«Եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը այսօր հանրությունը պատրաստ չէ, ավելին՝ նույնիսկ պետությունը պատրաստ չէ». փորձագետ

Հայաստանի Կառավարությունը մտադիր է 2024-ից անցնել քաղաքացիների ունեցվածքի հայտարարագրման համակարգին, այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր չափահաս քաղաքացի պարտավոր է լինելու որոշակի պարբերականությամբ պետությանը ներկայացնել իր ստացած եկամուտները:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն ասում է՝ ընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը դրական քայլ է:

«Հայտարարագրման ինստիտուտը չափազանց կարևոր բան է, հիմա համատարած անցում է կատարվելու անկանխիկ շրջանառության, հետևաբար այդ համակարգի նշանակությունը մեծանում է շրջանառության ֆիքսման տեսանկյունից»,-«Մեդիալաբին» ասում է Մարտիրոսյանը:

Այսօր Հայաստանում գույքն ու եկամուտները հայտարարագրում են պաշտոնատար անձինք, և եթե նրանք հստակ ժամկետներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացնում իրենց հայտարարագիրը, ապա վարչական տույժի են ենթարկվում: Նույնը գործելու է քաղաքացիների դեպքում, հետևաբար, ըստ Մարտիրոսյանի, քաղաքացիներին պետք է բավական մանրամասն կրթել, տեղեկացնել հայտարարագրման մեխանիզմների մասին, հակառակ դեպքում անհամաչափ չտեղեկացվածության պայմաններում վարչական պատասխանատվությունը ծանր բեռ կլինի շարքային քաղաքացու համար:

Հայաստանի քաղաքացիների համատարած հայտարարագրման ներդրման մասին խոսվում է 2018 թվականից: Պատասխանատու գերատեսչությունները մի քանի տարի շարունակ աշխատում են համապատասխան օրենսդրական նախաձեռնության վրա, սակայն փաստաթուղթն այդպես էլ միսուարյուն չի ստանում: Համակարգի ներդրման հարցում գործող կառավարության պատրաստակամությունը վերջերս Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ վերահաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր ղեկավարած կառավարությունը վճռական է այդ հարցում:

«Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականին՝ 2023 թվականի եկամուտների համար: Այն նույնպես շատ կարևոր և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ քաղաքակրթական նշանակություն ունի, և այս առումով նաև չափազանց կարևորում եմ»,- ասել էր վարչապետը:

Նույնիսկ որոշված չէ՝ ինչպես է գործելու համակարգը՝ միանգամի՞ց, թե փուլ առ փուլ: «Մենք պետք է քաղաքական որոշումներ կայացնենք՝ ամբողջությա՞մբ ենք ներդրում բոլորի համար, թե՞ փուլ-փուլ ենք գնում, օրինակ՝ առաջին խումբ հարկ վճարողները, որոնք համատարած հայտարարագրման համակարգով պետք է հայտարարագիր ներկայացնեն, կարող են լինել, օրինակ՝ ընդհանուր հարկման համակարգում գործող ընկերությունների բաժնետերերը, կամ միգուցե ընդլայնվում է պաշտոնյաների ցանկը»,- նույն քննարկումների ժամանակ ասել էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Փորձագետ Հայկ Մարտիրոսյանը, սակայն, վստահ է՝ այդ համակարգը քաղաքացիների համար լուրջ ծանրաբեռնվածություն է լինելու, և սկզբնական փուլում անհրաժեշտ է, որ այն իրականացվի փուլերով:

«Ցանկալի կլիներ, որ հիմա աշխատող կամ գործարար հատվածի վրա տարածվեր հայտարարագրման պահանջը, ինչին զուգահեռ կարելի է կրթել հանրությանը, տեղեկացնել հայտարարագրման մեխանիզմների, գործիքակազմի մասին, որից հետո կարելի էր արդեն սկսել պահանջել մյուս քաղաքացիներից հայտարարագրել եկամուտները»,- նշում է նա:

Այդուհանդերձ, ըստ Մարտիրոսյանի, թեպետ համակարգը շատ կարևոր է, սակայն հանրային արձագանքը կարող է միանշանակ չլինել, ինչը որոշակիորեն արդարացված է:

«2023 թվականը հեռու չէ, իսկ քաղաքացիները պատրաստված չեն: Հիմա նույնիսկ պաշտոնատար անձինք են դժվարանում լրացնել այդ հայտարարագրերը: Եվ բացի այդ, պետք է հստակ չափորոշիչներ լինեն, թե ինչպիսի՞ տեղեկություն է հետաքրքրում պետությանը, որպեսզի միայն դրանք լրացվեն: Օրինակ՝ կենսաթոշակառուների հայտարարագրերը որքանո՞վ են հետաքրքիր լինելու պետությանը: Այսինքն՝ պետությունն ինքը պետք է պատրաստ լինի այդ համակարգին անցնելու և հետո պատրաստի քաղաքացիներին: Իմ կարծիքով՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը այսօր հասարակությունը պատրաստ չէ, ավելին՝ նույնիսկ պետությունը պատրաստ չէ»,-նշում է փորձագետը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am