«Թուրքը վերևից ինչ ասես ասում ա, անեծք ա տալիս, ասում՝ «Զանգեզուր՝ Ադրբեջան»». Արավուսում ապրում են, որ չիջնի Հայաստանի վերջին դրոշը

Աղաբեկյանների տունն այնտեղ է, որտեղ վերջանում է Հայաստանը՝ Սյունիքի մարզի Արավուս գյուղում՝ թշնամու դիրքից 200 մետր հեռավորության վրա: Անմիջական դիտարկման տակ: Գյուղի երկայնքով ադրբեջանական 12 դիրք կա տեղակայված: Նույնքան էլ՝ հայկական: Երբեմն՝ իրարից 5 մետր հեռավորության վրա:

Կեսօրվա արևը ջերմացնում է: Բակում անկանոն վազվզում են տասնյակ հավերն ու երկու փոքր թոռները. մեծը դպրոցում է:

«Իմ պապերն էս գյուղում են ապրել, սկզբում՝ քարանձավներում, հետո արդեն գյուղն ա կառուցվել: Ես ամբողջ կյանքում էս տանն եմ ապրել, բայց հիմա սրտումս ահ կա, իմ համար չէ՝ խոխեքիս համար: Տղես անասունը արոտ ա տանում: Թուրքը վերևից ինչ ասես, ասում ա՝ թե՛ անեծք ա տալիս, թե՛ ասում՝ «Զանգեզուր՝ Ադրբեջան», բայց որ մի բան պատասխանես՝ կորած ես: Հենա՝ զենքը ձեռքին»,- ասում է Արարատ Աղաբեկյանը:

Աղաբեկյանների տանն այս տարի առաջին անգամ հաց են գնել. իրենց ցորենի արտերն անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ: 20 տոննա ցորենը, որ հասել ու հունձի էր սպասում, մնաց հասկի վրա: 

Հարսը՝ Սաթենիկը, պատմում է, որ պատերազմի օրերին գյուղից հեռացողներ չեն եղել, չնայած անօդաչուներն անընդհատ գլխավերևում էին: Փոքր որդու քառասունքը նկուղում է լրացել: Այդ օրերին տանն ապաստան են տվել հադրութցիների: Ասում է՝ պատերազմից ամիսներ անց էլ հագուստով էին քնում, և անգամ հիմա երեխաները վեր են թռչում կայծակի ձայնից ու վազում դեպի նկուղ: 

«Մեզ մնացած հողերն էլ չենք կարում օգտագործենք: Ամուսինս գնում ա, բայց թուրքը օրական 2-3 անգամ իջնում ա, ասում՝ սա մերն ա, գնացեք: Իրանք իրանց արտոնյալ են զգում, ինչ ուզում՝ անում են: Վերջերս մեր անասնապահներից մեկին ուզել են տանեն, ամուսինս գնացել, խոսել, համոզել ա, հետ բերել: Պիտի ռուսերեն իմանաս, խոսել իմանաս: Շատ վտանգավոր ա, բայց… Մենք որ գնանք, բա ո՞վ պահի»,- ասում է Սաթենիկը:

«Թուրքից չես վախենում, չէ՞: Նստի, մի բաժակ կոֆե խմենք: Չվախենա՛ս, իմ թոռները հրես՝ ամբողջ օրը ստեղ խաղում են»,- ասում է Արարատն ու ավելացնում՝ օրերը նեղ են, սրտները առաջվա նման՝ լայն: Շեն օրերին ոչխար կմորթեր, բայց գյուղում այլևս ոչխար չկա:

Ու հակառակորդի նշանառության տակ կինը՝ տիկին Կարինեն, սուրճի սեղան է գցում:

«Ա՛յ, որ պատերազմ չլիներ, ապրելու երկիր էր Հայաստանը: Իսկ հիմա գյուղում անպսակ տղերք կան, հարս եկող չկա: Խելոք հարս լինի՝ կգա: Օրինակ՝ Կարինես: Կարինեին փախցրել եմ 44 տարի առաջ: Երկու անգամ եմ փախցրել: Առաջին անգամ փախցրեցի, տարա բարեկամիս տուն: 2 ժամ հետո հարազատներն էկան, ասեցին՝ հետ ենք տանում: Կռիվ արեցի, չէի համաձայնվում, էն էլ Կարինեն աչքով արեց, թե՝ գնամ, մի քանի օրից էլի կփախնենք: Տենց էլ արեցինք: Երեք օր հետո փախանք ու էկանք տուն»,- հիշում է Արարատն ու նայում ամոթից ձեռքերով դեմքը պահած կնոջը:

«Փոշմա՞ն ես,- կատակով հարցնում է կնոջը: Բացասական պատասխան ստանալուց հետո շարունակում է,- Փոշման չի, բայց որ հարցնում եմ՝ մեռնեմ, լաց կլնե՞ս, ասում ա՝ չէ՛, մատաղ կանեմ: Հլա արա, տենամ՝ ո՞նց ես անելու, որ գյուղում էլ ոչխար չկա»:

Այսպես են ապրում Արավուսում՝ սիրով, հույսով ու հումորով:

Գյուղում, որտեղ ընդամենը 40 ընտանիք է ապրում, աթարի հոտ չկա, փոխարենը՝ երկու նոր բան կա՝ տանը կպած սահմանն ու արևային ջրատաքացուցիչները, որ տեղադրվել են հաջակցություն սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների: Գյուղացիները, իհարկե, շնորհակալ են, բայց վախենում են, որ դրանք երկար չեն դիմանա, գյուղում ջուրը հաճախ են կտրում: 

Գյուղում աշխատատեղ չկա. գյուղապետարանում 2 մարդ է աշխատում, դպրոցում՝ 5: Վերջ:

Իսկ սահմանը դարձավ Թրուսի խութը (Թորոսի բլուր), որտեղ մի օր տեղադրվեց ադրբեջանական դրոշը, իսկ գյուղի ինքնապաշտպանության համար դիրքեր բարձրացած տղամարդկանց հրամայվեց անցնել իրենց գործերին:

«GPS-ով հայրենիքի սահմա՞ն են գծում»,- հարցնում են տղամարդիկ, որ պարապությունից հավաքվել են որպես գոմ ծառայող քարանձավների մոտ՝ հայի, թուրքի ու աշխարհի բանը քննարկելու: 

Մարդիկ պատերազմից ծանր օրեր չեն հիշում, բայց վստահ են՝ դժվարը մայիսին կսկսվի, երբ քարանձավներից անասունը հանելու ժամանակը գա: Մինչև պատերազմը գյուղի հիմնական ապրուստն անասնապահությունն էր: Հիմա գյուղի հողերից 64 հա-ն անցել է թշնամուն: 800 գլուխ խոշոր եղջերավոր անասունից մնացել են 60-ը: Ընտանիք կա՝ մեկն էլ չունի: Արոտ չկա, իսկ խոտի տուկը եռակի թանկացել է՝ 600 դրամից դառնալով 2000: 2000-ից ավելի մանր եղջերավորներից մնացել է միայն մեկը՝ Մոնիկան: Շատ սիրուն է, տերը սիրտ չի արել վաճառել կենդանուն: 

Պատերազմից հետո Արավուսում 5 փախստական ընտանիք է ապաստանել՝ հիմնականում Քաշաթաղից: Գյուղում դատարկ տներ չկան, մի կերպ ապրում են ժամանակավոր կացարաններում՝ պետության ու հարևանների աջակցությամբ.

«Մեզ լավ են ընդունել գյուղացիք, գոհ ենք, բայց ես վստահ եմ՝ հետ եմ գնալու: Այգիս նոր էի դրել, պիտի գնամ՝ նուբարս քաղեմ»,- ասում է տեղահանվածներից մեկը՝ Հրանտը: 

Ինչ է լինելու հետո՝ ոչ ոք չգիտի: Հույսը պետության աջակցության ու Աստծո բարեգթության վրա է: Իսկ մինչ այդ Արավուսում երեխաները փողոց են դուրս գալիս միայն ցերեկը, մութն ընկնելուն պես կանանց հետ փակվում են տներում:

«Լավ կացեք ու հասեք Երևան, ասեք՝ թող զինվորին լավ նայեն, բանակը պինդ պահեն: Ոտքեր, կռներ, աչքի լույս կորցրած երեխեքին լավ պահեն, որ էս դրոշը իրա տեղում մնա»,- ասում է Արարատը՝ ցույց տալով տնից մի քանի մետր հեռավորության վրա սյան վրա ծածանվող վերջին եռագույնը, որ ազդարարում է՝ սա դեռ Հայաստանն է:

Սոնա Մարտիրոսյան

MediaLab.am