Պայքար, պայքար մինչև վե՞րջ. ինչ ակնկալիքներով են քաղաքական ուժերը համախմբվելու կոչեր հնչեցնում 

Վերջին օրերին բուռն քննարկումների առիթ հանդիսացած վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած ելույթները բացօթյա պայքարի են հանել տարաբնույթ քաղաքական ուժերի, որոնց փողոցային պայքարի կոչերն ու հայտարարությունները օրեցօր ավելանում են ու ակտիվանում:

Մի կողմից քաղաքական ուժերը, մյուս կողմից՝ տարբեր քաղաքագետներ մտահոգություններ են հնչեցնում առաջիկայում Ադրբեջանի հետ ստորագրվելիք այսպես ասած խաղաղության պայմանագրի շուրջ՝ համարելով այն աղետաբեր: 

Պնդումների և համոզմունքների հիմնական ուղղությունը գրեթե նույնն է. Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի անդամների ելույթներից պարզ է, որ գործող իշխանությունը պատրաստ է Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս:

Քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչները, քաղաքագետներն ու վերլուծաբանները պնդում են, որ իշխանության կողմից ներկայացվող խաղաղության դարաշրջանն իրականում լինելու է Հայաստանի ու Արցախի համար ճակատագրական, և որ ամեն գնով պետք է կանխել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը:

«Պետք է խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց»,- այսօր հրապարակած հոդվածում կարծիք է հայտնել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: 

Նա նշել է, որ ցանկացած բանակցությունների արդյունք պետք է բավարարի երեք պայմանի՝ պետք է լինի իմաստալից, արդյունավետ և բարելավի կողմերի հարաբերությունները։ 

«Ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունները, չի կարող բավարարել այս պայմաններից և ոչ մեկը։ Փաշինյանի և նրա թիմակիցների՝ Ազգային ժողովում ունեցած ելույթները Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի նշաձողն իջեցնելու պատրաստակամության, այսինքն՝ Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին ընդունելու մասին, նախապես արդեն փակել են բանակցություններով Հայաստանի համար ընդունելի ելքի հասնելու բոլոր հնարավորությունները»,- գրել է Վարդան Օսկանյանը: 

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն էլ երեկվանից Ազատության հրապարակում սկսել է անժամկետ բողոքի ակցիա, ու ինչպես ինքն է վստահեցրել, մնալու է այնտեղ, մինչև իշխանափոխություն չլինի Հայաստանում՝ բոլորին կոչ անելով գնալ Ազատության հրապարակ:

Որ ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմակերպած բողոքի ակցիաները պայմանավորված են Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթներով՝ համոզված են քաղաքագետները, բայց նույնքան էլ համոզված են, որ դրանք չեն կարող նպաստել Հայաստանում իշխանափոխությանը: Նման համոզմունք ունի քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը:

Նա քիչ հավանական է համարում իշխանափոխությունը: Որպես հիմնական պատճառ Սուրենյանցը նշում է հասարակության ակտիվության պակասը, որի բացակայության դեպքում իշխանափոխություն հնարավոր չէ: 

«Ընդդիմադիր գործչի երկար տարիների փորձս թույլ է տալիս իմ ընկեր Արթուր Վանեցյանին խորհուրդ տալ, որ նման կատեգորիկ արտահայտություններ չանի, որովհետև քաղաքական պրոցեսը բազմաշերտ է, ու վաղը կարող է պարզվել, որ, օրինակ՝ նստացույցից ավելի արդյունավետ միջոց կա»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ այս ակցիան որոշակի խնդիրներ, այնուամենայնիվ, կլուծի, որից հետո ավելի արդյունավետ պայքարի միջոց գտնելու հարց կքննարկի ընդդիմությունը: 

Մեկ այլ քաղաքագետ՝ Արմեն Վարդանյանը, ևս լավատես չէ ակցիայի արդյունավետության մասով: Նա նշում է, որ սա լինելու է հերթական ակցիան, քանի որ ընդդիմությունն այսօր իշխանափոխություն իրականացնելու ռեալ ոչ մի հնարավորություն չունի՝ ի տարբերություն 2020-ի նոյեմբերի 9-ից հետո:

«Այդ նույն ընդդիմադիր գործիչները իշխանափոխության հիանալի շանս ունեին 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, երբ իշխանությունն ընկած էր գետնին, իշխանության ներկայացուցիչները թաքնվում էին բունկերներում և նկուղներում, ուժային կառույցների մի մասը նույնիսկ փաստացի չէր ենթարկվում իշխանությանը, բայց Արթուր Վանեցյանն ու իր կողմնակիցները չկարողացան օգտվել այդ շանսից: Հիմա, երբ 100-200 հոգանոց ցույցեր են անում, որևէ նախանշան չեմ տեսնում, որ կարող են իշխանափոխություն անել»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Վարդանյանը:

Վարդանյանն ընդգծում է, որ այսօր բոլորը բողոքի ցույցեր են անում, փորձում հայրենիք փրկել, բայց շատ քչերն են հստակ նշում, թե ինչ ճանապարհով պետք է գնալ:

«Նիկոլ Փաշինյանի գլխին այսօր դամոկլյան սրի նման կախված է ռուսական իշխանության շանտաժը, որ Հայաստանը խաղաղության պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ: Վանեցյանը, ունենալով ռուսամետ քաղաքական գործչի համարում, լավ կլիներ կոնկրետ ասեր՝ ինքը համաձա՞յն է Ռուսաստանի այդ պահանջին, եթե ինքը լիներ՝ ի՞նչ կաներ, ի՞նչ այլընտրանքներ է առաջարկում»,- ասում է քաղաքագետը՝ չբացառելով սցենարը, որ Վանեցյանի ակտիվությունն ու այս գործողությունները համաձայնեցված են ռուսական կողմի հետ:

Քաղաքագետները համոզված են, որ ընդդիմադիր ուժերը պետք է հետագա անելիքների հստակ ճանապարհ ներկայացնեն հանրությանը, որպեսզի մարդիկ հասկանան՝ որքանով է այս կամ այն ուժի ասածը իրատեսական:

Այնուամենայնիվ, խորհրդարանական ընդդիմադիր առաջնորդը դեռ շարունակում է մնալ Ազատության հրապարակում, խոսել մարդկանց հետ` առանց կոնկրետ առաջարկների: 

Սուրենյանցը նշում է, որ տեղեկությունների համաձայն՝ վաղը Մոսկվայում սպասվում է երկկողմ փաստաթղթի ստորագրում, և, բնականաբար, Պուտին-Փաշինյան բանակցությունների օրակարգում ներառված է նաև ԼՂ խնդիրը։ 

Ընդդիմության ակտիվությունը քաղաքագետը կապում է նաև այս հանդիպման հետ՝ նշելով, որ Հայաստանի պարագայում զարմանալի չէ, որ քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարները՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, առաջին հերթին փորձում են «ներկա» ստանալ Մոսկվայում։ 

«Մեր քաղաքական համակարգն իռացիոնալ է, ու պատահական չէ, որ իրական, բովանդակային դիսկուրսի փոխարեն՝ իշխանությունն ու ընդդիմությունը գեներացնում են անտագոնիստական հռետորաբանություն՝ արհեստական աղմուկի մեջ խեղդելով ռացիոնալ կարծիքները։ Նույն տրամաբանությամբ՝ հանրությունը չունի քաղաքական տրանսլյատորներ, բայց Կրեմլը Հայաստանում «արտահաստիքային խոսնակների» պակաս չունի»,- «Մեդիալաբին» ասում է Սուրենյանցը: 

Ավելին, ընդդիմադիր խորհրդարանական մյուս խմբակցությունից՝ «Հայատանից» ասում են՝ կա պայքարի գործողությունների ծրագիր, բայց չեն մանրամասնում: «Խնդրում եմ, որպեսզի մեր հայրենակիցները այդ իմաստով փոքր ինչ համբերեն», -այսօր հայտարարել է խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հրաժարվելով մանրամասնել մարտավարական պլանը:

Օրերս պայքարի կոչեր են հնչել նաև Կարին Տոնոյանի գլխավորած «5165» շարժումից՝ ապրիլի 19-ից հայտարարելով անժամկետ ու շատ ակտիվ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, մինչև հասնեն Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի հեռացմանը:

«Ապրիլի 19-ից սկսում ենք անդադար ռեժիմի գործողություններ՝ հասնելու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը: «5165» շարժումը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը, Ավետիք Չալաբյանը Արցախի կարգավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հայտարարությունները համարելով Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամություն՝ ելնում են անժամկետ պայքարի՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով»,- այս մասին հայտնել են շարժումից։

Պայքարի կոչեր են հնչում նաև «Ազգային-ժողովրդավարական բևեռից» և Հայ հեղափոխական դաշնակցությունից: 

«Կոչ ենք անում զգոն լինել, չտրվել սադրանքների ու սպասել շուտով գալիք պատեհ պահին և այդ ժամանակ մեր առաջին իսկ կոչով դուրս գալ հրապարակ։ Մենք սխալվելու իրավունք չունենք։ Մերժե՛նք նախկին ու ներկա դավաճաններին»,- ապրիլի 17-ի հայտարարության մեջ նշել է ԱԺԲ խորհուրդը: 

«Ստեղծված ծանրագույն իրավիճակում բեկում կարող է առաջանալ, երբ համազգային ներուժի մեկտեղմամբ դիմադրություն ցույց տրվի դավադիր պայմանավորվածություններով ու սպառնալիքներով հայ ժողովրդին պարտադրվող օրակարգերին: Հայաստանի գործող իշխանության հեռացումը և բանակցողի փոփոխությունը իրավիճակից դուրս գալու առաջին քայլն է»,- ասվում է ապրիլի 15-ին ՀՅԴ տարածած հայտարարության մեջ:

ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին հայտարարել է. 

«Մեր ժողովուրդն այսօր պիտի ոտքի կանգնի, իր ձեռքը վերցնի երկրի ապագայի համար որոշումներ կայացնելու ղեկը՝ ապահովելու պետության անվտանգությունն ու ժողովրդի արդար, ազատ և բարեկեցիկ կյանքը»։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am