«Արցախում շատ լավ են հասկացել՝ ինչի մասին է խոսքը, ու հենց դրա համար էլ բողոքում են․ տեղին հայտարարություն է»․ Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, երեկ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով Հայաստանի իշխանություններից՝ «հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և կա՞ր նման հայտարարության անհրաժեշտությունն արդյոք։

-Այդ հայտարարությունը, իմ կարծիքով, տեղին է, որովհետև այնտեղ ասվում է, որ հայաստանյան իշխանություններն իրավունք չունեն նշաձող իջեցնելու Արցախի կարգավիճակի հարցում, և ճիշտ էր ասվում, իհարկե իրավունք չունեն։

Եթե խոսքն Արցախի ապագա կարգավիճակի մասին է, ապա դրա որոշողը պետք է լինի Արցախը, ի դեպ, նույն բանն էլ, մեծ հաշվով, Հայաստանի իշխանություններն են ասել, որ իրենք իրավունք չունեն խոսելու Արցախի ժողովրդի անունից։

Դեռ շատ ավելի վաղ՝ 90-ականների վերջերին, մեր դիրքորոշումը հետևյալն էր․ Հայաստանի համար ընդունելի կլինի կարգավորման ցանկացած տարբերակ, որը ընդունելի կլինի Արցախի ժողովրդի համար։ Ինձ համար անհասկանալի էր, թե Նիկոկ Փաշինյանն ընդհանրապես ինչու է խոսում այդ նշաձողն իջեցնել-չիջեցնելու մասին, եթե կարգավիճակը պետք է որոշի Արցախի ժողովուրդը, և վերջնական հաշվով քննարկվի Արցախի և Ադրբեջանի միջև, իհարկե Մինսկի խմբի կամ որևէ այլ բանակցային միջնորդական հարթակում։

– Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իշխանական պատգամավորը, անդրադառնալով տարածված հայտարարությանը, ասաց, որ Արցախի իրենց գործընկերները «հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը», ու վստահեցրեց, թե «արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել»։ Համակարծի՞ք եք այս մտքին։

– Հակառակը՝ ես կարծում եմ, որ այնտեղ շատ լավ են հասկացել, թե ինչի մասին է խոսքը, ու հենց դրա համար էլ բողոքում են, որովհետև, այո՛, եթե Հայաստանի դիրքորոշումն այդպիսին պետք է լինի, ապա իրենք պետք է ասեն, որ այդ պարագայում Հայաստանն ընդհանրապես իրավունք չունի խոսելու նշաձող բարձրացնել-իջեցնելու մասին։ Դրա համար եմ ասում՝ անհասկանալի էր, թե ինչո՛ւ էր Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես այդ հարցը խառնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։

– Նկատի ունեք, որ դրանք առանձի՞ն հարցեր են, բայց գործող իշխանությունը միավորե՞լ է դրանք, պարո՛ն Բաղդասարյան։

– Բնականաբար դրանք առանձին հարցեր են, որովհետև Արցախի հարցը երբեք էլ չի եղել տարածքային խնդիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Արցախի հարցը միշտ եղել է ինքնորոշման խնդիր, այսինքն՝ միջազգային իրավունքի խնդիր, ու վեճի առարկան միշտ եղել է Արցախի ու Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

– Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրենց համար ադրբեջանական հինգ կետերն ընդունելի են, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, պետք է լինեն այսպես կոչված խաղաղության պայմանագրի հիմքում, չի՞ ստացվում, որ արցախյան հարցի կարգավորումը տեղափոխվում է այս հարթություն։

– Բայց այդ հինգ կետերի մեջ Արցախի անունն էլ չկար, կարգավիճակի ու նշաձողի մասին էլ, այսինքն՝ հասկանալի էր, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելուց հետո ինչ-որ պահի, ինչպես, ի դեպ Մինսկի խմբի համանախագահներն են պնդում, Արցախը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, ենթադրվում է, որ և քննարկվեն Արցախի կարգավիճակը, անվտանգային խնդիրները և այլն։

– Իսկ ձեր տպավորությամբ, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի վերջին օրերին արված ելույթները, ի՞նչ կարելի է սպասել Արցախի հարցի կարգավորման մասով։

– Նիկոլ Փաշինյանի ասածն այն է, որ մենք այդ հարցին ընդհանրապես չենք խառնվելու, կարող ենք օգնել երկու ասպեկտով՝ ֆինանսական և խնդիրները միջազգային տարբեր ատյաններում բարձրացնելով, սրանից զատ ուրիշ ակնկալիք չունենաք, մենք անվտանգության երաշխավոր չենք։

Հաջորդ օրվա ելույթի ասելիքն էլ այն էր, որ մենք այդ ամենը դրա համար ենք անում, որ Արցախում հայեր ապրեն, ինչը կրկին նշանակում էր, որ մենք անվտանգության երաշխավոր չենք կարող լինել, գուցե ռուսները կարողանան, դրա համար ավելի լավ է՝ մենք մի կողմ քաշվենք։

– Իսկ կարգավիճակի և այլ հարցերի վերաբերյա՞լ էլ գործող իշխանությունը չի պատասխանելու, պարո՛ն Բաղդասարյան։

– Գործող իշխանությունը չի ուզում այդ հարցին պատասխանել, խնդիրը սա է։ Ուրիշ փաստարկ չի բերում, Փաշինյանն ասում է՝ ո՞նց ենք ձեռքներս լվացել, եթե այսքան փող ենք տվել Արցախին: Դրա համար եմ ասում, որ ինքն ասում է՝ միայն փող ենք տալու ու միջազգային հարթակներում հարցեր ենք բարձրացնելու, ավելին չպահանջեք։

– Պարո՛ն Բաղդասարյան, իսկ երկու հայկական պետությունների իշխանությունների տարաձայնությունը կոնկրետ այս հարցի վերաբերյալ ի՞նչ զարգացումների կբերի։

– Դրանք արդեն իսկ բավականին խորացել են, ու խնդիրը ոչ թե Հայաստանի ու Արցախի միջև է, այլ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմից Արցախի անվտանգությունը կապում է Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանը փորձում է դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց, իրականում ճաքն այդտեղից է սկսվում։

Այս իշխանության անհասկանալի քաղաքականությունն է պատճառը, որ Հայաստանն ու Արցախը տարանջատում է, որովհետև նպատակներն են տարբեր, երաշխավորներն ու մեխանիզմները։

– Կհաջողվի՞ Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցությունից։

– Ո՛չ, և կարծում եմ, որ դա է Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը, որովհետև նա ձեռնարկել է մի գործ, որն ի սկզբանե դատապարտված է ձախողման։ Նա անում է մի բան, որը գործնականում հնարավոր չէ, ու հետևանքները կարող են աղետալի լինել։ Իրական խնդիրը սա է։

– Այդ համատեքստո՞ւմ պետք է դիտարկենք Փաշինյանի այն հայտարարությունները, որ ասում է, թե խաղաղության պայմանագրի կնքումը ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավորինս շուտ պետք է իրականություն դարձնել։

– Տեսնում եք, երբ ինքն ասում է՝ պետք է, ինքը ցանկություն է հայտնում, ոչ թե հաշվի է նստում իրողությունների հետ։ Եթե հաշվի նստեր իրողությունների հետ, կհասկանար, որ Թուրքիային ու Ադրբեջանին այդ խաղաղությունը պետք չէ կամ, եթե պետք է՝ դրա համար չափազանց մեծ գին են պահանջելու, օրինակ՝ Սյունիքը, Սևանի ավազանը, փախստականների վերադարձ և այլն, իսկ եթե դրանք չլինեն, ոչ մի խաղաղության դարաշրջան էլ չի բացվելու։

Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է նման բան, նշանակում է կա՛մ չի հասկանում, կա՛մ ձեռնարկում է մի բան, որն ի սկզբանե չի ստացվելու, ի դեպ, չի ստացվելու նաև այն պատճառով, որ տարածաշրջանի հիմնական խաղացող Ռուսաստանին այդ երկարատև խաղաղությունը ձեռնտու չէ։ Նրանց պետք է կառավարելի լարվածություն հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ, որպեսզի արդարացվի իրենց ռազմական ներկայությունը մեր տարածաշրջանում։

– Հաշվի առնելով ձեր նշած հանգամանքը, այսինքն՝ Ռուսաստանը կմիջամտի՞ այդ գործընթացների կատարմանը։

– Պարբերաբար լարվածության օջախներ կստեղծի, որպեսզի Հայաստանի մտքով հանկարծ չանցնի դուրս գալ Մոսկվայի ազդեցության գոտուց, որովհետև եթե հայ-թուրք-ադրբեջանական հարաբերությունները երկար ժամանակով կարգավորվեն, ռուսների ներկայությունն այստեղ անիմաստ է դառնում։ Այդ ամենը հասկանալով՝ Ռուսաստանը թույլ չի տա հարաբերությունների կարգավորումը, ինչպես եղել է տասնամյակներ, հարյուրամյակներ շարունակ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am