«Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը՝ սա է լինելու խաղաղության պայմանագրի գինը». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

 – Պարո՛ն Սաֆրաստյան, Ադրբեջանի ղեկավարն ասել է, որ Հայաստանի ու Բաքվի միջև պետք է կնքվի խաղաղության համաձայնագիր, բայց այն «պետք է ստորագրվի իրավունքի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ընդունման պայմանով»: Այս հայտարարությունն արդյոք կապ ունի՞ Շուշիի հռչակագրի հետ, որը վերջերս Թուրքիան ու Ադրբեջանը վավերացրին:

– Շուշիի հռչակագրի ստորագրումից ու վավերացումից հետո, փաստորեն, պետք է հաշվի առնենք, որ երբ գործ ունենք Ադրբեջանի հետ, ապա գործ ունենք նաև Թուրքիայի հետ, եթե գործ ունենք Թուրքիայի հետ՝ գործ ունենք նաև Ադրբեջանի հետ: Այդ հռչակագրով այս երկրների ինտեգրումն ավելի խորն է գնացել, քան կար մինչ այդ:

Այսինքն՝ հիմա, երբ Իլհամ Ալիևը խոսում է խաղաղության համաձայնագրի մասին, մենք կարող ենք ասել, որ դա նաև Թուրքիայի՞ տեսակետն է տվյալ հարցի վերաբերյալ:

– Ես կարծում եմ՝ այո՛, որովհետև, ինչպես ասացի, ինտեգրումը շատ խորն է գնում՝ հիմնվելով Շուշիի հռչակագրի վրա: Նմանօրինակ կարևոր հայտարարությունները նրանք նախապես համաձայնեցնում են:

Ձեր բնորոշմամբ՝ խաղաղության համաձայնագիրը ի՞նչ գնով է հնարավոր լինելու, պարո՛ն Սաֆրաստյան, հաշվի առնելով, որ Ալիևը իր նախապայմաններն արդեն ներկայացրել է:

– Իհարկե լավ կլինի, եթե խաղաղության պայմանագիր լինի, բայց, մյուս կողմից՝ դրա գինը, շատ ճիշտ նշեցիք, ո՞րն է լինելու: Դրա գինը լինելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը: Չեմ կարծում, թե Հայաստանի որևէ իշխանություն այդ գինը կվճարի խաղաղության պայմանագրի դիմաց:

Շուշիի հռչակագիրը կողմերը կնքել են ինտեգրումն ավելի խորացնելո՞ւ համար, թե՞ նաև նպատակ ունեն Հայաստանին ճնշելու կամ, ինչպես իրենք են ասում՝ Հայաստանում առկա ռևանշիստական ուժերին պատասխանելու:

– Շուշիի հռչակագիրը շատ կարևոր փաստաթուղթ է, որն ունի երկու կարևոր առանձնահատկություն. առաջինն այն է, որ դա նախատեսում է Թուրքիայի ու Ադրբեջանի շատ խոր ինտեգրումը՝ մոդել ունենալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունը, և երկրորդ՝ այդ հռչակագրում բաց տեքստով խոսվում է պանթյուրքիստական ծրագրերի իրականացման մասին: Եթե ավելի պարզ ասենք՝ Շուշիի հռչակագիրը նշանակում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը այդպես խոր ինտեգրվում են, և դա օրինակ է ծառայելու, նրանք հուսով են՝ մյուս թյուրքալեզու պետությունների համար, որոնք կգան ու կմիանան դրան:

Սա պանթյուրքիստական ուղղվածության ակնհայտ փաստաթուղթ է, որը չեն էլ թաքցնում: Ակնհայտ է, որ մեզ համար դա շատ ավելի լուրջ վտանգներ է ստեղծում, քան կար մինչ այդ հռչակագրի կնքումը, սա նշանակում է, որ մենք գործ ենք ունենալու երկուսի հետ միաժամանակ: Ըստ այդ հռչակագրի՝ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց կարևոր քայլերը նախապես միասին են որոշելու:

 – Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ այդ հռչակագրից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ինչպե՞ս կլինի:

– Ես ընդհանրապես այդ բանակցային գործընթացից առանձնապես մեծ սպասումներ չունեմ: Պարզ է, որ Շուշիի հռչակագիրն ավելի կբարդացնի բանակցությունների ընթացքը, նրանք էլ դա չեն թաքցնում: Թուրքիայի ղեկավարներն ամենաբարձր մակարդակով, օրինակ՝ Չավուշօղլուն, հայտարարում են, որ մինչև բանակցային գործընթացը ձեռնարկելը քննարկել են Ադրբեջանի հետ: Այսինքն՝ առաջ, եթե տեղյակ էին պահում Ադրբեջանին, հիմա նախապես ամեն ինչ իրար հետ պայմանավորվում են, միասին քննարկում, նոր քայլեր ձեռնարկում:

– Ձեր տպավորությամբ՝ Թուրքիան ու Ադրբեջանը երբևէ կհրաժարվե՞ն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման իրենց պայմաններից:

– Տասնյակ տարիներ զբաղվելով թուրքերի ուսումնասիրությամբ՝ թուրքերի ու, հավանական է՝ նաև Ադրբեջանի մտածելակերպում հետևյալն է, որ իրենք պատերազմը հաղթել են ու պետք է հնարավորինս շատ բան ստանալ այդ հաղթանակից, հետևաբար իրենք չեն համաձայնի գնալ կոմպրոմիսի Հայաստանի հետ ու կփորձեն ստիպել Հայաստանին, որպեսզի հնարավորինս շատ բան ստանան:

Հույս ունենանք, որ մեր քաղաքականությունը կկարողանա կանխել այդ փորձերը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am