Մինչև հեղափոխությունը հայ-ռուսական հարաբերությունները վասալային էին, հիմա փորձում են հավասարը հավասարի հետ սկզբունքով. Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել ու կրկին խոսել է հակառուսականության, հայ-ռուսական հարաբերություններում չհասկացվածության մասին: Ձեր կարծիքով՝ ինչո՛ւ է նա անընդհատ խոսում հակառուսական տրամադրությունների մասին, ո՞րն է նպատակը, ներքաղաքական հարցերում Ռուսաստանից աջակցություն ստանա՞լը:

– Ես չգիտեմ, թե ինչո՛ւ է այդպես ասում, ինչո՛ւ են նրան այդքան մտահոգում այդ հարցերը: Ծառուկյանը խմբակցության ղեկավար է, քաղաքական գործիչ է և իր կարծիքն ասում է, որի իրավունքն ունի: Եթե ինձ եք հարցնում, թե որն է իմ տեսակետը հայ-ռուսական հարաբերությունների մասին, ես կբնորոշեի այսպես՝ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են անցումային փուլում: 

Մինչև հեղափոխությունը հայ-ռուսական հարաբերությունները  վասալային հարաբերություններ էին, հիմա ՀՀ իշխանությունները փորձում են ավելի հավասարը հավասարի հետ հարաբերություններ հաստատել: Պարզ է, որ այդ անցումային փուլը չի կարող այդպես սահուն անցնել, պարզ է, որ առաջանում են խնդիրներ: Նախկինում Ռուսաստանի հետ հարաբերություններում, գաղտնիք չէ, մեծ դեր էին խաղում Ռուսաստանի մենաշնորհները և օլիգարխները: 

Հայաստան-Ռուսաստան համագործակցության մեծ մասը տեղի էր ունենում պետական մենաշնորհի միջոցով, օրինակ՝ «Գազպրոմի» միջոցով, «ՌԱՕ ԵԷՍ»-ի միջոցով, ինչ-որ հայերի բիզնեսների միջոցով: Հիմա, որքան հասկանում եմ, գործող իշխանությունները փորձում են կառուցվածքը փոխել, ինչ-որ առաջարկներ են անում ԵԱՏՄ-ի շրջանակներում: 

Բնական է, որ այդ անցումային փուլը չի կարող սահուն անցնել, ինչ-որ հարցեր անպայման առաջանում են: Չեմ կարծում, թե դրանից պետք է շատ մտահոգվել, քանի որ մեր շահերից է բխում, որ այդ վասալային հարաբերությունները տեղափոխվեն ավելի նորմալ հարաբերությունների դաշտ: 

Հիմա նույնը, ասենք, Նավալնիի հարցում, կարծում եմ՝ վատ չէ, որ նրան ցուցադրել են Հանրայինով: Նա Ռուսաստանում հայտնի ընդդիմադիր գործիչ է, ռուս ժողովրդի կողմից համարվում է գլխավոր ընդդիմադիրը, ձախ ընդդիմադիրներին նա է գլխավորում, իսկ աջ ընդդիմադիրները առավել ազդեցիկ և ուժեղ են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում: 

Սակայն ընդհանուր երկրի մասշտաբով ավելի ուժեղ է ձախ ընդդիմությունը, որը գլխավորում է Նավալնին: Ինչո՞ւ հարցազրույց չվերցնել նրանից, ինչու չիմանալ նրա կարծիքը Ռուսաստանի ապագայի մասին, որ մենք էլ իմանանք՝ ինչ է լինելու, օրինակ՝ Պուտինից հետո: Ես դրան նորմալ եմ նայում, բայց մարդիկ կան, որ այլ կերպ են նայում, դա էլ իրենց իրավունքն է: 

– Ծառուկյանը նաև նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններում սառնության պահեր կան, և հարկավոր է աշխատել այդ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Կարծում եք՝ Ծառուկյանն իրե՞ն է առաջարկում է այդ սառնությունը շտկելու հարցում Հայաստանում ինչ-որ ներքին պրոցեսներ սկսելու համար:

– Ես շատ զգույշ եմ այդպիսի արտահայտություններում, որ անպայման դրսից մարդ են կանչում և այլն: Ես դրանում համոզված չեմ, ինքը արտահայտում է իր մտահոգությունները: 

Քանի որ Ռուսաստանի հետ հարաբերություններում նաև համակարգային փոփոխություններ են տեղի ունենում, նաև տնտեսական կառուցվածքն է փոխվում, միգուցե դա է մտահոգում պարոն Ծառուկյանին: Բայց, իրոք, ես համակարծիք եմ, որ Ռուսաստանի հետ պետք է աշխատել, հարաբերությունները միգուցե խորացնել: Այո՛, ինչ-որ սառնություն կա, ես համաձայն եմ, հետո ի՞նչ: 

Օրինակ՝ Ռուսաստանն ուզում է անընդհատ խաղի կանոններ թելադրել մեզ, եթե դու դիմադրում ես, պարզ է, որ սառնություն կլինի, բայց պետք է դիմադրես, չէ՞: Այն, որ նախկին իշխանությունները չէին դիմադրում, այդ ժամանակ խմբակցությունները, քաղաքական ուժերը պետք է բարձրացնեին հարցը, ասեին՝ ինչո՞ւ չեք դիմադրում, հարգելի՛ իշխանություն, Հանրապետակա՛ն կուսակցություն, որովհետև դա կբերի նրան, որ մեզ հետ հաշվի չեն նստի: 

Ավելին ասեմ, մի դրական միտում ես արդեն նկատում եմ. Ռուսաստանն սկսեց մեզ հաշվի առնել: 

Այո՛, սառնություն կա, այո՛, բաց ասում եմ, որ Պուտինը մեր իշխանություններին չի սիրում: Դուք գիտե՞ք, որ Ռուսաստանում ատում են Վրաստանի իշխանություններին՝ և՛ նախկին, և՛ ներկայիս, բայց նաև գիտե՞ք, թե ինչքան խոր հարգանք կա: 

Ռուսաստանի ցանկացած քաղաքական գործչի հետ խոսեք, նա նստած չի պատասխանում Վրաստանին վերաբերող հարցերին, հոտնկայս է խոսում: Բայց դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ աստիճանի է ատելությունը Վրաստանի իշխանությունների նկատմամբ: 

Երբ, օրինակ՝ Պուտինին Վրաստանի մասին հարց են տալիս, նա փորձում է շոյող բաներ ասել, ու դա հասկանալի է, որովհետև եթե դու արժանապատիվ քաղաքականություն ես վարում, այո՛, քեզ չեն սիրում, ու չպետք է դրանից վատ զգալ: 

Դա ոչինչ չի նշանակում, կարևորը՝ քեզ հարգեն: Իսկ վերջին ժամանակներս մեր հանդեպ հարգանքի տարրեր ես զգում եմ: Օրինակ՝ Ռուսաստանի վերջին հայտարարությունները Արցախի հարցում: 

Մնացականյանի ու Մամեդյարովի մասնակցությամբ տեսակոնֆերանսից հետո Ռուսաստանն արձագանքեց, բայց մեզ համար բացասական տարրեր պարունակող մի բառ անգամ չկար: Հիշե՛ք իմ խոսքը, որ մոտ ժամանակներում շատ բաներ կփոխվեն: Դա նաև ընկալման խնդիր է, տարբեր քաղաքական գործիչներ, տարբեր փորձագետներ տարբեր ձևով են ընկալում: Իմ ընկալումն այն է, որ, այո՛, Հայաստանի և Ռուսաստանի միջև կա սառնություն, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ սառնությունն անցնի, բայց ո՛չ մեր սուվերենությունը զիջելու գնով, ո՛չ Ռուսաստանին քծնելու ճանապարհով: Այո՛, պետք է ցույց տանք մեր հարգանքը Ռուսաստանի նկատմամբ, բայց պետք է նաև ասենք, որ պետք է աշխատել միմյանց հետ:

Պետք է ասենք, այո՛, նախկինների հետ ուրիշ ձևով եք աշխատել, բայց մեզ հետ այս ձևով պետք է աշխատեք, ավելի հավասարը հավասարի ձևով, պետք է հաշվի առնեք մեր կարծիքը: Եվ եթե Հայաստանը Ռուսաստանի համար դրական լուրջ քայլ է անում, Մոսկվան չասի՝ տարբերակ չունեիք, պետք է անեիք, այլ գնահատի ու ասի՝ մենք գնահատում ենք, որ, օրինակ՝ դուք առաքելություն ուղարկեցիք Սիրիա: Ոչ թե ասեն՝ չուղարկելու տարբերակ չունեիք, բա ի՞նչ պետք է անեիք, ո՞ւր էիք փախչելու: Սա մեծ տարբերություն է: 

Այնպես որ, Ռուսաստանն էլ պետք է իր համար պարզի նոր իրողությունները: Այո՛, վաղն էլ մեկ ուրիշ ընդդիմադիր գործչից Հանրային հեռուստաընկերությունը կարող է հարցազրույց վերցնել, Ռուսաստանը թող դրան սովորի: Այդ ո՞նց է, որ իրենք Հայաստանի նախկին իշխանության ամենատարբեր տրամաչափի գործիչներից հարցազրույց վերցնում են և «Ռոսիա»-ով կամ OPT-ով ցույց են տալիս: Թող իրենք էլ սովորեն: Այո՛, իրենց համար դա խնդիր է, բայց պետք է սովորեն և կսովորեն: 

– Բայց մենք տեսնում ենք, օրինակ՝ որ գազի գնի հարցում ռուսները փոխզիջման չեն գնում, և Պուտինն ավելի ցածր գին առաջարկելու համար ավելի խոր ինտեգրացիա է պատկերացնում:

– Երբ Պուտինը խոսում է ավելի խոր ինտեգրացիայի մասին, դա պետք է թարգմանել նորմալ լեզվի, դա նշանակում է, որ նա ուզում է ինչ-որ տրամաչափով վերականգնել Խորհրդային Միությունը: Երբ նա ասում է, որ նույն խաղի կանոնները պետք է մաքսայինով լինեն, նույն արժույթը լինի, դա նշանակում է, որ մարդը նոր ԽՍՀՄ է ուզում կառուցել: 

Դուք գիտեք, որ ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ղազախստանը պատասխանեց Պուտինի ասածին, որ մենք պատրաստ չենք ավելի մեծ ինտեգրացիայի, պատրաստ չենք մեր ինքնիշխանությունը զիջելու: Այդ իմաստով բոլորն անցան Նիկոլ Փաշինյանի կողմը՝ և՛ Բելառուսը, և՛ Ղազախստանը, և՛ Ղրղզստանը: 

Սա շատ կարևոր էր: Նրանք ասում են՝ մենք Պուտինի ասածը հարգում ենք, բայց պատրաստ չենք ավելի մեծ ինտեգրացիայի: Ռուսաստանի ասածն այն է, որ դու պետք է հրաժարվես անկախությունից, մտնես մեր կազմի մեջ: Պարզ է, որ մեր պատասխանը «ոչ» է, և այդ «ոչ»-ը նրանք ստացան ոչ միայն մեզնից, այլև մյուսներից: Այդ գագաթնաժողովից անմիջապես հետո Ղազախստանի նախագահը հայտարարություն տարածեց, նույն բանը հենց այդ նիստի ժամանակ ասացին Ղրղզստանի և Բելառուսի նախագահները: Այսինքն՝ Ռուսաստանի ասածն այն չէր, որ ինտեգրացիան ավելացնենք, գազի գինը կիջեցնենք, Պուտինի ասածն այն էր, որ դու կորցնում ես քո անկախությունը, որից հետո կխոսենք գազի գնից: Ի դեպ, ասեմ, որ նորից կխաբեն: Այստեղ կարևորն այն է, որ ԵԱՏՄ երկրները հստակ ցուցաբերեցին կամք՝ իրենց անկախությունը գազի գնի դիմաց չզիջելու հարցում:

Մանե Հարությունյան

MediaLab.am