«Պաշտպանության նախարարի պաշտոնում Պապիկյանի նշանակումը քաղաքական լուծում էր, և իշխանությունը փորձում է այս կերպ լուծել խնդիրները». ռազմական փորձագետ

Պաշտպանության նախարարի պաշտոնում նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի նշանակումը միանշանակ չի ընդունվել, և ավելին, որոշ զարմանք է առաջացրել սոցիալական ցանցերում: Պապիկյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարկառուն դեմքերից է և համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջ ձեռքը:

Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի կարծիքով՝ սա քաղաքական նշանակում էր, ինչպես իշխանությունը վարվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Արարատ Միրզոյանի նշանակման դեպքում:

«Քաղաքական ճգնաժամի լուծման հարցում մենք տեսանք, որ իշխանությունը ընտրություններից հետո արտաքին գերատեսչության ղեկավար նշանակեց անմիջապես թիմից: Նույնը տեսնում ենք պաշտպանական ոլորտում. ճգնաժամի լուծման համար իշխանությունը իրականացնում է թիմից նշանակումներ կատարելու քաղաքականությունը»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետը՝ մեկնաբանելով կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունը:

Նրա խոսքով՝ կան շատ երկրներ, որոնց պաշտպանական համակարգերի ղեկավարները ամենևին էլ կապված չեն համակարգի հետ, և քաղաքական մոտեցում է դրսևորվում, ու այդ պաշտոնին նշանակվում են մարդիկ, որոնք կապ չունեն անմիջական այդ ոլորտի հետ:

«Սակայն դա էլ երաշխիք չէ, որ կարող է հաջողվել: Այդուհանդերձ, Պապիկյանը թիմում տարբերվում է նրանով, որ մինչև հիմա իր զբաղեցրած պաշտոններում բարձր էֆեկտիվություն է դրսևորել, և նրա հետ կապված սկանդալային իրավիճակներ շատ ավելի քիչ են եղել»,- նկատեց Հարությունովը:

2018-ին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո, ըստ փորձագետի, իշխանության ներսում կասկածներ են միշտ եղել պաշտպանական գերատեսչության լոյալության հետ կապված, և, փաստորեն, եղել է երկու մոտեցում՝ կամ նշանակել մարդու, որը հենց համակարգից է, կամ նշանակել մարդու, որը անմիջականորեն իշխանական թիմից է, լոյալության խնդիր չունի, ավելի ագրեսիվ վերահսկողություն կիրականացնի:

Մինչ այժմ մենք տեսնում ենք, որ գործել է առաջին տարբերակը, սակայն հավանաբար սահմանին երեկվա իրադարձությունները ստիպել են գործադիրի ղեկավարին կիրառել երկրորդ մոտեցումը՝ պաշտպանության նախարար նշանակել թիմից, որը ավելի վստահելի կլինի իր համար: Իշխանությունը փորձում է այս կերպ լուծել խնդիրները»,- նշեց Դավիթ Հարությունովը:

Նկատենք, որ նոյեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ որոշակի լարված իրավիճակ էր ստեղծվել, ինչի մասին պաշտպանության նախարարությունը կցկտուր տեղեկություններ էր հաղորդում: Սակայն այսօր արդեն Անվտանգության խորհուրդը տարածեց հայտարարություն՝ տեղեկացնելով, որ հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Ըստ նույն աղբյուրի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից:

«Լուրերը, թե ՀՀ ԶՈՒ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել, իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն»,- նշվում է Անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ:

Հայաստանում պաշտպանության նախարարների հաճախակի փոփոխությունները, ըստ փորձագետի, իրավիճակային գործընթացների արտացոլումն են: Բայց, ընդհանուր առմամբ, նրա խոսքով՝ պատերազմի հետևանքով առաջացել են գլոբալ խնդիրներ, որոնց լուծումը շատ հեռու է, քանի որ Հայաստանի ռեսուրսները չեն բավարարում դրանք լուծելու: «Հասարակությունն իր հերթին պահանջում է արագ լուծել այդ խնդիրները, իսկ կատարածն էլ չի բավարարում նրա ակնկալիքներին, արդյունքում առաջանում են խնդիրներ, չհասկացվածություն համակարգի նկատմամբ, հետևաբար ով էլ համակարգը ղեկավարի, միշտ էլ կլինեն բացթողումներ»,- նշեց Հարությունովը:

Ինչ վերաբերում է պաշտպանական գերատեսչության նոր ղեկավարի առաջիկա անելիքներին, ըստ Հարությունովի դրանք շատ են, նախ՝ բանակի ուժեղացումը, որն ավելի վառ արտահայտվեց պատերազմից հետո, հետո՝ սահմանային լարվածության թուլացումը: «Մեծ խնդիր է նաև համակարգում ենթակառուցվածքային խնդիրների լուծումը: Բայց ամենակարևոր հարցը հետագա ռազմավարությունն է, անհասկանալի է՝ մինչև հիմա ինչ խնդիր պետք է կատարեն զինված ուժերը նոր պայմաններում, քանի որ նախկին խնդիրների համակարգը՝ Արցախի պաշտպանությունը, փաստացի գոյություն չունի: Մարտահրավերների ծանր բլոկ է առաջացել, որը պետք է լուծել, բայց թե ինչքանո՛վ նոր նշանակումը կլուծի դրանք, անկեղծ աած, կասկածում եմ, որովհետև մեկ մարդու փոփոխությամբ դրանք դժվար լուծվեն»,- հավելեց մասնագետը:

 MediaLab.am