«Փաշինյանն ու իր թիմը հակված են ուրիշ լուծումների, ոչ թե Մինսկի խմբի առաջարկներին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցով». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը 

– Պարո՛ն Ղուկասյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում ասաց, որ ՀՀ բոլոր իշխանություններն էլ ցանկացել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, և որ իրենց կառավարությունը պատրաստ է կնքելու այդ պայմանագիրը։ Արդյոք հիմա ճիշտ ժամանա՞կն է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու:

– Նայած ինչ պայմաններով, Հայաստանն իհարկե պետք է ձգտի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու, ինչը նաև Հայաստանի միջազգային պարտավորությունն է, բայց, կրկնում եմ, նայած ինչ պայմաններով է լինելու այդ պայմանագիրը։ Ա՞յն, ինչն առաջարկում է Մինսկի խումբը, որը դրված է Նիկոլ Փաշինյանի առջև, և ինքը, ըստ էության, խուսափում է այդ առաջարկն իրականացնելուց՝ պնդելով, թե դրա համար դեռ բարենպաստ պայմաններ չկան, թե՞ այն առաջարկը, որն անում էԱդրբեջանը, իսկ այդ երկու տարբերակների միջև առկա է ահռելի տարբերություն։

Նիկոլ Փաշինյանի մինչ օրս հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ ինքը կողմնակից է Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրին, այսինքն՝ ռուս-թուրքական ու ադրբեջանական համատեղ ծրագրին, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը կիսվի, Հադրութն ու Շուշին մնան Ադրբեջանի վերահսկողության տակ, ու, այսպիսով, խնդիրը երկարաժամկետ սառեցնել։

Մինսկի խմբի առաջարկն այն է, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը պետք է լինի մեկ միավոր, այսինքն՝ ադրբեջանցիները պետք է դուրս գան Շուշիից ու Հադրութից, կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, մինչ այդ կառավարումը պետք է իրականացնի ՄԱԿ-ի կողմից նշանակված վարչական մարմինը։

Գլխավոր խնդիրն այսօր այն է, թե ինչպես ազդել Հայաստանի ղեկավարության վրա, որ հայկական շահերին հակառակ չգնա ռուս-թուրք-ադրբեջանական ճանապարհով։

– Ձեր գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության պայմանագրի ադրբեջանական տարբերակի՞ն է կողմ։

– Մի՛ զարմացեք, բայց պատերազմի ժամանակ Հայաստանն է մերժել միջազգային զորքերի տեղակայումն Արցախում, Հայաստանն է մերժել Մինսկի խմբի խաղաղ կարգավորման վերաբերյալ արված առաջարկները։ Նիկոլ Փաշինյանը փորձում է դա բացատրել, որ ինքը չի վստահում հանրաքվեին, դետալների մեջ խնդիրներ է տեսնում և այլն, ինչը վկայում է, որ ինքն ու իր թիմը հակված են ուրիշ լուծումների, ոչ թե Մինսկի խմբի առաջարկներին։

– Պարո՛ն Ղուկասյան, իսկ որտեղի՞ց երաշխիքներ, որ եթե ստորագրվի խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանը սահմանային ագրեսիայի չի դիմի Հայաստանի կամ Արցախի սահմաններին։

– Ռուս-թուրք-ադրբեջանական ծրագրի շրջանակներում այդպիսի երաշխիքներ չկան, ինչի մասին Ալիևը պարզ ասել է, որ նույնիսկ իր առաջարկած պայմանագիրը կնքելու դեպքում հայերն անվտանգ կլինեն։ Ի տարբերություն դրան՝ Մինսկի խմբի առաջարկը բացառում է զինված հակամարտությունը, որովհետև խոսքը Արցախի անվտանգության գոտու մասին է։

– Եթե չկա այդ երաշխիքը, ինչո՞վ եք բացատրում Հայաստանի իշխանության շահագրգռվածությունը խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։

– Ռուսաստանը բացառիկ երաշխիքներ է տալիս այսօրվա իշխանությանը, որ նրանք կպահեն իրենց պաշտոնները և այն մեծագույն ռուսական ազդեցության տակ գտնվող լծակները, որոնք և՛ պետության մեջ կան, և՛ խորհրդարանում այսօր ներկայացված ուժերը չեն գործի իշխանափոխության համար, այսինքն՝ դրա դիմաց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ստանում են պաշտոնավարելու հնարավորություն։

– Կարծում եք, որ խաղաղության պայմանագիրը, այնուամենայնիվ, կկնքվի, ինչպես դուք եք բնորոշում՝ ռուս-թուրք-ադրբեջանական տարբերակո՞վ։

– Ո՛չ, որովհետև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կտրականապես դեմ են, որ Մինսկի խմբից դուրս Հայաստանի ու Ադրբեջանի միջև որևէ պայմանագիր կնքվի։ Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի ու Հայաստանի ղեկավարության ցանկությունը չի կարող կյանքի կոչվել, որովհետև նրանք չեն կարող անտեսել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշումը։

– Պարո՛ն Ղուկասյան, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։ ՀՀ արտգործնախարարն ասում է, որ Թուրքիայից եկող ազդակները դրական են, դո՞ւք էլ եք նկատում այդ դրական ազդակները։

– Այդ հարցը ևս գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Թուրքիան փորձում է նվազեցնել իր հատուցումը հայերին՝ կոմունիկացիաների բացմամբ, հայկական մշակութային ժառանգության պահպանմամբ, այսինքն՝ այսպիսի շրջանակով փորձում է սահմանափակել Ցեղասպանության համար իր հատուցման հարցը։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, բնականաբար, պատրաստ է նման պայմաններով կարգավորելու հարաբերությունները։ Այստեղ ևս պետք է հաշվի առնել, թե Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ի՞նչ դիրքորոշում ունեն այս հարցում, հատկապես, ԱՄՆ-ն, որովհետև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում գլխավոր դերակատարը ԱՄՆ-ն է։

Այստեղ ևս տեսանելի է անհամաձայնությունը․ ԱՄՆ-ն մտադիր է միջամտել այդ գործընթացին, որպեսզի հայերի հատուցման խնդիրները օդ չդառնան ռուս-թուրքական հարաբերությունների շրջանակում։ Ենթադրում եմ, որ գործընթացի արդյունավետությունը կախված է լինելու ԱՄՆ-ի դիրքորոշումներից, իսկ Հայաստանի իշխանությունը պատրաստ է հլու-հնազանդ կատարելու Մոսկվայից եկող ցանկացած ծրագիր։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am