«Թե՛ նախկինները, թե՛ ներկաները իշխանության համար պայքարում միջոցների միջև խտրականություն չեն դնում». Գարեգին Միսկարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հանրային, քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը

Պարո՛ն Միսկարյան, ներքաղաքական կյանքում շարունակվում են փոխադարձ մեղադրանքներն ու Արցախի այսօրվա վիճակի համար մեղավորների փնտրտուքը: Օրերս Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կրկին մեղադրեց նախկին իշխանություններին Արցախը, ըստ Փաշինյանի, Ադրբեջանի կազմից դուրս գոյություն չունենալու հանգրվանին հասցնելու համար: Փոխադարձ մեղադրանքների ու մեղավորներ կարգելու այս գործելաոճն ի՞նչ նպատակ է հետապնդում:

– Բազմիցս եմ ասել, որ գործող ֆորմալ քաղաքական դաշտը Հայաստանի Հանրապետության, Հայաստանի պետական շահի, Հայաստանի զարգացման հետ կապ չունեցող ուժեր են, եթե դրանց կարելի է քաղաքական ուժ համարել: Նրանց միակ նպատակը իշխանությունը պահելն ու վերցնելն է, որը, ըստ էության, քաղաքականության մեջ ամենավերջին բանն է, որ պետք է քաղաքական ուժերն անեն: Այսինքն՝ այդ մրցակցությունը պետք է լինի ոչ թե իշխանությունը վերցնելու, այլ լավագույն ծրագրերն առաջարկելու համար: Այդ տրամաբանության մեջ իրենք շարունակում են այն գիծը, որը նախկինում ունեցել են, այսինքն՝ փոխադարձ մեղադրանքների գնով արժեզրկել միմյանց, այսինքն՝ նույն պայքարն է վատի ու վատագույնի միջև:

Տրամաբանական է, որ այդ պայքարը Հայաստանի համար ունենում է ցավալի հետևանքներ, ու դրա դրսևորումներից մեկն էլ վերջերս Ալիևի հայտարարությունն էր, որը հաջորդեց խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթին:

Ցավն այն է, որ թե՛ նախկինները, թե՛ ներկաները իշխանության համար պայքարում միջոցների միջև խտրականություն չեն դնում, ու շատ հաճախ նրանց փոխադարձ մեղադրանքները, հատկապես այն մեղադրանքները, որոնք առնչվում են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, վնասում են Հայաստանին՝ որպես բանակցող կողմի ու թուլացնում են մեր դիրքերը:

Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է պարբերաբար անդրադառնում նախկին իշխանությունների վարած բանակցություններին: Իշխանությունը պահելու խնդի՞ր ունի:

– Իհարկե ունի, ու հենց ցավալին դա է, որ իշխանությունը պահելու համար այլ գործիքակազմ, գուցե, չեն գտնում ու առաջ են քաշում ամենավտանգավոր թեզերն ու ամենավտանգավոր միջոցներին են դիմում, ընդ որում՝ երկուստեք, միայն Փաշինյանի խնդիրը չէ այստեղ:

Մյուս կողմի պահանջն էլ, որ Հայաստանը պետք է պարտադիր հայտարարի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, նոր գնա բանակցությունների, ևս անթույլատրելի ու անտրամաբանական է: Այսինքն՝ երկու կողմն էլ, ժողովրդի ասած, իրարից հետ չեն մնում: Երկուսն էլ միայն իրենց դիրքերն ամրապնդելու և հակառակ կողմի դիրքերը թուլացնելու համար թուլացնում են Հայաստանի դիրքերը:

Պարո՛ն Միսկարյան, ասում եք, որ Փաշինյանն իշխանությունը պահելու խնդիր ունի: Իշխանությունը կորցնելու վախը որտեղի՞ց, եթե նկատի ունենանք, որ խորհրդարանական ընդդիմությունը փողոցի, իրենց բնորոշմամբ՝ ակտիվ պայքարի փուլում էլ չկարողացավ իշխանափոխության հասնել:

– Այստեղ միայն իշխանությունը կորցնելու վախը չէ, բայց նաև այդ հանգամանքը կա: Իշխանությունը կորցնելու մասով՝ դա մեկ օրում չի լինում, ու այդ վախը հենց այսօրվան չի վերաբերում, քանի որ այդ քաղաքական ուժի արած աշխատանքի ամբողջ արդյունքը միտված է միայն իշխանությունը պահելուն, հետևաբար այդ նույն տրամաբանության մեջ նաև այս քայլերն է պետք դիտարկել:

Չէի ասի, թե նրանք միտումնավոր փորձում են Հայաստանը թուլացնել. երկու կողմից էլ ես այստեղ միտում չեմ տեսնում, գուցե արտաքին ինչ-որ ուժերի կողմից կա անուղղակի ուղղորդում, բայց ասել, որ միտումնավոր են թուլացնում Հայաստանի դիրքերը՝ այդպես չէ:

Մյուս կողմից՝ նման հռետորաբանության միակ հիմքը իշխանությունը կորցնելու վախը չէ, քաղաքականության մեջ նրանց ունեցած փորձի ու այն մշակույթի, որը ձևավորվել է 30 տարում որպես քաղաքականություն, արատավոր դրսևորումն է: Քաղաքականությունը Հայաստանում երբեք էլ միտված չի եղել պետական շահն առաջ մղելուն:

Իսկ խորհրդարանական ընդդիմության գործողություններն ի վերջո ինչի՞ կհանգեցնեն՝ ըստ ձեզ: Խորհրդարան չվերադառնալու որոշումը ճի՞շտ է:

– Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմություն կոչվածը նույն տրամաբանության ու նույն արժեհամակարգի շուրջ ձևավորված ուժեր են: Նրանց շատ մեծ վերապահումով կարելի է քաղաքական ուժ համարել, որովհետև չունեն հստակ սահմանված գաղափարախոսություն: Պայքարը, որ գնում է նրանց միջև, նույնպես քաղաքական չէ, որովհետև դա զուտ ուժի, իշխանության պայքար է, ոչ թե գաղափարների, հետևաբար, նրանք ինձ համար ո՛չ իշխանություն են, ո՛չ ընդդիմություն:

Նրանք մի խումբ մարդիկ են, որոնք այսօր, բախտի բերմամբ թե պատահմամբ, Հայաստանում որոշումներ կայացնելու ավելի մեծ լիազորություններ ունեն, քան մյուսները: Բայց մենք՝ որպես հանրություն, պարտավոր ենք ձևավորել այն առողջ քաղաքական դաշտը, ուժերը, որոնք գաղափարական հենքի վրա առաջ կտանեն Հայաստանի շահը:

Քանի դեռ չկան այդ ուժերը, որոնք կկարողանան այլընտրանք լինել դաշտում առկա ուժերին, կողմերի այս պայքարը ինչի՞ կարող է հանգեցնել:

– Ինձ համար մեծ հաշվով էական չէ, թե ինչի է հանգելու, որովհետև եթե երկուսն էլ նույն արժեքներից զուրկ ուժերն են, ապա էական տարբերություն չկա, թե նրանցից ո՛րը կլինի իշխանության ու ինչ կանի: Խնդիրն այստեղ այն է, որ մենք իրապես կարողանանք ձևավորել երկրորդ բևեռ:

Երկրորդ բևեռ ձևավորելու համար շա՞տ ժամանակ է հարկավոր, պարո՛ն Միսկարյան:

– Կարծում եմ՝ բավարար ռեսուրսի ու ինտենսիվ աշխատանքի դեպքում՝ 2-3 տարին բավարար ժամանակ է, այսինքն՝ գաղափարական երկու և ավելի ուժեր, որոնք միասին և՛ կմրցեն, և՛ կհամագործակցեն ու քաղաքական դաշտը կմաքրեն այս բացասական երևույթներից, որոնք իրենց հռչակել են քաղաքական ուժեր:

Հայաստանին արտաքին ճակատում ի՞նչ է սպասում, քանի դեռ բանակցողներն ու պետության շահերը դրսում ներկայացնողները այս քաղաքական ուժերն են:

– Արտաքին ճակատում մենք ինքնահոսի ենք դրված մեծ հաշվով: Ես չգիտեմ, օրինակ՝ այդ հայտարարություններով, որոնցով իրենք թուլացնում են մեր դիրքերը, որքանով են թուլացնում նաև իրենց դիրքերը, որովհետև, ըստ էության, իրենք դիրք էլ չունեն ու, իմ գնահատմամբ, ընդամենը կամակատար են արտաքին ուժերի կողմից պարտադրվող քաղաքականության իրականացման գործում:

Իսկ երբ ես խոսում եմ Հայաստանի դիրքերը թուլացնելու մասին, ես խոսում եմ գալիք բանակցողների մասին, այսինքն՝ նրանք թուլացնում են ապագայում Հայաստանի շահերը պաշտպանողների դիրքերը: Մեծ հաշվով, այն, ինչ իրենք ուզում են անել, այնքան էլ չի բխում Հայաստանի շահերից:

Կոնկրետ հայտարարություն կնշե՞ք:

– Գրեթե բոլոր հայտարարությունները, որոնց մեջ երկուստեք եղել են փոխադարձ մեղադրանքներ ու պահանջներ, այս կամ այն կերպ թուլացրել են ապագայում Հայաստանիկողմից բանակցողի դիրքերը: Միջազգային իրավունքի տեսանկյունից նրանք քարտ բլանշ են տալիս հակառակ կողմին, անում են այնպիսի հայտարարություններ, որոնք հետո կարող են դրվել մեր բանակցողների առաջ՝ որպես փաստարկ հակառակ կողմի այս կամ այն արած քայլի համար:

Այսինքն՝ փոխադարձ վիրավորանքների ժամանակ, հանրային մակարդակում, անտեսելով պետական շահը, առաջնորդվում են բացառապես անձնականո՞վ:

– Այո՛, ճիշտ եք: Անձնական շահով, ամբիցիաներով, հակառակ կողմին ավելի շատ ցավեցնելու նպատակով արվում են հայտարարություններ, որոնք թուլացնում են մեր դիրքերը՝ որպես բանակցային կողմ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am