«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեկնարկ տալու Հայաստանի փորձերը զրոյական արդյունավետություն ունեն». Արմեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է արևելագետ Արմեն Պետրոսյանը 

– Պարո՛ն Պետրոսյան, Թուրքիայի ազգային արժույթն արժեզրկվում է, փողոցում բողոքի ակցիաներ են, ինչի՞ հետևանք է այս ամենը։

– Սա հետևանք է մի կողմից Թուրքիայում ստեղծված օբյեկտիվ տնտեսական խնդիրների, որոնք պայմանավորված են մի շարք հանգամանքներով, ինչպես, օրինակ՝ Թուրքիայի արտաքին քաղաքականությամբ, տարբեր հակամարտություններում ակտիվ դերակատարմամբ, իսկ դա Թուրքիայի բյուջեի համար մեծ ծախսեր է ենթադրում։

Հաջորդ պատճառը համավարակն է, որի ազդեցությունը մի քանի ոլորտների, մասնավորապես, զբոսաշրջության վրա նկատելի է եղել։ Մյուս կարևորագույն պատճառը Թուրքիայի իշխանության վարած արկածախնդիր քաղաքականությունն է, նաև՝ տնտեսական, որի նպատակն է լիրան արժեզրկելու միջոցով երկրում ներդրումներն ու արտահանումը խթանել։

Սա էլ հանգեցրել է որոշակի առումով տնտեսական ու քաղաքական ճգնաժամի։ Այս ամենով էլ պայմանավորված՝ Թուրքիայում փաստացի շրջանառվում է արտահերթ ընտրությունների թեման։ Ամփոփելով՝ ասեմ, որ այս ճգնաժամի պատճառն այն է, որ Թուրքիայի տնտեսությունը չի կարողանում սպասարկել իր արկածախնդիր առաջնորդի քաղաքականությունը։

– Այդ ճգնաժամն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ թե՛ Թուրքիայի, թե՛ տարածաշրջանի համար։ Մասնավորապես, Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կունենա։

– Բավականին անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ, որովհետև հայտնի է, որ ցանկացած բռնապետական վարչակարգ, այդ թվում՝ Թուրքիայի գործող իշխանությունները, իշխանության մնալու համար շատ հաճախ գնում են արտաքին արկածախնդրությունների՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելով հարևան կամ տարածաշրջանային այլ երկրներում, որտեղ ներգրավվելու հնարավորություն կա։

Հետևաբար չի բացառվում, որ Էրդողանի վարչակարգն այս պարագայում գնա արկածախնդրության ցանկացած ուղղությամբ՝ Սիրիա, Լիբիա, Աֆղանստան, փորձ կարվի նաև Արցախի կամ Հայաստանի ուղղությամբ ևս իրավիճակը սրել։

– Պարո՛ն Պետրոսյան, հայ-թուրքական հարաբերությունների մեկնարկի նախադրյալներ տեսնո՞ւմ եք՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի իշխանությունն ասում է, թե պատրաստ է սկսել այդ հարաբերություններին միտված բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի, իսկ Թուրքիան ոչ միայն չի հրաժարվում դրանցից, մի բան էլ նոր նախապայմաններ է առաջ քաշում։

– Երբ փորձագիտական մակարդակում գնահատում ենք իրավիճակը, միանշանակ է, որ իրատեսական որևէ հիմք չկա կանխատեսելու, թե հնարավոր է հայ-թուրքական հարաբերությունների մեկնարկ տրվել։

Թուրքիայի գործող իշխանությունը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումն այդ մասով՝ հարաբերության ցանկացած փորձ, հնարավորություն նրանք պայմանավորում են Հայաստան-Ադրբեջան օրակարգում եղած խնդիրների կարգավորման այն տարբերակով, ինչպես պահանջում է պաշտոնական Բաքուն։

Կարող ենք ասել, որ այս ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից արվող դիվանագիտական փորձերը զրոյական արդյունավետություն ունեն՝ հաշվի առնելով Թուրքիայի բացահայտ նախապայմանային մոտեցումը։

– Թուրքիան երբեք հետ չի՞ կանգնի նախապայմաններից՝ ըստ ձեզ։

– Հատկապես վերջին տարիներին Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունները շատ են սերտացել, ու այսօր նախապայմաններից հրաժարվելու հստակ նախադրյալներ չկան։

– Պարո՛ն Պետրոսյան, այդ դեպքում Թուրքիայից եկող ի՞նչ դրական ազդակների մասին է ասում Հայաստանի իշխանությունը։

– Այդ խոսույթն ու գնահատականը հիմնականում դիվանագիտական մոտեցման տրամաբանության մեջ են։ Իշխանություններն օգտագործում են որոշակի գնահատականներ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դրական մթնոլորտ ստեղծելու համար:

Բայց, կրկնում եմ, սա պարզապես միջոց է Թուրքիայի հետ կոնկրետ հարաբերությունների կարգավորման կամ գործընթացին մեկնարկ տալու համար: Իսկ արդյունավետությունը, բնականաբար, շատ ցածր է, որովհետև Թուրքիան ու Ադրբեջանն այսօր շատ սերտ հարաբերությունների մեջ են, ու դժվար թե Թուրքիան այդ ամենը փչացնի՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսելու համար։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am