«Կորոնավիրուսից մահացության ցուցանիշը 2% է, և Հայաստանը նարնջագույն գոտում է». Ռոմելլա Աբովյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը 

– Տիկի՛ն Աբովյան, համավարակային ինչպիսի՞ պատկեր է այժմ Հայաստանի Հանրապետությունում, կարծես թե օրական արձանագրվող նոր վարակվածության ցուցանիշների նվազման միտում է նկատվում:

– Այսօր համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն. վերջին տասնչորս օրվա նոր դեպքերի տվյալները՝ նախորդ տասնչորս օրվա հետ համեմատելիս, ունենք 84%-ով նոր դեպքերի նվազում:

Վարակի վերարտադրողական ցուցանիշը 0,4 է, այսինքն՝ 1-ից ցածր, ինչը նշանակում է, որ վարակի տարածման տեմպերը դանդաղել են: Մանկապատանեկան բոլոր տարիքային խմբերում ունենք վարակվածության նվազում: Եվրամիության չափանիշներով էլ այսօր Հայաստանը գտնվում է նարնջագույն գոտում:

Համավարակի հետևանքով արձանագրվող մահվան դեպքերի ցուցանիշների նվազման միտում չկա՞:

– Մահացության ցուցանիշը շարունակում է մնալ 2%, ինչպես գրանցվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում:

Իսկ այդ ցուցանիշի անփոփոխ լինելն ինչո՞վ է բացատրվում, ստացվում է, որ վարակվածության նոր դեպքերի ցուցանիշները նվազել են, իսկ մահվանը՝ մնացել է նույնը, ինչ ամիսներ առաջ էր:

– 2%-ը միջազգային ցուցանիշին համահունչ է, գրեթե բոլոր երկրներում մահացության այս ցուցանիշն է: Պատճառ կարող է լինել ուշ դիմելիությունը:

Բազմիցս նշել ենք, որ օմիկրոն շտամով պայմանավորված՝ կորոնավիրուսային հիվանդությունը շատ նման է սուր շնչառական վարակներին՝ իր ախտանշաններով, ինչի հետևանքով էլ բնակչության մեծ մասն ուղղակի բժշկի չի դիմում ու սկսում է ինքնաբուժությամբ զբաղվել տան պայմաններում, և երբ վիճակը ծանրանում է, նոր միայն դիմում է բժշկի:

Տիկի՛ն Աբովյան, մայրաքաղաքում բացված քովիդի սպասարկման լրացուցիչ բաժանմունքները շարունակում են գործե՞լ, թե՞ արդեն փակվել են:

– Կայուն իրավիճակից ելնելով՝ շատ բաժանմունքներ փակվել են, եթե իրավիճակը կրկին բարդանա՝ բաժանմունքները կվերապրոֆիլավորվեն, այսօր հակառակ գործընթացն է, այսինքն՝ փակվում են:

Վարակի տարածման տեմպերի դանդաղումը ինչո՞վ եք պայմանավորում՝ մարդիկ ավելի հետևողակա՞ն են դարձել հակահամաճարակային կանոնների պահպանման առումով, թե՞ այլ պատճառ կա:

– Ուսումնասիրելով այլ երկրների փորձը՝ կարող եմ ասել, որ բավականին մեծ դեր է խաղացել պատվաստումային գործընթացը: Շատ մարդիկ, որոնք պատվաստված են, ախտանշաններ ունենալիս անգամ չեն էլ թեստավորվել, և մեր վիճակագրության մեջ այդ դեպքերն արտացոլված չեն, քանի որ հիվանդության ընթացքը շատ թեթև է եղել:

Հիմնական պատճառը սա է ու նաև այս հիվանդության համաճարակաբանական օրինաչափությունները՝ 3-4 ամիսը մեկ դեպքերի ցուցանիշը բարձրանում է, ապա՝ նվազում:

Իսկ զգոնությունը պե՞տք է թուլացնել, թե՞ ոչ:

– Ո՛չ, զգոնությունը պետք է պահպանել, քանի որ մենք դեռևս համավարակի շրջանում ենք, և պարզ չէ, թե ինչ նոր շտամներ ի հայտ կգան, և ինչ զարգացումներ կարող ենք ունենալ օմիկրոնի կամ կորոնավիրուսային հիվանդության մեկ այլ շտամի պարագայում:

Ահա թե ինչու զգոնությունը պարտադիր պետք է պահպանել, թեև փակ ու բաց տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվել է, բայց խորհուրդ կտամ փակ տարածքներում դիմակ կրել, հատկապես այն տարածքներում, որտեղ անհնար է սոցիալական հեռավորություն պահպանել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am