«Բացահայտ ու ագրեսիվ պատերազմից հետո՝ փորձում են սողացող ագրեսիայի միջոցով հասնել իրենց նպատակներին». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը ինչո՞վ եք բացատրում, ինչո՞ւ հենց այս ընթացքում, արդյոք դա կապ ունի՞ Թուրքիայում տեղի ունեցած Թյուրքալեզու երկրների խորհրդի վեհաժողովի հետ, որին հաջորդեց ադրբեջանական ագրեսիան։

– Պետք է նշել, որ այդ Թյուրքալեզու երկրների խորհուրդը վերածվեց կազմակերպության, բայց ամիսներ առաջ նշվում էր, որ այն պետք է վերածեն թուրքական միության ու որպես օրինակ ունեին Եվրոպական միությունը։

Բայց աշխարհում բարձրացած քննադատության մեծ ալիքը ստիպեց, որ Թուրքիան փոխի իր որոշումը, ու արդյունքում անվանափոխվեց ոչ թե միություն, այլ՝ կազմակերպություն, բայց՝ վստահ եմ, որ հետագայում փորձելու են իրականացնել միության գաղափարը։ Այդտեղ հնչած հակահայ հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ այդ կազմակերպության երկրները ամբողջովին գտնվում են Թուրքիայի ազդեցության տակ։

Սահմանի սադրանքների մասով, որն իսկապես ոտնձգություն է Հայաստանի նկատմամբ, համոզված եմ, որ ադրբեջանական այդ սադրանքը համաձայնեցված էր Թուրքիայի հետ, բայց չեմ կապում այդ Թյուրքալեզու երկրների կազմակերպության հայտարարության հետ: Դա Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից իրենց ծրագրերի իրականացման հերթական փուլն է, դա կոչվում է սողացող ագրեսիա Հայաստանի նկատմամբ։

Բացահայտ ու ագրեսիվ պատերազմից հետո նրանք փորձում են փոքր-փոքր քայլերով հասնել իրենց նպատակներին։ Սա սողացող ագրեսիայի հերթական փուլն է, ու շատ կարևոր է, որ մեր զինված ուժերն այս անգամ հակահարված տվեցին: Հույս ունեմ, որ այդ հակահարվածը կազդի նրանց վրա, ու կհասկանան, որ այն ժամանակները, երբ հնարավոր էր այդ սողացող ագրեսիան իրականացնել, հիմա արդեն հնարավոր չէ։

– Համակարծի՞ք եք, որ սահմանային այս ագրեսիաների նպատակը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն ուժով ստանալն է։

– Ստրատեգիական առումով՝ իհարկե, անտարակույս։ Սրանց համար Զանգեզուրի միջանցք ասվածը ընդգրկում է ողջ Սյունիքը, այսինքն՝ իրենց նպատակն է Սյունիքն ամբողջությամբ ու վերջնական թուրքացնելը, որովհետև Սյունիքը նրանց կոկորդում կանգնած ոսկոր է՝ պանթուրքիստական ծրագրերն իրականացնելու համար։

Սյունիքին տիրանալու համար նրանք չեն դիմում ուղղակի ագրեսիայի, որովհետև դա մեծ արձագանք կստանա աշխարհում, դրա համար էլ ընտրել են սողացող ագրեսիայի ճանապարհը։

– Պարո՛ն Սաֆրաստյան, այսինքն՝ կարծում եք, որ այս փուլում ադրբեջանցիները լայնամասշտաբ պատերազմի չե՞ն գնա ։

– Այդ հարցերը, համոզված եմ՝ Թուրքիայի գլխավոր շտաբն է որոշում։ Նրանք մի կողմից հաշվի են առնում, որ պատերազմի հետևանքով մենք մեծ կորուստներ ենք ունեցել, ու խաթարվել է մեր անվտանգության համակարգը, ինչից օգտվելով էլ նրանք փորձում են իրականացնել այդ սողացող ագրեսիան:

Բայց մյուս կողմից՝ կրկնեմ, որ այս անգամ նրանք ստացան հակահարված, ինչը կարող է ստիպել նրանց մտածել, որ այդ սողացող ագրեսիան կանգնեցնեն: Տեսնենք։

– Նոյեմբերի 16-ի սահմանային բախումները դադարեցվեցին, որովհետև ադրբեջանական կողմը հանդիպեց հայկական կողմի դիմադրությա՞նը, թե՞ ռուսական ջանքերով։

– Իհարկե ռուսական ջանքերն իրենց դերը խաղացել են: Բայց ինչքան էլ ռուսական կամ այլ ջանքեր լինեն, ամենակարևորը մենք ենք, մեր զինված ուժերն են: Եթե մենք կարողանում ենք հակահարված տալ, դա նշանակում է, որ կարողանում ենք պաշտպանել մեզ, իսկ հետո արդեն մեր դաշնակիցները մեզ կօգնեն: Եթե մենք չենք կարողանում պաշտպանել ինքներս մեզ, ոչ ոք չի պաշտպանի։

– Պարո՛ն Սաֆրաստյան, ադրբեջանական կողմը կհամաձայնի՞ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթաց սկսելուն՝ առանց որևէ նախապայմանի, թե՞ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման նախապայմանով կգնա այդ քայլին։

– Համոզված եմ, որ Ադրբեջանն իր այդ մոտեցումից հետ չի կանգնելու, նրանք այդ գործընթացը կօգտագործեն Արցախն իրենց կազմում օրինականացնելու համար։ Ներկա փուլում Ադրբեջանը միայն այդ գնով կհամաձայնի այդ գործընթացի մեկնարկին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am