«Զոհված ոստիկանի ընտանիքին պետությունը բնակարան տվեց, իսկ մնացած 9 զոհերին ոչ մի լումա չհատկացվեց». Սարգիս Քլոյանը ողջունում է նոր նախաձեռնությունը». Սարգիս Քլոյան

«Զոհված ոստիկանի ընտանիքին պետությունը բնակարան տվեց, իսկ մնացած 9 զոհերին ոչ մի լումա չհատկացվեց». Սարգիս Քլոյանը ողջունում է նոր նախաձեռնությունը». Սարգիս Քլոյան
«Զոհված ոստիկանի ընտանիքին պետությունը բնակարան տվեց, իսկ մնացած 9 զոհերին ոչ մի լումա չհատկացվեց». Սարգիս Քլոյանը ողջունում է նոր նախաձեռնությունը». Սարգիս Քլոյան

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների հարազատներին ու տուժածներին աջակցություն տրամադրելու օրենքի նախագիծը կարևոր հարց է լուծում, քանի որ նախորդ իշխանությունների օրոք խտրական մոտեցում է եղել այս հարցում: «Մեդիալաբի» հետ զրույցում նան դիտարկում արեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

2008 թվականի մարտի մեկին, նրա խոսքով՝ իշխանությունը բոլոր տուժածներին փոխհատուցում տվեց, բայց 10 զոհերից միայն մեկի ընտանիքի աջակցեցին:

«Զոհված ոստիկանության կապիտան Համլետ Թադևոսյանի ընտանիքին պետությունը բնակարան տվեց, իսկ մնացած 9 զոհերին ոչ մի լումա չհատկացվեց: Հիմա անցել է 11 տարի, արդարացի է, որ մեզ էլ աջակցեն»,- «Մեդիալաբին» ասում է Սարգիս Քլոյանը: Նա նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ևս փոխհատուցում են սպասում: Թե երբ դա կլինի, ժամանակը ցույց կտա:

Նշենք, որ ապրիլի 22-ին Ազգային ժողովը քննարկեց 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծի հեղինակները ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն են: Լենա Նազարյանն ասաց, որ ըստ նախագծի՝ աջակցություն տրամադրվելու է նշված իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված կամ վնասվածք ստացած անձի իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, ինչպես նաև այն անձին, ում առողջությանը պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:

Աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը սահմանվելու են ՀՀ Կառավարության որոշմամբ, այսինքն՝ այս նախագծով սահմանված չէ:

«Այս նախագծով մենք վերահաստատում ենք պետության դերը՝ որպես քաղաքացիների քաղաքական, քաղաքացիական իրավունքների, ազատությունների և ժողովրդավարական արժեքների պաշտպան: Ցավով պետք է արձանագրեմ, որ նախորդ կառավարության օրոք ոչ բոլոր տուժածներն են ընկալվել որպես տուժած, կիրառվել է խտրական մոտեցում: Հարցումներին ի պատասխան՝ պատկան մարմիններից ստացել ենք տեղեկանք, որում պարզ երևում է այդ անարդար մոտեցումը: Ոմանց տրամադրվել է ֆինանսական աջակցություն, այն դեպում, երբ մյուս տուժածները ստացել են զրո դրամ: Սրանով հանրության ներսում բաժանարար գծեր են եղել»,- ասել է Նազարյանը:

Նրա խոսքով՝ Մարտի մեկի զոհերի ընտանիքները մինչ օրս հոգեբանական, առողջապահական, տնտեսական խնդիրների առաջ կանգնած են եղել միայնակ:

Նազարյանը նաև նշել է, որ Հատուկ քննչական ծառայությունից ստացել է տեղեկանք, ըստ որի՝ Մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ ծանր և միջին աստիճանի վնասվածքներ են ստացել 63 անձ, այսինքն՝ նրանց ինքնությունը պարզ է: Աջակցության տրամադրման հիմք է լինելու դատաբժշկական եզրակացությունը, որը պետք է նախկինում ներկայացված լինի: Աջակցության տրամադրման չափը դեռ հայտնի չէ, Նազարյանն ասաց, որ ապրիլի 23-ից կառավարությունում այս հարցի շուրջ քննարկումներ են մեկնարկելու:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով՝ սա վնասի հատուցում չէ, չպետք է շփոթել վնասի հատուցման հետ, այլապես դա կհանգեցնի այս անձանց իրավունքների խախտմանը:

«Նրանց գործերը գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ավարտվել է գրագրությունը, վճռի կայացման փուլն է մոտենում: 187 ոստիկան կա, որոնք մարմնական վնասվածք են ստացել այդ դեպքերի ժամանակ, կան 10 զոհ և վնասվածք ստացած 32 քաղաքացիական անձինք: Այս տվյալները մեր ձեռքի տակ կան, թե ովքեր են պոտենցիալ շահառուները»,- ասել է Զեյնալյանը:

Սարգիս Քլոյանը կարևոր է համարում այս աջակցության տրամադրումը:

«Մենք ողջունում ենք, շնորհակալ ենք կառավարությունից, որ նման բան է նախատեսել: Բայց մեզ համար ամենակարևորն այն է, որ, ինչպես գիտեք, կամաց-կամաց բացահայտվում է Մարտի 1-ի գործը: Երկրորդ՝ հանրապետության վարչապետը պաշտոնապես ներողություն խնդրեց զոհերի հարազատներից, պաշտոնապես առաջին անգամ Մարտի մեկի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց: Աջակցությունն էլ ինչքան կլինի, մենք շնորհակալ կլինենք»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Քլոյանի խոսքով՝ նախորդ տարիներին Մարտի մեկի զոհերի ընտանիքները ֆինանսական աջակցության կարիք են ունեցել:

«Ես կարող եմ ասել, որ մի քանիսը դեռ իրենց երեխաների գերեզմանը չեն սարքել՝ փող չլինելու պատճառով: Երեխաները մեծացել են, դպրոց են գնում, սոցիալական մեծ խնդիրներ կան»,- ասում է նա:

Մարտի 1-ի գործի բացահայտմանն անդրադառնալով՝ Քլոյանն ասում է, որ ոչ շատ գոհ են, ոչ էլ դժգոհ են բացահայտման տեմպերից:

«Անցել է 10 տարի, չգիտեմ՝ սպանությունները ե՛րբ կբացահայտվեն, բայց հիմնական բուրգը արդեն, ինչպես գիտեք, բացահայտված է, գործերը գնում են դատարան: Դրանից հետո միգուցե մի գրուպա էլ կգա, հետո՝ հաջորդը: Թե ե՛րբ կբացահայտեն անմիջապես սպանողներին, ես չեմ կարող ասել»,- հավելում է նա:

Լուսանկարը`«Ազատություն»

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am