«Մեզ վստահեցրին, որ ֆիլմը նկարահանվում է մարտի 1-ի զոհերի մասին, ասացին՝ Ռուսաստանում ուզում են, որ Հայաստանում տեղի ունեցածից դասեր քաղեն»․ մարտի մեկի զոհ Սամվել Հարությունյանի հայր

«Մեզ վստահեցրին, որ ֆիլմը նկարահանվում է մարտի 1-ի զոհերի մասին, ասացին՝ Ռուսաստանում ուզում են, որ Հայաստանում տեղի ունեցածից դասեր քաղեն»․ մարտի մեկի զոհ Սամվել Հարությունյանի հայր
«Մեզ վստահեցրին, որ ֆիլմը նկարահանվում է մարտի 1-ի զոհերի մասին, ասացին՝ Ռուսաստանում ուզում են, որ Հայաստանում տեղի ունեցածից դասեր քաղեն»․ մարտի մեկի զոհ Սամվել Հարությունյանի հայր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է 2008-ի մարտի մեկի զոհերից Սամվել Հարությունյանի հայրը` Էդիկ Հարությունյանը:

– Պարո՛ն Հարությունյան, օրերս «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության եթերում ցուցադրվեց «Գործ N° մարտի 1» ֆիլմը։ Մարտի 1-ի զոհերի հարազատները շատ դժգոհ են այդ ֆիլմից։ Դուք նույնպես։ Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել։

– Մենք արդեն պատրաստվում ենք դիմել դատարան այդ ֆիլմի հետ կապված։ Հանդիպել ենք մեր փաստաբանի հետ և ասել, որ այդ գործն անպայման պետք է մտնի դատարան և քրեական գործ հարուցվի։ Մենք ոչ թե նյութական, այլ բարոյական կողմից ենք մոտենում խնդրին։

Բոլորս մեկ մարդու պես համաձայն ենք, որ այդ ֆիլմը նկարահանողները, որոնք մեզ ստորաբար խաբեցին, աղավաղեցին ամբողջ ճշմարտությունը, փորձում են այն մարդուն պաշտպանել ու արդարացնել, որը Սահմանադրությունն է խախտել, որի հետևանքով ունեցել ենք զոհեր ու բազմաթիվ վիրավորներ, նաև քաղբանտարկյալներ։ Այսօր նրա փաստաբաններն առանց ամոթ զգալու նրան կոչում են քաղբանտարկյալ։

– Այսինքն՝ մարտի 1-ի զոհերի հարազատներին բոլորին խաբե՞լ են։

– Այո՛, բոլորին խաբել են։ Այդ մի փոքր ֆիլմի համար ինչ-որ մեկը հեղինակին 100 հազար դոլար չէր վճարի։ Արդեն պարզ է, թե քամին ո՛ր կողմից է փչում։

– Ֆիլմի հեղինակները ձեզ նախքան նկարահանումը ի՞նչ էին ասել։

– Նրանք նախ գնացել էին Հայ ազգային կոնգրես, քանի որ մեր բոլորի հեռախոսահամարներն այնտեղ կան։ Մեզ կանչեցին այնտեղ, ծանոթացրին, վստահեցրին, որ ֆիլմը նկարահանվում է մարտի 1-ի զոհերի մասին։ Ասացին՝ Ռուսաստանում էլ են այս օրերին ցույցեր տեղի ունենում, ու որպեսզի կանխվի նմանատիպ գործողությունը Ռուսաստանում, ուզում են, որ Հայաստանում տեղի ունեցածից դասեր քաղեն։ Բայց մեզ ստորաբար խաբեցին։

– Ի՞նչ կարծիք ունեք «Մարտի 1»-ի գործով ընթացող գործընթացի վերաբերյալ։ Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանին երկրորդ անգամ կալանավորեցին։ Արդյոք հույս ունե՞ք, որ «Մարտի 1»-ը բացահայտվելու է մինչև վերջ, և բոլորը պատասխանատվության են կանչվելու։

-Այո՛, ես համոզված եմ, որ բոլոր մարդասպանները անխտիր պետք է կանգնեն դատարանի առջև և իրենց արժանի պատիժը ստանան։ Դա միանշանակ է։ Իսկ թե փող ունեն, ռեսուրս ունեն, թե ով է իրենց ծնունդը շնորհավորում՝ դա էական չէ։ Ես միայն մի բան գիտեմ, որ այն մարդիկ, որոնք անմեղ արյուն են թափել, այդ անմեղ արյունը երբեք չի կորչի, այդ անմեղ արյան ամեն կաթիլի համար բոլորն անխտիր պատասխան են տալու, հավատացա՛ծ եղեք։

Բոլորն են պատասխան տալու, որովհետև, ինչպես ասում են՝ ուղտին նստած ուզում են կուզեկուզ գնալ, բայց չի ստացվելու։ Բանակը ներգրավվել է փետրվարի 23-ին, բայց իրենք սուտ ասելով, կեղծելով ուզում են ապացուցել, որ մարդկանց տեսածը սխալ է։

– Այսինքն՝ կարծում եք, որ այդ ֆիլմը Քոչարյանի պատվերո՞վ է նկարվել։

– Ես, իհարկե, չգիտեմ, թե ում պատվերով էր, բայց որ նրանք այդքան մեծ գումար էին ստացել, խոսում է հենց դրա մասին։ Դա պատվեր էր, որն իրենք կատարեցին։ Որևէ ֆիլմի համար այդքան գումար չէին տրամադրի։ Մեզ նորից փորձեցին ցավացնել։ Մենք վերապրեցինք 2008-ի մարտի 1-ը այդ ֆիլմը դիտելուց հետո։

– Դուք գիտեի՞ք, թե երբ են ցույց տալու այդ ֆիլմը։

– Ո՛չ, ես տանը նստած չէի էլ մտածում այդ ֆիլմի մասին, ծանոթներից զանգահարեցին և ասացին, որ այդպիսի ֆիլմ են տեսել։ Պատահաբար տեսա, որ այդ ալիքով նշված ֆիլմն են ցույց տալիս, որը խայտառակություն էր։ Մենք՝ զոհերի հարազատներս, ամեն մեկս կես ժամից ավելի խոսել ենք, քննադատել ենք, բայց բացարձակ որևէ խոսք չկար մեր ասածից։

Նրանք լրիվ մոնտաժել էին և ցույց տվել միայն իրենց ուզածը։ Դեռևս 2009 թվականին ուզում էին մեզ ապացուցել, որ «7-ի գործով» անցնող մարդիկ են մեղավոր մեր երեխաների սպանության մեջ, բայց նրանց ձեռքը ո՛չ զենք է եղել, ո՛չ նրանք հրաման արձակող են եղել, ո՛չ էլ ինչ-որ տեղ բռնություն են կիրառել։ Դա բացառվում էր, բայց մեզ ուզում էին ապակողմնորոշել, ուզում էին հանել այն մարդկանց դեմ, որոնք իրական քաղբանտարկյալներ էին։

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

Մանե Հարությունյան

MediaLab.am