Եթե լինի մարդ, որն ասի, թե Հայաստանում նախկինում կոռուպցիա չի եղել, մեղմ ասած, ազնիվ չի լինի, եթե մարդ կլինի, որ կասի ներկայումս էլ չկա՝ առավել անազնիվ կլինի․ Հայկ Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը

– Պարո՛ն Մարտիրոսյան, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու և այլ հանցավոր արարքներ կատարելու համար։ Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս եք գնահատում նման գործընթացներն ու կոնկրետ այս գործից ի՞նչ ակնկալիք ունեք։

– Քրեական գործի հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, որովհետև հստակ գնահատական տալու համար պետք է նյութերին ծանոթ լինել։ Ինչ վերաբերում է ընդհանուր գործընթացներին, կարող եմ ասել, որ ճիշտ կլինի, որ դա ընդհանրապես խտրական մոտեցումներով չկիրառվի։ Իհարկե, ողջունելով կոռուպցիայի դեմ պայքարը, սակայն նկատի ունեմ, որ պետք է տարբերություն չդնել ներկա, նախկին իշխանավորների միջև, նման գործընթացներում այս համեմատականը չպետք է կիրառվի։

– Կարծում եք, որ կոռուպցիոն նման գործերի հարուցումները, որոնց ականատես ենք լինում, հարուցվում են խտրականությա՞մբ՝ ընտրովի անձանց նկատմա՞մբ։

– Տարբեր ոլորտների, բիզնես ներկայացուցիչների հետ կապված խտրական մոտեցումն այն կլինի, որ նախկինում այդ համապատասխան ներկայացուցիչներին, որոնց հանրությունը շատ լավ գիտեր ու հիմա ներգրավված են այս իշխանության շարքերում, չանդրադառնան։

Ցանկալի կլինի, որ նրանց կատարած նախկին գործողությունները ևս դիտարկվեն, եթե բոլորինն են դիտարկում, նրանցը ևս պետք է դիտարկել։ Նույնը, որ հայտարարում էին, թե խորհրդարանում օլիգարխներ չպետք է լինեն, ի՛նչ կապ ունի՝ ում աջակիցն է և այլն։

Այսինքն՝ խտրական մոտեցումը ցանկացած պարագայում չպետք է կիրառվի, ու այնտեղ, որտեղ կա խտրականություն, այդտեղ կոռուպցիայի դեմ պայքարն ավարտվում է։ 

– Պարո՛ն Մարտիրոսյան, հաշվի առնելով այս երեք տարվա ընթացքում նման գործերի հարուցումը, ընթացքն ու վերջնարդյունքը, ինչ եք կարծում, ինչո՞ւ մեղադրյալների գերակշիռ մասը պատասխանատվության չի ենթարկվում ի վերջո, այսինքն՝ հանրությունն այդպես էլ պատժվողների չի տեսնում։ Նույն Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ ինչեր ասես չէին կապվում, բայց նա պատասխանատվության չենթարկվեց ու շատերը։

– Կարող եմ ասել, որ այս բոլոր գործընթացները պետք է լինեն խիստ թափանցիկ, որպեսզի հասարակության մեջ կասկածներ չհարուցեն։ Նույն Ալեքսանդր Սարգսյանի գործով չկար թափանցիկություն։

Հյուրանոցի նվիրատվություն եղավ, բայց ոչ մեկիս համար պարզ չեղավ, եթե գույք ես նվիրում՝ ազատվո՞ւմ ես պատասխանատվությունից, թե՞ չէ, ընդ որում, դա չի իրականացվել ապօրինի ծագում ունեցող գույքի շրջանակներում, որովհետև այդ ժամանակ այդ օրենքը դեռ չէր գործում։

Այս պարագայում, բնական է, որ հանրության մեջ կասկածներ առաջանան, օրինակ՝ ինչո՞ւ 18 միլիոն պետք է լիներ այդ նվիրատվությունը և ոչ թե 180 միլիոն։ Բաց ու թափանցիկ գործելակերպի պարագայում նման խնդիրներ չեն լինելու։

– Գործող իշխանությունը բազմիցս է հայտարարել, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Ձեր գնահատմամբ՝ Հայաստանում այսօր կա՞ համակարգային կոռուպցիա, թե՞ ոչ։

– Այդ հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ, թե ինչ ասել է կոռուպցիա․ դա միայն գումար տա՞լն է, թե՞ նաև քաղաքական կոռուպցիոն դրսևորումներ կան։ Միջազգային գնահատականներն այն են, որ Հայստանում իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։ Բայց, օրինակ՝ նույն քաղաքաշինության ոլորտում վիճակը ոչ միայն չի լավացել, այլև խորացել է: 

Եթե հիշում եք քաղաքապետարանին արված նվիրատվությունները, որոնք համընկնում են նվիրատուներին շինթույլտվության ժամկետների հետ և այլն, այսինքն՝ կոռուպցիան միայն գումար տալ-առնելը չէ։ Խնդիրն ավելի լայն է, որը վերաբերում է քաղաքական կոռուպցիային, իսկ այս տեսանկյունից, գուցե, կոռուպցիայի դրսևորումներն են փոխվել: Նույն մեկ անձից գնումների մասով շատ հրապարակումներ են եղել, որոնց մեջ նաև պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներ են եղել և այլն։ 

Այնպես որ, ասել, թե համակարգային կոռուպցիան վերացած է, չի կարելի, քանի որ կոռուպցիա հասկացությունը մի քիչ ավելի լայն է․ նույն պարգևավճարների ինստիտուտը, այդ սուբվենցիոն ծրագրերը, որոնք հիմնականում տրվում են ընտրությունների գործընթացում, դրանց վերաբերյալ էլ հրապարակումներ եղան։ Որ կոռուպցիոն երևույթների բացահայտման գործընթացում կա խտրական մոտեցում, որ այդ պայքարն այնքան էլ թափանցիկ ու արդար չէ, ու որ արդյունքները մենք այդպես էլ չենք տեսնում, միանշանակ է։

Իսկ համակարգային կոռուպցիա կա՞, թե՞ չէ՝ դրա պատասխանը տնտեսական աճի ցուցանիշներով է տրվում։ Իհարկե, քովիդի ու պատերազմի հետևանքով ունեցել ենք տնտեսական աճի ցուցանիշի նվազում, բայց փաստ է, որ Հայաստանի բիզնես միջավայրը գրավիչ չէ այս տեսանկյունից, և կան բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր ներդրողների համար։

– Պարո՛ն Մարտիրոսյան, կոռուպցիոն բնույթի գործերի վերջնարդյունքի չհասնելը պայմանավորված է դրանց խտրական, ոչ թափանցիկ լինելո՞վ, թե՞ դատական համակարգի խնդի՞րն է։

Առկա են և՛ խտրական մոտեցումը, և՛ ոչ թափանցիկ լինելը, և՛ իրավապահ մարմինների կարողությունների խնդիրը։ Իհարկե, այս երեք տարվա ընթացքը ցույց է տալիս, որ բոլոր ոլորտներում կան խնդիրներ, հատկապես կադրային քաղաքականության բնագավառում։

Դատական համակարգի քաղաքականացվածությունն էլ նկատելի է, ըստ էության, դատական համակարգը երկփեղկված է՝ կան նախկին ու ներկա իշխանությունների «հովանավորության տակ» գործող դատավորներ։ Իսկ այս պարագայում այդ խտրական մոտեցումը դրսևորվում է նաև դատարանում։

– Կարծում եք՝ նման մեղադրանքների առաջադրումը քաղաքակա՞ն նպատակով է արվում, թե՞ նպատակը իսկապես կոռուպցիայի դեմ պայքարելն է։

– Եթե լինի մարդ, որն ասի, թե Հայաստանում նախկինում կոռուպցիա չի եղել, մեղմ ասած, ազնիվ չի լինի, եթե մարդ կլինի, որ կասի՝ ներկայումս էլ չկա, առավել անազնիվ կլինի։ Հետևաբար, կոռուպցիայի դեմ պայքարում կա և՛ իրավական, և՛ քաղաքական կողմը, դա որևէ երկրում բացառել հնարավոր չէ։ Այն, ինչ կատարվում է, այսօր հետևանքն ու շարունակությունն է մինչև 2018 թվականը եղած դեպքերի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am