«Սուրիկ Խաչատրյանը շնորհք է ունեցել, որ օրինական ճանապարհով բիզնեսով զբաղվի, նա ապօրինի չի հարստացել». Խաչատրյանները պնդում են՝ իրենց գույքն օրինական է

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ, Հանրապետական կուսակցության անդամ Սուրիկ Խաչատրյանը պատրաստվում է պնդել, որ ինքն ապօրինի չի հարստացել, ինչպես պարզել է դատախազությունը:

«Մենք շատ հստակ կհիմնավորենք, որ ոչ մի անօրինական հարստացում չի եղել, ի տարբերություն մի շարք պաշտոնատար անձանց, պատգամավորների ու մարզպետների, ինքն անօրինական բաներ չի կատարել: Ինքը Ռուսաստանում գործունեություն է ծավալել, ունեցել է որոշակի գումար, նույնիսկ զենք է գնել պաշտպանական նպատակներով: Միշտ էլ ունեցել է ձեռնարկություն, ունեցել է գումար, ծնողներից ստացած հողամաս և այլն»,- «Մեդիալաբին» նախկին պաշտոնյայի հարստանալու հանգամանքներն է ներկայացնում Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը:

Փաստաբանն ասում է՝ Խաչատրյանի գույքի ուսումնասիրությունն իրավապահները սկսել են դեռ երկու տարի առաջ՝ առանց իրենց տեղյակ պահելու: Այս տարվա սկզբին իրենց ապօրինի հարստանալու մասին Խաչատրյաններին ծանուցում է եկել: Իրավապահները ուսումնասիրության նյութերը փոխանցել են պաշտպանական կողմին, իսկ վերջիններն էլ դրանց ծանոթանալու ժամանակ են խնդրել: Փաստաբանի խոսքով՝ 10 հազարից ավելի թերթ է կատարված ուսումնասիրությունը, որին ծանոթանալը մի քանի ամիս կտևի:

Բայց մինչ այդ, փաստաբանը շտապում է ներկայացնել իր վստահորդին. «Սուրիկ Խաչատրյանը եզակի անձ է, որը միշտ էլ շնորհք է ունեցել, ուղեղ է ունեցել, որ բիզնեսով զբաղվի օրինական ճանապարհով ու ստանա օգուտ և շահույթ: Ի տարբերություն շատ պաշտոնյաների, նա պետական ապարատի լծակները երբեք չի օգտագործել շահույթ ստանալու համար, որովհետև դրա կարիքը չի ունեցել: Ինքը էնքան հզոր ու ուժեղ է եղել, որ բոլորը ցանկացել են համագործակցել նրա հետ: Ինքը չի քցել իր հետ աշխատողներին: Ինքը, ի վերջո, ունեցել է լուրջ հեղինակություն: Նա նաև լրացուցիչ գումար է ունեցել աղքատ մարդկանց օգնելու, 300-ից ավելի գրքեր է օգնել տպագրեն, ընկերներին ֆինանսական աջակցություն է ցույց տվել»:

Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը անցյալում բազմաթիվ անգամներ հայտնվել է սկանդալային պատմությունների կենտրոնում: Ժամանակին մամուլը գրում էր, որ Խաչատրյանը ահուսարսափ է տարածում մարզում: Նրա տան մոտ էր, որ որդու ու թիկնապահի մասնակցությամբ 2013 հունիսին տեղի ունեցավ Ավետիք Բուդաղյանի սպանությունը: Այժմ Խաչատրյանը Հայաստանում չէ, թեպետ փաստաբանն ասում է՝ կառչած է իր հայրենի հողից: Պարզապես, նրա խոսքով, հարկադրված է գտնվում արտերկրում՝ բուժվում է:

«Շատերը մտածում են, որ Սուրիկն է, ուրեմն ընդեղ ինչ-որ բան … Ո՛չ, մեր նկատմամբ ավելի ուշադիր են, ու մենք պետք է ավելի հստակ ապացույցներ ներկայացնենք»,-ընդգծում է փաստաբանը:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը լիարժեք սկսել է կիրարկվել 2020-ի աշնանը: Մայիսի 5-ին էլ Կառավարությունը հաստատեց այդ օրենքում փոփոխությունները, որոնցով առաջարկվում է ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կարող է գույքային ուսումնասիրություն սկսվել, այսինքն՝ ինչպես բացատրվեց Կառավարության նիստին, օրենքի թիրախում կսկսեն հայտնվել նաև միջին օղակի պաշտոնյաները:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկվա նիստին ասել էր, որ այս օրենքի կիրարկման շրջանակներում մեծ աշխատանք է կատարվել: Նրա ներկայացմամբ՝ այս պահի դրությամբ արդեն դատարան է ներկայացվել 8 հայց՝ 42 մլրդ դրամ հայցագնով: «Ունենք առաջին նախաձեռնությունը համաձայնության գալու, և, կարծում ենք՝ սա լավ փորձ և ազդակ կլինի, որ այս տեսակ խնդիրների լուծումները առավել նախընտրելի են համաձայնությամբ»,- ասել էր դատախազը: Դատախազության տվյալներով՝ 2020-2021 թթ. արդյունքներով իրականացվում է 276 անձի գույքի ուսումնասիրություն։

Նկատենք՝ համաձայնության գալու դեպքում վարույթի ենթակա անձը ընդունում է ապօրինի հարստացման փաստը, պայմանավորվում է վարույթն իրականացնող մարմնի հետ, և ապօրինի գույքի 75 տոկոսը փոխանցվում է պետությանը, իսկ մնացածը՝ տվյալ անձին:

Սուրիկ Խաչատրյանի փաստաբանն ասում է՝ ոչ մի համաձայնության մասին խոսք լինել չի կարող. «Մենք հաստատակամ ենք և պատրաստվում ենք դատարանին ներկայացնել իրականությունը, իսկ իրականությունն այն է, որ Սուրիկ Խաչատրյանը ապօրինի չի հարստացել»:

Գլխավոր դատախազությունից «Մեդիալաբին» հրաժարվեցին հստակեցնել՝ ո՞ր գործով է համաձայնություն կայացել: «Այդ մասին դեռ վաղ է տվյալ հրապարակելը»,-փոխանցեցին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am