Եգիպտոս, Եվրոպա, Թունիս, Շրի Լանկա և նույնիսկ՝ Զանզիբար. զբոսաշրջության ոլորտի ակտիվությունն ու քաղաքացիների ընտրած ուղղությունները

Հայաստանի զբոսաշրջության ոլորտն աշխուժացել է. երկիրն այս օրերին ընդունում ու ճանապարհում է զբոսաշրջիկների: Կորոնավիրուսային համավարակի պարտադրած սահմանափակումներից տուժած հայաստանյան զբոսաշրջային ոլորտը շունչ է քաշում, և երկու տարի առաջ ճգնաժամի հետևանքով տուժած ընկերությունները սկսել են ակտիվ աշխատել:

Ոլորտում ակտիվության մասին են վկայում նաև վիճակագրական տվյալները, որոնց համաձայն, ներգնա զբոսաշրջությունը (երբ մարդիկ մուտք են գործում երկիր – հեղ.) աճ է գրանցել. այս տարվա առաջին եռամսյակում շուրջ 250 հազար այցելություն է արձանագրվել, ինչը 2.9 անգամ ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ներքին տուրիզմը, երբ ՀՀ քաղաքացիները այցելություններ են կատարում Հայաստանի ներսում, նույնպես աճ է գրանցել՝ 22 տոկոս:

«Զբոսաշրջության ոլորտում աճը նկատելի է»,- «Մեդիալաբին» ասում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Զբոսաշրջության ոլորտի մասնագետների համար Հայաստան այցելությունների աննախադեպ տարին համարվում է 2019 թվականը, երբ 1.8 մլն զբոսաշրջիկ էր այցելել մեր երկիր: Ապրեսյանն սպասում է՝ այս տարի զբոսաշրջիկների թիվը կանցնի մեկ միլիոնից: Բայց կհասնի՞ 2019-ի ցուցանիշին հարցին պատասխանում է. «Շատ կուզեի, որ հասներ: Կարելի էր ձգտել, ամեն ինչ անել, որ մենք կարողանանք այս տարի հասնել 2019-ի ցուցանիշին: Պետք է կարողանալ փարատել օտարերկրյա զբոսաշրջային ընկերությունների մտավախությունները, գործի դնել մարքեթինգի բոլոր հնարավորությունները, և այնպես անել, որ կազմակերպված այցեր իրականացվեն մեր երկիր»:

Մինչ Հայաստանը սպասում կամ դիմավորում է օտարերկրյա զբոսաշրջիկների, հայաստանցիները դեռ վաղ գարնանից ամրագրումներ են արել ամառային հանգստի համար ու այս օրերին մեկնում են հանգստի:

«Հանգստի մեկնել ցանկացողների թիվը շատ-շատ մեծ է: Այդ ցանկությունը նկատվում էր դեռ մարտ-ապրիլ ամիսներին, երբ մարդիկ ակտիվորեն սկսել էին ամառային հանգստի համար ամրագրումներ անել: Նախորդ տարիներին այս երևույթը այդքան տարածված չէր, ինչպես հիմա: Այսօր ամրագրումների չափազանց մեծ հոսք կա, ովքեր ցանկանում են արտերկրում անցկացնել իրենց ուշ ամառային ու նույնիսկ աշնանային արձակուրդը»,- «Մեդիալաբին» ասում է «Շելբի» ընկերության գործադիր տնօրեն Մարինա Ավետիսյանը:

Ամենամեծ պահանջարկ ունեցող հիմնական ուղղությունը այս տարի էլ Եգիպտոսն է՝ Հուրգադա և Շարմ էլ Շեյխ հանգստավայրերով: Պատճառը, ըստ Ավետիսյանի, պարզ է՝ դեպի Եգիպտոս չվերթերը և՛ ուղիղ են, և՛ շատ են, վիզա չի պահանջվում, մարդիկ ազատված են փաստաթղթային քաշքշուկից, իսկ ծովափնյա հանգստի առաջարկները հատկապես ընտանիքների համար շատ գայթակղիչ են:

Ցանկալի հանգստավայրերի հաջորդ հորիզոնականը Կիպրոսն է. այստեղ նույնպես մարդիկ վիզա հեշտ են ստանում: Այնուհետև, նրա խոսքով, ցանկում գալիս են եվրոպական երկրները՝ Հունաստան, Իսպանիա, Մոնտենեգրո, Իտալիա:

Մյուս ուղղությունները, որ հարցումներ արվում են, բայց մասսայական ամրագրումներ չեն արվում, ասիական, աֆրիկյան ուղղություններն են՝ Թունիս, Մալդիվներ, Շրի Լանկա, Զանզիբար:

«Հարցումներն արվում են, բայց մեծաքանակ ամրագրում չի կատարվում: Այդ հանգստավայրեր մենք խորհուրդ ենք տալիս մեկնել աշնանից մինչև գարնան ամիսներին»,- նշում է «Շելբի» ընկերության ղեկավարը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ճիշտ է, զբոսաշրջային ընկերություններն ունեն այդ ուղղությամբ փաթեթներ, բայց չեն գովազդում և ոչ էլ առաջարկում են հաճախորդներին:

«Թուրքիա ունենք ուղիղ չվերթեր, և այս ուղղությունը հիմնականում ամրագրում են Հայաստանում բնակություն հաստատած ՌԴ քաղաքացիները: Իրենք են գալիս ու իրենք էլ հետաքրքրվում են այդ ուղղությամբ: Իհարկե, գովազդային արշավ չի իրականացվում, բայց եթե հաճախորդը ցանկանում է պատվիրել, մենք նրան առաջարկում ենք, բնականաբար: Քանի որ շատ կան ուղղություններ, մենք չենք կենտրոնանում դեպի Թուրքիա ուղղության վրա: Եթե հաճախորդը ցանկանում է, բնականաբար առաջարկում ենք, լինում են մեր հայրենակիցներ, որ հետաքրքրվում են, բայց մեր ընկերությունը, անկեղծ ասած, վաճառք դեռևս չի կատարել, որովհետև մենք միշտ առաջարկում ենք այլ տարբերակ, և այդ ուղղությունն էլ չի քննարկվում»,-նշում է Մարինա Ավետիսյանը:

«Էնջելս Արմենիա» (Angels Armenia) ընկերությունում ևս կան դեպի Թուրքիա փաթեթներ, բայց, ինչպես ասում է ընկերության տնօրեն Սևան Շիրվանյանը, այդ ուղղության ընտրության հարցում շարժ չկա:

Այստեղ ևս ցանկալի գերակշռող ուղղությունը Եգիպտոսն է, այնուհետև՝ եվրոպական ու ասիական երկրները: Այդուհանդերձ, ընկերությունում ուրախ են, որ ոլորտում ակտիվություն կա, և մարդիկ կարողանում են հանգստի համար դուրս գնալ: «Քովիդից հետո վերադառնում ենք նախաքովիդյան շրջանին, ակտիվություն կա զբոսաշրջության ոլորտում՝ ընդ որում՝ թե՛ ներգնա, թե՛ արտագնա տուրիզմի մասին է խոսքը»,- «Մեդիալաբին» ասում է Շիրվանյանը:

Վերջինի ղեկավարած ընկերությունը նաև խմբային այցելություններ է իրականացնում դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն: «Իրան գնալու ցանկություն հայտնողները բավականին շատ են: Ընդունում ենք նաև զբոսաշրջիկներ Իրանից: Իրանական շուկայում դեպի Հայաստան ուղղությունը պահանջարկ ունի ոչ միայն Նովրուզի, այլ նաև մյուս օրերին: Իրանում եթե ֆինանսական ճգնաժամ չլինի, իրանցիները Հայաստան շատ կայցելեն»,- նշում է Սևան Շիրվանյանը:

One way ընկերությանը հաճախորդները դիմում են ավելի շատ Հայաստանի տարածք, Արցախ և Վրաստան այցելելու համար: Այս ընկերության վաճառքի մենեջեր Մարիամ Մկրտչյանն ասում է. «Տարբեր ուղղություններով պահանջարկը բարձր է, և մենք էլ փորձում ենք բավարարել այն»:

Դեպի Վրաստան ուղղությունը, Մկրտչյանի խոսքով, ակտուալ է, և մարդիկ ավելի շատ մշակութային, պատմական վայրեր են այցելում Վրաստանում: «Եգիպտոսի նկատմամբ պահանջարկի աճը չի խանգարում Վրաստանն ընտրելուն: Մշակութային, պատմական վայրեր ենք գնում, հիմնականում Վրաստանի մշակույթին ենք ծանոթացնում: Քովիդից հետո բավական ծանր շրջան էր, բայց հիմա ոտքի ենք կանգնում ու առաջ գնում նոր նպատակներով, զարգացման նոր ծրագրերով»,- ասում է այս ընկերության տնօրենը:

Կորոնավիրուսային համավարակի հետ կապված սահմանափակումները որոշ երկրներ պահպանում են, օրինակ՝ Վրաստանը պահանջում է կա՛մ ամբողջական պատվաստում, կա՛մ թեստավորում: Կան երկրներ, որոնք հանել են բոլոր պահանջները:

«Գլոբալ առումով երկրները պահանջները թուլացնում են: Սակայն եթե լինեին էլ, ապա դրանք բացարձակ խնդիրներ չեն հարուցում հաճախորդների համար, նրանք նույնիսկ կարծես սովորել էին այդ սահմանափակումներին: Բայց մենք ենք ավելի շատ ուրախացել, որովհետև մեր աշխատողները ավելորդ ինչ-որ դեկլարացիաներ էին ուսումնասիրում, փաստաթղթեր ստուգում և այլն»,- ասում է «Շելբիի» տնօրենը:

Մարինա Ավետիսյանը, այդուհանդերձ, ամռան առաջիկա ամիսներին հանգստի մեկնել ցանկացողներին հորդորում է զգույշ ու աչալուրջ լինել տուրիստական ընկերություն ընտրելու հարցում և չհայտնվել խարդախությունների թիրախում, ինչպես եղել էր նախորդ տարի, երբ մեծ թվով ՀՀ քաղաքացիներ հայտնվել էին Եգիպտոսի փողոցներում: «Մեր քաղաքացիներին հորդորում եմ ուսումնասիրել ընկերության գործունեությունը, շուկայում առաջարկվող փաթեթների տարբերությունները, հասկանալ՝ եթե էական է տարբերությունը, ապա պետք է հրաժարվել այդ առաջարկից, հակառակ դեպքում կարող են խաբեության զոհ դառնալ»,- նշում է նա:

Հասմիկ Համբաձումյան

MediaLab.am