«Նախորդ իշխանության համար հայրենասիրությունը, պետականաշինությունը խորթ գաղափարներ են.նրանք չեն կարող լինել կառուցողական»․ Զարեհ Սինանյան

«Նախորդ իշխանության համար հայրենասիրությունը, պետականաշինությունը խորթ գաղափարներ են.նրանք չեն կարող լինել կառուցողական»․ Զարեհ Սինանյան
«Նախորդ իշխանության համար հայրենասիրությունը, պետականաշինությունը խորթ գաղափարներ են.նրանք չեն կարող լինել կառուցողական»․ Զարեհ Սինանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը։

– Պարո՛ն Սինանյան, Նիկոլ Փաշինյանն իր մեծ ասուլիսում հայտարարեց, որ եթե հիմա էլ ընտրություններ լինեին, «Իմ քայլը» դաշինքն էլ ավելի շատ ձայն կստանար։ Ձեր կարծիքով, պահպանվե՞լ է այն մթնոլորտը, որ կար ընտրություններից առաջ նաև վստահության առումով։

– Կարծում եմ՝ մեծ հաշվով, այո՛, պահպանվել է։ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը կա։ Այն ժամանակ էլ որևէ մեկը չէր կասկածում, որ մարդիկ, մեծ հաշվով, քվեարկել են Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի օգտին։ Չեմ կարծում՝ գաղտնիք է, որ այդտեղ Նիկոլ Փաշինյանն առանցքային դեր է խաղացել։

– Վերջին ամիսների աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում։ Արդեն ներդրումների վերաբերյալ թվեր նշվեցին։ Որքանո՞վ է այսօր դրսի ներդրողը հետաքրքրված Հայաստանով, որքանով հայաստանցին պիտի սպասի ներդրումների։

– Որքանով ես եմ տեղեկացված հեռվից, կարծում եմ, որ Հայաստանը կարող է ակնկալել ներդրումներ։ Ես հասկանում եմ, որ բոլորը միանգամից ակնկալում են հսկայական ներդրումներ, բայց դա ավելի դանդաղ պրոցես է լինելու։ Բայց որ Հայաստանը ներդրումների առումով ավելի վստահելի երկիր է համարվելու, դրանում կասկած չկա։

– Ձեր պատկերացմամբ՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները հասե՞լ են հասարակ մարդկանց։ Հասարակության մեջ կա՞ դժգոհություն, որ փոփոխություններն արագ տեղի չեն ունենում, թե՞ գոհունակություն կա։

– Դժգոհություն կա, բայց դա բեկում չի մտցրել մարդկանց դրական տրամադրվածության մեջ։ Այդ դժգոհությունն էլ իր հերթին հիմնականում սուբյեկտիվ է, որովհետև մարդկանց ակնկալիքները ժամանակի իմաստով մի քիչ շատ մեծ էին ու շատ լավատեսական։

– Ի դեպ, իշխանությունների ցանկացած քայլին ամենաշատը քննադատություններ են հնչեցնում նախորդ իշխանությունները։ Ձեր կարծիքով՝ դա ինչո՞վ է պայմանավորված, փորձում են զսպաշապի՞կ լինել, թե՞ իշխանության կորստի զգացողությունը նրանց միջից դեռ դուրս չի եկել։

– Իհարկե նրանք առաջնորդվում են «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով։ Նրանք չեն փորձում դրական դեր խաղալ, զսպաշապիկի դեր խաղալ, ինչը այսօր շատ անհրաժեշտ է Հայաստանին ու գործող իշխանություններին։ Նրանք այդ դերը նաև չեն կարող խաղալ, որովհետև իրենց անցյալը նայելով, հասկանում ենք, թե ի՛նչ սկզբունքներով էին նրանք ուղղորդվում, երբ իշխանության էին։ Իրենց համար հայրենասիրությունը, պետականաշինությունը խորթ գաղափարներ են։ Այսօր էլ նրանք չեն կարող լինել կառուցողական։

– Վերջին օրերին ականատես եղանք, թե ինչպես է քաղաքային իշխանությունը Օպերայի շրջակա տարածքն ազատում սրճարաններից։ Այս գործընթացը դուք ինչպե՞ս եք գնահատում։

– Ես ժամանակ առաջ հանդիպել եմ թե՛ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, թե՛ Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի հետ, և այդ հարցն էլ մի փոքր շոշափվել է։ Ես շատ կողմնակից եմ նրան, ինչ իրենք այսօր անում են։ Վերջապես Երևանի այգիներից մեկը վերադառնում է քաղաքացիներին։ Սա պետք է լինի շարունակական գործընթաց։ Ես լսում եմ, որ այդ սրճարանների սեփականատերերը հայտարարում են, որ ամեն ինչ օրենքով են ստացել, թույլտվություններ ունեն, բայց ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե իրենք ոնց են այդ թույլտվություններն ստացել։ Հետևաբար, այսօր հենվել այդ կեղծված, նույնիսկ արժեք չունեցող փաստաթղթերի վրա որպես հիմք՝ ժողովրդին ու քաղաքին պատկանող գույքը յուրացնելու համար, դա իհարկե աններելի և անընդունելի է։

– Բայց միաժամանակ քաղաքացիները նշում էին, որ սրճարանները քանդելիս սոցիալական խնդիր է առաջ գալիս, մարդիկ կորցնում են աշխատատեղերը։

– Դա չի կարող արդարացում լինել ժողովրդի կամ պետական գույքը գողանալու համար։ Հակառակ դեպքում աշխատատեղերի անվան տակ ցանկացած օրինազանցություն կարելի է արդարացնել։ Դա ընդունելի չէ, երբեք աշխատատեղերի հարցը չի կարող օրինազանցության համար հիմք լինել։ Մի կողմից, ներկայացվող թվերը շատ ուռճացված էին, մյուս կողմից՝ այդ ոլորտում աշխատող մարդիկ բավական պահանջարկ ունեն՝ շնորհիվ տուրիզմի։ Նրանք անգործ չեն մնա։ Երևանցիներից նրա կանաչ տարածքները գողանալը հանցագործություն է՝ լինի այն ժամանակ, թե այսօր։ Այնպես որ, սկսված գործընթացը միայն ողջունելի է։

Մանե Հարությունյան

MediaLab.am