շուկայում ամրանալու և փորձ ձեռք բերելու գործը առանձին դեպքերում պետությունն է իր վրա վերցրել: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն ասում է՝ եթե քաղաքացին ցանկանում է տվյալ աշխատատեղի համար փորձ ձեռք բերել ու համապատասխանել աշխատաշուկայի պահանջներին, դիմում է Միասնական սոցիալական ծառայություն:

«Քաղաքացին նշում է ոլորտը, և նրա համար գտնում ենք աշխատատեղը: Նա կարող է աշխատել, զուտ փորձ ձեռք բերել, իսկ պետությունը նրան վճարում է նվազագույն աշխատավարձ: Պրակտիկայի ծրագրի տևողությունը երեք ամիս է, ինչը հնարավորություն է տալիս աշխատողին և՛ փորձ ձեռք բերել, և՛ հասկանալ՝ արդյոք այդ աշխատանքն իրեն անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Այս պարագայում և՛ աշխատողն է օգտվում, և՛ գործատուն, որին որպես մենթոր պետությունն ամսական վճարում է 34 հազար դրամ»,- ասում է փոխնախարարը:

Աննա Բարոյանն ասում է՝ հայաստանյան խոշոր շինարարական կազմակերպություններից մեկը հմուտ մասնագետների, շինարարների էր փնտրում, չէր կարողանում գտնել: Հիմնական պատճառներից մեկը, ըստ փորձագետի, նման մասնագետների արտագնա աշխատանքի մեկնելն է: «Այդ մարդիկ գնում են, օրինակ՝ Ռուսաստան շատ մեծ աշխատավարձի ակնկալիքներով, բայց այնպես չէ, որ դրսում իրենց ակնկալած բարձր աշխատավարձն են ստանում: Օրինակ՝ ես շինարարական կազմակերպություն գիտեմ, որն իր աշխատողներին բարձր աշխատավարձ է վճարում, իսկ մարդիկ նախընտրում են գնալ Ռուսաստան, ապրել անհարմար պայմաններում, բայց չմնալ երկրում: Մյուս կողմից՝ դրսում կարող է աշխատավարձը բարձր լինել, բայց ծախսերն էլ են, չէ՞, մեծ ու թանկ»,- նշում է Բարոյանը:

Փոխնախարար Ռուբեն Սարգսյանն ասում է՝ վերջերս սկսել են ուսումնասիրել՝ որքա՞ն է Ռուսաստանում ու Հայաստանում աշխատավարձերի ու ծախսերի տարբերությունը, ինչը ստիպում է մարդկանց գնալ արտագնա աշխատանքի:

«Պետք է հասկանալ, որ արտագնա աշխատանքի դեպքում ծախսերը մի քանի անգամ գերազանցում են, օրինակ՝ կեցության հարցի լուծումը բավական լուրջ է, ինտեգրումը տվյալ երկրի հասարակությանը նույնպես լուրջ խնդիր է»,- ասում է փոխնախարարը:

Ի՞նչ անել

Ռուբեն Սարգսյանը տեղեկացնում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունն ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում են ծրագրեր կրթություն-աշխատաշուկա կապն ամրապնդելու համար: Մտադիր են այնպես անել, որ կրթության ոլորտը աշխատաշուկային համապատասխան, մրցունակ մասնագետներ պատրաստի: «Կարող եմ ասել, որ դա ոչ միայն մտադրություն է, այլ նաև փորձում ենք կիրառություն տալ ծրագրերին, որ ուսումնառության ընթացքում մարդը պրակտիկա անցնելով՝ բուհից դուրս գա որպես մրցունակ մասնագետ»,- տեղեկացնում է փոխնախարարը:

Բացի այդ, զբաղվածության ոլորտի ռազմավարություն են մշակում, որի նախնական տարբերակը ավարտելու են մարտ ամսին: Փոխնախարարի խոսքով՝ ռազմավարության գաղափարը մարդկային կապիտալի զարգացումն է՝ դպրոցից սկսած երեխաներին կանգնեցնել մասնագիտական կողմնորոշման ճիշտ ճանապարհին: «Անձի համար ոչ թե ծնողը պետք է մասնագիտություն ընտրի, այլ հենց ինքը»,- ասում է փոխնախարարը:

Մարդկային ռեսուրսների կառավարման փորձագետ Աննա Բարոյանը, բացի մասնագիտական կրթությունից, առաջարկում է անձի մեջ զարգացնել այսպես կոչված «փափուկ հմտությունները» (soft skills):

«Անձը պետք է ունենա քննադատական մտածողություն,հետևողականություն, կոմունիկացիայի և կոնֆլիկտների հաղթահարման հմտություններ, բարձր էմոցիոնալ ինտելեկտ: Երբ մարդը մտնում է աշխատանքի, պահանջվող տեխնիկական գիտելիքների պահանջը կարող է հեշտությամբ ծածկել, բայց նրա մեջ պետք է զարգացնել մոտեցումները, աշխատանքի հանդեպ նվիրվածությունն ու աշխատանքի հետևողականությունը: Բուհերի որդեգրած տեսական քաղաքականությունը պետք է փոխարինել պրակտիկայի ու նրանց տալ պրակտիկ քեյսեր, իրավիճակներ, որ հաղթահարեն դրանք»,- առաջարկում է փորձագետը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am