«Հայաստանի համար առանցքային է, որ դեմարկացիայի գործընթացը որևէ կերպ չկապվի արցախյան հարցի հետ». Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, գործադիրի այսօրվա նիստում վարչապետը հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններով է հանդես եկել ու ընդգծեց, որ դրանք իրենց համար, ըստ էության, ընդունելի են: Հայաստանի համար որքանո՞վ շահավետ կլինի նման գործընթացի մեկնարկը։

– Չափազանց բարդ է ասել՝ շահավետ կլինի՞, թե՞ ոչ, որովհետև մենք չենք տիրապետում այդ առաջարկությունների մանրամասներին, այսինքն՝ ի՞նչ է ներկայացնում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը,ինչպիսի՞ն են եղել նախորդ առաջարկները, որոնց մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարում է, որ Երևանի համար դրանք ընդունելի են, մեզ համար ելակետայինն այս հայտարարությունն է, իսկ մանրամասները հայտնի չեն, հետևաբար չենք կարող գնահատել ընդունելի լինել-չլինելու հանգամանքը։

Մի բան անկասկած է, որ հայ-ադրբեջանական լարվածության թուլացման միջոցը դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելն է, որը թույլ կտա կառավարել սահմանային իրավիճակը։

– Եթե ընդունենք, որ այդ գործընթացի հիմքում ընկած են լինելու 20-ական թվականների քարտեզները, ինչպես մի քանի անգամ նշել են իշխանության տարբեր ներկայացուցիչներ, ապա կարո՞ղ ենք ասել, որ դա շահավետ կլինի մեզ համար, ինչպես ասում են։

– Անձամբ ծանոթ չեմ այդ քարտեզներին, այսինքն՝ քարտեզագետ մասնագետների կարծիքներն ենք լսել այդ առնչությամբ ու եթե ապավինենք դրանց, ապա Հայաստանի համար, այո՛, շահեկան է համարվում այդ 20-ականների քարտեզների հիմքով արվող դեմարկացիան։ Բայց պետք է դիտարկենք նաև, որ դրանք հիմքն են գործընթացի, բայց որքան ես եմ պատկերացնում, այդ գործընթացը ենթադրում է բավական բազմաշերտ իրավական ու քաղաքական բաղադրիչներով ընթացք, որի ժամանակ կողմերն ունենալու են և՛ համաձայնություններ, և՛ անհամաձայնություններ, այսինքն՝ միայն քարտեզների ելակետով իրավիճակը գնահատելն էլ, չեմ կարծում, որ կարող է մեզ ամբողջական ու ստույգ պատկերը տալ։

Հայաստանի համար այդ գործընթացում առանցքային հարցը միայն քարտեզներն ու տարածքային բաժանումը չէ, առանցքային է նաև այն, որ այդ գործընթացը որևէ կերպ չկապվի արցախյան հարցի ու, մասնավորապես, կարգավիճակի հարցի հետ, իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանն էլ հենց դրան է ձգտում։

Թե երկու կողմի այս հակասական տեսակետներն ինչպիսի լուծում կստանան՝ չեմ պատկերացնում։ Հակված եմ մտածելու, որ Ռուսաստանը փորձում է իրավիճակը բերել քաղաքական գործընթացի մի դաշտ, որը թույլ կտա ավելի կառավարելի դարձնել պատկերն ու գրեթե բացառել ռազմական բախումները, որոնք հետո անհրաժեշտություն են առաջացնում կարգավորել իրավիճակը, ու, մեծ հաշվով, այդ անկայունությունը բեռ է դառնում Ռուսաստանի վրա: Իսկ այդ երկիրն այսօր լրջագույն հարցեր ունի ուկրաինական ուղղությամբ և Արևմուտքի հետ լրջագույն քննարկումների մեջ է, և շահագրգռված է, որպեսզի Կովկասում իրավիճակն իր համար լինի կայուն, որովհետև ինքն է համարվում այդ կայունության թիվ մեկ պատասխանատուն։

– Պարո՛ն Բադալյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին գրեթե նույնն ասաց, ինչ վերևում դուք, ու հայտարարեց, որ միջազգային հանրության համար արցախյան կամ հայ-ադրբեջանական սահմանային հարցերում չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում, կա լուծում կամ չլուծում։ Ի՞նչ է ենթադրում այս հայտարարությունը, ի՞նչ հասկանալ։

– Չեմ հասցրել ծանոթանալ այդ հայտարարությանն ամբողջությամբ, դրա համար չեմ փորձի գնահատել դա, բայց ասեմ կարծիքս ընդհանուր պատկերի առումով։

Միջազգային հանրության հետաքրքրությունը Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական խնդրի հանդեպ ամենևին էլ միատարր ու միարժեք չէ։

Օրինակ բերեմ․ լեհ-բելառուսական սահմանին որոշակի միգրացիոն անկարգությունները միջազգային հանրության համար շատ ավելի լուրջ մտահոգության առարկա են, քան հայ-ադրբեջանական սահմանին գրեթե պատերազմական գործողությունը, որ ծավալվում էր նոյեմբերի 16-ին, ու մենք սա տեսանք նաև արձագանքներով, երբ բոլոր դերակատարները կոչ էին անում երկու կողմին ու նշում էին, որ պետք է գալ բանակցային սեղանի շուրջ, այդ թվում նաև՝ սահմանագծման հարցով։

Այսինքն՝ թե՛ Մինսկի խմբի համանախագահները, թե՛ Եվրամիությունը ներդաշնակ էին իրենց մոտեցումներում՝ Ռուսաստանի ունեցած մոտեցումներին՝ խնդրի վերաբերյալ։ Ակնհայտ է, որ այս տարածաշրջանում ունենք այդ հարցով զբաղվող միջազգայնորեն ճանաչված մանդատ՝ ԱՄՆ, Ֆրանսիա ու Ռուսաստան, հետևաբար պետք է խոսենք այս տրամաբանությամբ։ ԱՄՆ-ն անմիջականորեն գալո՞ւ է զբաղվի հայ-ադրբեջանական կոնֆլիկտով, թե՞ ոչ, կարծում եմ՝ ո՛չ, որովհետև այս իրավիճակը նա դիտարկում է իր ավելի լայն աշխարհաքաղաքական խնդիրների ու մարտահրավերների համատեքստում։

Իրենց խնդիրն ընդհանուր իրավիճակի կառավարելիությունն է ու ոչ թե ստանձնել անմիջական պատասխանատվություն հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման համար: Իրենց ավելի շահեկան է այդ պատասխանատվությունը մնա Ռուսաստանի վրա, իսկ իրենք կարողանան ընդհանուր առմամբ կառավարել ու լայն իմաստով հարաբերվել Ռուսաստանի հետ, պետք եղած ժամանակ օգտագործելով դա՝ Ռուսաստանին ճնշելու նպատակով։

Պատրանքներ չպետք է ունենալ, որ խոշոր խաղացողները հայ-ադրբեջանական սահմանին կատարվողը միջազգային անվտանգության տեսանկյունից դիտարկում են անմիջական սպառնալիք։

– Մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք, որ կսկսվի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքը, թեկուզ Մոսկվայի ջանքերով։

– Ինչպես ասացի, չեմ պատկերացնում, թե ի՛նչ լուծում կարող է գտնվել կարգավիճակի հարցում կողմերի միջև, եթե ինչ-որ միջանկյալ լուծում գտնվի, ապա այդ դեպքում հնարավոր է, որ որևէ մոտալուտ հնարավորություն լինի։ Բայց կոնկրետ բովանդակային առումով քննարկումների մասով՝ չեմ պատկերացնում, թե խնդիրը ոնց կարող է լուծվել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am