Դատական համակարգում ոչինչ չի փոխվել, եթե փոխված լիներ ԲԴԽ-ն տանը կլիներ, ոչ թե միլիոնանոց ֆուրշետներ կկազմակերպեր. Փաստաբան

Դատական համակարգում ոչինչ չի փոխվել, եթե փոխված լիներ ԲԴԽ-ն տանը կլիներ, ոչ թե  միլիոնանոց ֆուրշետներ կկազմակերպեր. Փաստաբան
Դատական համակարգում ոչինչ չի փոխվել, եթե փոխված լիներ ԲԴԽ-ն տանը կլիներ, ոչ թե միլիոնանոց ֆուրշետներ կկազմակերպեր. Փաստաբան

Դատական համակարգում պետք է վերանա կոռուպցիան, բայց դա հնարավոր չէ նախկինում ձևավորված բուրգի պայմաններում, որն այսօր էլ գործում է: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդում օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթին:

Վարչապետը նաև ասել էր, որ այսօրվա իշխանությունների կողմից դատական համակարգի վրա ճնշումներ չեն գործադրվում, հրահանգներ չեն տրվում:

«Ես չեմ կարող ասել՝ իշխանության կողմից դատական համակարգի վրա հրահանգներ կա՞ն, թե՞ ոչ: Բայց եթե չկան, դա դեռ ոչինչ չի նշանակում և չի նշանակում, որ մենք ունենք դատական համակարգ»,- «Մեդիալաբին» ասում է Վարոսյանը:

Վարչապետը ԲԴԽ կազմավորման մեկամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասել էր՝ մենք պատմական շանս ունենք Հայաստանում իսկապես ունենալ անկախ դատական համակարգ:

«Այսօր մենք ըստ էության չունենք որևէ քաղաքական խոչընդոտ այդ պրոցեսին, այդ հաղթանակին խոչընդոտելու համար: Ես ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել և հայտարարել, որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ քաղաքական իշխանությունը, գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ կարգադրել կամ միջամտել դատական իշխանության և համակարգի գործունեությանը»,- ասել էր նա:

Ըստ Փաշինյանի՝ շատ կարևոր է, որ Հայաստանի դատական համակարգն ի վիճակի լինի օգտվելու այս հնարավորությունից: Դրա համար հարկավոր է, որ Հայաստանում լինեն դատավորներ, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնելու այդ պատասխանատվությունը և պատրաստ են գործելու օրինականության, արդարության, իրավունքի շրջանակներում: Եվ այս իրավիճակն ապահովելու համար, ըստ Փաշինյանի, մեզ անհրաժեշտ է նաև երկրորդ պայմանը, որ դատական համակարգից իսպառ վերանա կոռուպցիան:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն նկատեց.

«Լրիվ համաձայն եմ, որ կոռուպցիան պետք է վերանա դատական համակարգից, այլապես այդ համակարգը դատական կոչվելու իրավունք չունի: Բայց ես համոզված եմ, որ կոռուպցիան չի վերանա զուտ այդ մասին խոսելով: Կոռուպցիան վերացնելու համար պետք է այդ ուղղությամբ հստակ ու կոնկրետ քայլեր իրականացվեն, որոնք պետք է մի կողմից վերացնեն կոռուպցիան, մյուս կողմից՝ պետք է մեզ մոտ կայացնեն արդար դատական համակարգը»:

Ըստ Վարոսյանի՝ դատական համակարգում այսօր չի կարող կոռուպցիա չլինել: Նա հարցադրում է անում՝ ի՞նչ է փոխվել դատավորների առօրյայում, գործելաոճում, աշխատավարձե՞րն են բարձրացել, համակարգի ներսում երկրորդ, երրորդ ատյաններն սկսել են ա՞յլ կերպ աշխատել, քան նախկինում էր, թե՞ բոլորովին նոր սկզբունքներով աշխատող Բարձրագույն դատական խորհուրդ ունենք:

«Դատական համակարգը նույնն է, ոչինչ չի փոխվել այնտեղ: Որպեսզի փոփոխություն լիներ այս ամիսների ընթացքում, այսօր գործող Բարձրագույն դատական խորհուրդը պետք է տանը լիներ, ոչ թե միլիոնանոց ֆուրշետներ կազմակերպեր ու հրավիրեր երկրի բարձրաստիճան ղեկավարությանը: Մեկը պետք է նրանց հարց տար՝ ձեզ ո՞նց է ձևավորել Սերժ Սարգսյանը, անհատապես բոլորիդ ի՞նչ չափանիշով է ընտրել, ի՞նչ արժանիքի համար: Անհայտ պայմաններում ձևավորված այդ խորհուրդը պետք է դատական համակա՞րգ ձևավորի, ո՞նց է ձևավորելու: Առաջինը դա պետք է փոխվեր: Հետո դատական համակարգում առկա մի քանի առողջ մտածող դատավորների հենքի վրա, բնականաբար, նոր կադրեր ներառելով, աշխատավարձը շեշտակի բարձրացնելով, կարելի էր հասնել դատական համակարգ ունենալուն»,- նշեց նա:

Փաստաբանի խոսքով՝ շատ քիչ առողջ մտածող դատավորներ են գործում այսօր, ովքեր թքած ունեն վերևներից եկող հրահանգների վրա և ղեկավարվում են միայն օրենքով, անկաշառ են ու չեն վախենում, որ վաղն իրենց պատժելու համար կբռնեն: Նրանց կողքին դատական համակարգում այսօր կան մարդիկ, ովքեր առհասարակ օրենքից անտեղյակ են, և, ըստ Վարոսյանի, անհասկանալի է, թե ոնց են նրանք ընդհանրապես հայտնվել այնտեղ:

Փաստաբանն ասում է, որ անհավատալի է, որ նախկինում կոռուպցիայի մեջ ընդգրկված դատավորը այսօր կարող է անկաշառ աշխատել:

«Շատ են խոսում, երբեմն նաև Սինգապուրի օրինակն են բերում: Թող գնան, տեսնեն՝ ինչ եղավ Սինգապուրի դատական համակարգում, ու ոնց է, որ բարեփոխումից հետո ինքը ժամացույցի պես աշխատում է: Պատկերացնո՞ւմ եք՝ այնտեղ պահեին նախկին համակարգը, այդ բուրգը պահեին այնպես, ինչպես կա: Ի՞նչ կլիներ այսօր, ոչինչ չէր լինի: Եթե որևէ մեկը հավատում է, որ Գագիկ Հարությունյանը մեզ համար դատական համակարգ է ձևավորելու, թող հավատա, ես երբեք չեմ հավատա»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am