«Մարդն ասում է՝ եթե պատերազմ սկսեցիք, նոր տարածքներ եք տալու, այսինքն հստակ հայկական շահերին է վերադառնում»․ Լեւոն Շիրինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

– Պարո՛ն Շիրինյան, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպմանը «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» ձևաչափի։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը, այն քաղաքակա՞ն, թե՞ ռազմական հայտարարություն է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն արդեն պարզաբանումներ է պահանջել դրանց վերաբերյալ։

– Այդ հայտարարությունը գեոստրատեգիական է և համահունչ է աշխարհի ժամանակակից զարգացումներին և Հայաստանի նոր իմիջին ու վարկանիշին։ Սա նաև ադրբեջանցիների համար է օբյեկտիվ, որովհետև նրանք ուզում-չուզեն մի օր պետք է արթնանան ու տեսնեն բնիկ ժողովուրդների հաղթանակը։ Դա բխում է Ադրբեջանի բնիկ ժողովուրդների շահերից՝ լեզգիներ, թալիշներ և այլք։ Դա բխում է նաև թրքության շահերից, որովհետև, վերջիվերջո, իրենք էլ պետք է հասկանան, որ ծնվել է անապատից և այստեղ ունի սահմանափակ իրավունքներ։

– Ամեն դեպքում Ադրբեջանն արդեն պարզաբանումներ է պահանջել, թե ինչ է նշանակում այս հայտարարությունը։

– Սա նշանակում է, որ Հայաստանը վերադառնում է օբյեկտիվ իրողությունների գնահատականի։ Հայաստանում վերջնականապես տապալված է պլուտոկրատական, օտարահպատակ իշխանությունը։ Ես նկատի ունեմ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, որոնք օտար ուժերի դրածո են եղել, իսկ հիմա Հայաստանում ազգային պետությունը տեր է դառնում իր շահերին։ Սա համահունչ է աշխարհի զարգացումներին։

– Իսկ դուք կապ տեսնո՞ւմ եք, որ այդ հայտարարությունն արվեց Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո։

– Իհարկե տեսնում եմ։ Երբ ես ասում էի, որ Նիկոլ Փաշինյանը նոր քաղաքականություն է առաջարկում, շատերը չէին համաձայնում։ Եվրոպայի կենտրոն Վիեննայում հայտարարվում է հայ ժողովրդի իրավունքների մասին։ Այն Վիեննայի, որտեղ հայկական հարցը բազմաթիվ անգամ քննարկվել է։ Շատ նորմալ է նման հայտարարությունը Դավիթ Տոնոյանի կողմից։ Ադրբեջանի թրքությանը վնաս է, մնացածին ձեռնտու է։ Խոսքը Ադրբեջանի ղեկավարության մասին է, իսկ Ադրբեջանը ազգային պետություն չէ, եկել ու նստել է բնիկ ժողովուրդների վզին։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանի լեզգիները, թալիշները շատ ուրախ են և ողջունում են հայկական տեսակետի փոփոխությունը։ Դա ողջունվում է նաև Արևմուտքի կողմից։ Ռուսաստանում հակասական է իրավիճակը. այնտեղ ռուսական իրական շահերը հասկացող հատվածի համար շատ շահավետ է, իսկ ֆեոդալական աշխարհի կանոններով ապրող Ռուսաստանի համար այդ հայտարարությունը ձեռնտու չէ։ Բայց դա ժամանակավոր է։

– Պարո՛ն Շիրինյան, ամեն դեպքում իշխող կուսակցությունը փորձում է սրբագրել այդ հայտարարությունը, մի փոքր մեղմ ձևով ներկայացնել։ Մասնավորապես, Հովհաննես Իգիթյանը հայտարարել է, որ դա տրված հարցերի կոնտեքստում է եղել և հայ համայնքի մտահոգությունները փարատելու համար է ասվել։

– Իգիթյանը մի ոտքով ՀՀՇ-ի ավազանում է, իսկ ձևի մեջ նոր իշխանության մեջ է։ Նա ինձ համար հեղինակություն չէ, դրա համար նրա հայտարարությունն ինձ համար բացարձակ արժեք չունի։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանի դպրոցն է. ֆիզիկապես նրանք հեռացել են, բայց հոգևոր իմաստով մնում են նույնը։ Ինձ համար արժեք ունեն վարչապետի բանակցային քայլերը և Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, որը ես նոր Հայաստանի սիմվոլ եմ համարում։

– Տոնոյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը այդ խրամատային, անընդհատ պաշտպանողական վիճակից անցնելու է հարձակողականի, ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք։ Սա ի՞նչ է նշանակում։

– Սա տեսակետի ճշգրտում է։ Նախկինում ասել են «տարածքներ խաղաղության դիմաց», որն արտահայտում է Ադրբեջանի շահերը, հիմա մարդն ասում է՝ եթե պատերազմ սկսեցիք, նոր տարածքներ եք տալու, որը մեր տարածքներն են։ Այսինքն՝ մարդը հստակ հայկական շահերին է վերադառնում։ Կարող ենք ասել, որ Հայաստանում վերջնականորեն տապալված է կոլաբորացիոնիստական իշխանությունը, որը ձևավորվել է ՀՀՇ-ի շրջանում և ավարտվել թավշյա հեղափոխությամբ։ Ընդդիմադիր մամուլից ինձ հարցնում են այդ ամենի մասին ու Ալիևի տեսակետը որպես փաստարկ են բերում։ Ես էլ ասում եմ՝ թքած Ալիևի տեսակետի վրա։ Մենք պետք է հաշվի առնենք առաջին հերթին վարչապետի տեսակետը, երկրորդը՝ ԱԺ նախագահի, երրորդը՝ պաշտպանության նախարարի։ Իսկ անցյալի մնացուկներին պետք է մոռանալ։ Ես հիշում եմ, որ երբ Դավիթ Տոնոյանը նոր էր նշանակվում պաշտպանության նախարար, նա ասաց՝ պարոն վարչապետ, բանակը գնում է այն հզորության մակարդակին, որ դուք լավ բանակցեք։ Այդպես էլ լինում է։

Մանե Հարությունյան

MediaLab.am