«Օմիկրոնով վարակված մեկ անձը կարող է վարակել 30-35 մարդու, այս շտամը ինտենսիվ տարածվելու հակում ունի». Մերի Տեր-Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանը

– Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, Հայաստանում հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է օմիկրոն շտամը։ Ի՞նչ առանձնահատկություններով է տարբերվում այս շտամը նախորդ շտամներից։

– Տարբերվում է նրանով, որ ունի մուտացիաներ այն հատվածում, որը պատասխանատու է վիրուսի ախտածնության համար, այսինքն՝ սպայկ (S) սպիտակուցի հատվածում 37 մուտացիա է նշվում։ Վիրուսը տարբերակվել է Հարավային Աֆրիկայում ու նոյեմբերի վերջից արդեն համարվում է անհանգստություն առաջացնող շտամ՝ ըստ ԱՀԿ-ի դասակարգման։

Տարբերվում է ավելի մեծ տարածման արագությամբ, այսինքն՝ մեկ հիվանդն ավելի շատ մարդ է վարակում, նշվում է, որ 5-7 անգամ ավելի արագ է տարածվում, քան դելտան, ինչը և մենք տեսնում ենք աշխարհում համավարակի սկզբից ի վեր ամեն օր գրանցվող վիրուսի աննախադեպ, ռեկորդային նոր դեպքերի թվով։ Կլինիկական առումով նշվում է, որ օմիկրոնն ավելի թեթև է ընթանում, քան նախորդ շտամները, այսինքն՝ թոքաբորբը՝ որպես բարդություն, հանդիպում է մի փոքր ավելի քիչ դեպքերում, քան նախորդների դեպքում։

– Իսկ հստակ թվային տվյալ կա՞, թե, օրինակ՝ օմիկրոնով վարակված մեկ անձը քանի՞ մարդու կարող է վարակել։

– Եթե դելտա շտամի դեպքում ասում էինք, որ մեկ մարդը կարող է 5-7 մարդու վարակել, ապա օմիկրոնի դեպքում՝ 30-35 մարդու, այսինքն՝ պատկերացրեք, ինչ ինտենսիվ տարածվելու հակում ունի այս շտամը։ Մեզ մոտ, միանշանակ, դեպքերի ավելացում կլինի, այդ 7 դեպքով չենք սահմանափակվի։

– Մեր առողջապահության համակարգը ի վիճակի՞ է դիմագրավելու այս շտամի ինտենսիվ տարածմանը։

– Մենք որոշակի պատվաստումային ակտիվություն ունեցանք վերջին ամիսներին, ինչը, կարծում եմ, իր դերը կունենա: Իհարկե ցանկալի էր ավելի մեծ ընդգրկվածություն ունենալ, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ու քանի որ պատվաստվածների իմունիտետը թարմ է, կարծում եմ՝ սա որոշակիորեն կանդրադառնա համաճարակային գործընթացի վրա, բայց այն երկրները, որոնք այսօր ունեն այդ ծանրաբեռնվածությունը, օրինակ՝ ԱՄՆ-ն, նշում են, որ արդեն հիվանդանոցներն աշխատում են կրիտիկական պայմաններում, մահճակալային ֆոնդը սպառման եզրին է։ Մենք պետք է արդեն միջոցներ ձեռնարկենք, որպեսզի պատրաստ լինենք հինգերորդ ալիքին։

– Առկա պատվաստանյութերը այս շտամի դեպքում և՞ս արդյունավետ են, տիկի՛ն Տեր-Ստեփանյան։

– Արդյունավետ են, և օմիկրոնի դեպքում նշվում է, որ հատկապես արդյունավետ են բուստեր դեղաչափերը, այսինքն՝ երկու դեղաչափ ստացած անձանց համար երրորդ դեղաչափը։ Բուստեր դեղաչափ ստացածների մոտ դեպքերն ավելի քիչ են գրանցվում։ Բուստեր դեղաչափը խորհուրդ է տրվում առաջին դեղաչափը ստանալուց վեց ամիս հետո։ Երկրներ կան, օրինակ՝ Իսրայելը, որտեղ արդեն նշվում է անգամ չորրորդ դեղաչափի մասին, հատկապես թույլ իմունային համակարգ ունեցողներին խորհուրդ են տալիս չորրորդ դեղաչափը։

– Ըստ ձեզ՝ ե՞րբ Հայաստանում սպասենք վարակի հինգերորդ ալիքը։

– Առաջիկա շաբաթներին, որովհետև մենք արդեն ունենք նոր դեպքերի թվերի աճ և երեք-չորս շաբաթվա ընթացքում կունենանք ավելի ինտենսիվ բարձրացում։

– Կանխարգելիչ միջոցառումների մասին խոսեցիք, ա՛յ հունվարի 22-ից գործող նոր սահմանափակումները այդ միջոցառումների մաս համարո՞ւմ եք։

– Դրանք ավելի շատ միտված են պատվաստումային ակտիվություն առաջացնել, հատկապես երիտասարդության շրջանում, որովհետև ժամանցի վայրերը ավելի շատ այս տարիքային խմբի համար են ավելի արդիական, և սա ինչ-որ շարժառիթ կլինի, որ նրանք ևս մեկ անգամ մտածեն պատվաստման մասին, ու լրացուցիչ ռիսկը կնվազեցնի։

Բայց մենք ունենք նաև այլ ռիսկային տեղեր, որոնք ևս անհանգստացնող են ու կարիք ունեն նույն հակահամաճարակային միջոցառումների խստացման՝ նույն տրանսպորտը, առևտրի կենտրոնները, որոնք, կարծում եմ՝ կլինեն հաջորդ փուլում, որտեղ QR կոդերը կներդրվեն։

– Իսկ գուցե այդ հաջորդ փուլն արդեն ո՞ւշ լինի, տիկի՛ն Տեր-Ստեփանյան, երբ առողջապահական համակարգը ծանրաբեռնված կլինի։

– Մեզ մոտ ամեն ինչ սվիններով է ընդունվում, մեր բնակչությունը մի քիչ դժվար է ընտելանում սահմանափակումներին, բայց կարիք կա ավելի ինտենսիվ մտածել գործընթացի կառավարման մասին, որովհետև թվերը միանշանակ ավելանալու են։

– Հունվարի 22-ից ուժի մեջ մտնող սահմանափակումները որքանո՞վ կնպաստեն պատվաստումային գործընթացի առաջընթացին։

– Մենք ականատես եղանք հոկտեմբեր ամսվա սահմանափակմանը, որը բավականին նպաստեց պատվաստումային ընդգրկվածության ավելացմանը, ու այս դեպքում փափուկ ուժի կիրառումն ավելի է աշխատում, քան զուտ իրազեկումը, որը սկսել էինք դեռ ապրիլ ամսից։

– Եթե տրանսպորտում խիստ վերահսկողություն իրականացվի, ինչ-որ չափով կնպաստի՞ նոր դեպքերի նվազմանը։

– Կարծում եմ՝ այո՛, թեև այստեղ կա մի հանգամանք, որ տրանսպորտում շփման տևողությունն այդքան երկար չէ, որովհետև քովիդի տարածման համար կապ ունի նաև շփման տևողությունը, բայց գերծանրաբեռնված տրանսպորտում գոնե դիմակ կրելը պետք է խստացվի, որովհետև դա մեխանիկական պատնեշ է՝ շնչուղիներում վիրուսի մուտքը սահմանափակելու համար։

– Շփման որքա՞ն տևողությունն է, որ արդեն վտանգավոր է համարվում, տիկի՛ն Տեր-Ստեփանյան։

– Տարբեր է, կախված է, թե վարակի աղբյուրը պատվաստվա՞ծ է, թե՞ ոչ, վարակի աղբյուրը հիվանդության ո՞ր փուլում է, ընկալ օրգանիզմը պատվաստվա՞ծ է, թե՞ չէ։ Սրանցից կախված՝ ռիսկերը նվազում են, եթե երկու պատվաստված են իրար հետ շփվում, ռիսկերը նվազում են, նայած հիվանդության ո՞ր փուլում է, արտազատումն ի՞նչ մակարդակի է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am