«Եթե 40-50 հոգի տեղը տեղին զինված զինվորականներ՝ առանց մի կրակոցի գերի են ընկնում, իհարկե, իրենցից ոչ մեկ իմ համար գերի չէ, կներեք». Հովիկ Աղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը

– Պարո՛ն Աղազարյան, համացանցում հայտնված տեսանյութը, որում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոսում է հայ ռազմագերիների մասին՝ նշելով, որ այդ տղաները զենքը դրել ու փախել են, իր համար այլևս չկան, մեծ աղմուկի պատճառ է դարձել: Դուք ինչպե՞ս եք գնահատում ձեր թիմակցի արած այդ հայտարարությունը:

– Գիտեք ինչ, ես այդ տեսանյութը տեսել եմ ու, չլինելով մասնագետ, բայց զգացել եմ, որ դա մոնտաժված է, հետևաբար գնահատական տալ ոչ ամբողջական տեսանյութի, որը մոնտաժված է ու հարմարեցված ինչ-որ նպատակների, ես չեմ կարող: Լավ կլինի դուք իմ կարծիքը հարցնենք ընդհանրապես հարցի վերաբերյալ:

 – Ամբողջական տարբերակն արդեն կա, պարո՛ն Աղազարյան, և, բացի այդ՝ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ չհերքեց այդ տեսանյութում իր հնչեցրած մտքերը ռազմագերիների վերաբերյալ:

– Ամբողջականը չեմ տեսել, բայց ես գերիներին կարող եմ խմբավորել, օրինակ՝ եթե երիտասարդ զինվորականը կռվել է, վիրավորվել ու գերի ընկել, ոչ մի կասկած չկա, որ այդ մարդը գերի է՝ իր բոլոր հետևանքներով: 

Սա մի տարբերակ, մյուս տարբերակը. զինվորը կռվել է մինչև վերջ, մոռացել է վերջին փամփուշտն օգտագործել ու գերի է ընկել, իհարկե առաջին դեպքը միանշանակ գերի է, իսկ երկրորդ դեպքում էլի գերի է, բայց մի փոքր այլ հարց կա այստեղ: 

Հիմա եթե այս տարբերակները շարունակեմ, կարող ենք հասնել մի վիճակի, որ, ասենք, 40-50 հոգի տեղը տեղին զինված զինվորականներ, առանց մի կրակոցի, գերի են ընկնում: Այս պարագայում, իհարկե, նրանցից ոչ մեկն ինձ համար գերի չէ, կներե՛ք: Հիմա իմ պատասխանը որքանով հակվեց Ալեն Սիմոնյանի պատասխանի հետ, այդքանով դուք համարեք, որ ես համաձայն եմ կամ համաձայն չեմ նրա հետ:

– Դուք գերի ընկնելու տարբեր եղանակներ եք նկարագրում և ըստ այդմ ձեր կարծիքը հայտնում, բայց Ալեն Սիմոնյանն առանց գերի ընկնելու պատճառներին անդրադառնալու՝ բոլորին մեղադրում է զենքը դնելու ու փախչելու համար:

– Հիմա ես ամբողջական տարբերակը չեմ տեսել ու չեմ կարող որևէ բան ասել, դուք համեմատեք իմ ասածն ու Ալեն Սիմոնյանի ասածը ու որոշեք՝ համամի՞տ եմ ես նրա հետ, թե՞ չէ:

 – Հասարակական տարբեր գործիչներ արդեն պահանջում են Ալեն Սիմոնյանին հեռացնել ԱԺ նախագահի պաշտոնից ու զրկել պատգամավորական մանդատից, ու ասում են, որ դա պետք է նախաձեռնի հենց ձեր քաղաքական թիմը: Ալեն Սիմոնյանին պաշտոնանկ անելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

– Ամբողջական տարբերակը տեսնելուց հետո կարող եմ միայն կարծիք ասել, բայց քանի որ ես վարչության անդամ չեմ, հետևաբար որոշումների կայացմանը չեմ կարող մասնակցել:

– Քաղաքական թիմի անդամ եք, ձեր անձնական կարծիքն ասեք, պարո՛ն Աղազարյան:

– Գիտեք ինչ, մտերմիկ զրույցներում մեր անձնական կարծիքներում մենք կարող ենք մեզ ազատություն թույլ տալ, շատ բաներ ասել, բայց դա տեսագրել ու դնել շրջանառության մեջ, ավելի վատ բան է, քան մյուս բոլոր դրսևորումները, հետևաբար, մտերմիկ զրույցի արդյունքը դարձնել քաղաքական դիրքորոշման դրսևորում՝ համաձայն չեմ:

– Մտերմիկ զրույց եք ասում, բայց Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույցում ևս կրկնեց այդ մտքերը:

– Ճեպազրույցից էլ տեղյակ չեմ, չեմ կարող բան ասել:

– Այնուամենայնիվ, անգամ տեսանյութի նախնական տարբերակի պարագայում՝ կարծում եք, որ հասարակական գործիչների պահանջն անտեղի՞ է:

– Այո՛, դա հիմք չի կարող լինել, որ Ալեն Սիմոնյանին պաշտոնանկ անենք: Չեմ կարծում, թե դա պետք է հիմք հանդիսանա մեր կողմից նման գործընթաց սկսելու, ընդդիմադիրները կարող են սկսել այդպիսի գործընթաց, բայց մենք՝ ո՛չ: Չեմ կարծում, թե սա այդ դեպքն է, ընդգծեմ, որ ես ոչ ամբողջական տեսանյութի մասին եմ ասում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am