Հավատալ ոչ թե սեփական աչքերին, այլ «Երևան սիթիին». «Բացառում եմ, որ մեր խանութներում թուրքական դրոշով խաղալիքներ գտնեք»

«Մեդիալաբն» այսօր հրապարակել էր լուսանկարներ, որ Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետում վաճառվող խաղալիք զինվորների մի մասի տուփերում առկա է նաև Թուրքիայի դրոշը։ 

Տեղեկացնենք, որ «Մեդիալաբի» անձնակազմն անձամբ էր ականատես եղել և լուսանկարել այդ խաղալիքները: Ինչպես երևում է կցված լուսանկարներից, լուսանկարներն արվել են հունվարի 27-ին Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետում: 

Չնայած սրան, «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի խաղալիքների բաժնի կատեգորիայի մենեջեր Գագիկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում փորձում էր համոզել, որ նման բան անհնար է: Նա նշում էր, թե բացառվում է, որ իրենց մասնաճյուղերից ցանկացած մեկում հնարավոր լիներ նման խաղալիք տեսնել։

Մելքոնյանը նշում էր, որ խնդիրը նոր չէ, տարիներ առաջ են բախվել սրան, որից հետո չափազանց զգույշ են նմանօրինակ խաղալիքների նկատմամբ, ուստիև բացառում է, որ մեր տեսախցիկը նման նկար կարող էր ֆիքսել։

«Մեր խաղալիքները ներմուծում ենք Չինաստանից, այդ խաղալիքների մեջ կան բոլոր երկրների դրոշները, այդ խնդիրը շատ վաղուց կա, և մենք շատ լավ հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ խաղալիքների այդ տուփերից հանում ենք Թուրքիայի դրոշը, նոր միայն առաքում խանութներ։ Իսկ այսօրվա միջադեպի մասով ասեմ, որ ես անձամբ եմ խոսել Կոմիտասի մեր աշխատակիցների հետ, ու ընդհանրապես այդ դրոշով ապրանք չի եղել խանութում, չգիտեմ՝ ձեր տեսախցիկը որտեղ է նման բան տեսել»,- «Մեդիալաբին» ասում է Գագիկ Մելքոնյանը։

«Ուրիշ երկրների դրոշները չենք հանում, հանում ենք միայն Թուրքիայի դրոշը զինվորական այդ խաղալիքների տուփերից, նոր պահեստներից տեղափոխում ենք խանութներ։ Վերջին երկու տարին մանավանդ շատ ուշադիր ենք, որ հանկարծ թուրքական դրոշով խաղալիքներ չհայտնվեն վաճառքում»,- ասում է «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի խաղալիքների բաժնի կատեգորիայի մենեջերն ու բացառում, որ վերջին երկու տարում իրենց խանութներում այդ կատեգորիայի խաղալիքների մեջ թուրքական դրոշ լինի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am