Լավ կլինի՝ Վենետիկի հանձնաժողովից ստանանք սպառիչ բացատրություններ, որպեսզի այս օրենքի գործողության լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի. Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, Սահմանադրական դատարանը դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի մի քանի խնդրահարույց կետերի վերաբերյալ կարծիք ստանալու համար։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այս մասով։

– Ծանոթ եմ ՍԴ-ի որոշմանը, բայց պետք է արձանագրել հետևյալը, որ Վենետիկի հանձնաժողովի տված եզրակացությունը խորհրդատվական կարծիք է ու պարտադիր ուժ չունի և չի կարող ունենալ ՍԴ-ի կողմից կայացվող դատական ակտերի համար, չնայած կարող է առանցքային նշանակություն ունենալ ընդհանուր տրամադրությունների ձևավորման վրա։ 

Ծանոթ եմ նաև ՍԴ-ի բարձրաձայնած հարցերի բովանդակությանը, ինչ խոսք, այս օրենքի ընդունման ժամանակ բավականին քննարկվել է այդ հարցը, ինքս ողջունել եմ նման օրենքի ընդունումը, բայց շատ լավ կլինի, որ բոլոր հետաքրքրություն ու անհանգստություն առաջացրած հարցերը, որոնց վերաբերյալ դիմել են Վենետիկի հանձնաժողովին, հետագայում ունենանք սպառիչ բացատրություններ այս օրենքի գործողության լեգիտիմությունը կասկածի տակ չդնելու համար։ 

Խնդրահարույց հարցերը մի քանիսն են․ օրենքի կիրառման հետադարձ ուժի հանգամանքը, որ օրենքի ընդունումից առաջ ձեռք բերված ապօրինի գույքի բռնագանձումը հնարավոր լինի։ Խնդիր կա ապացուցման բեռի հետ կապված, թե արդյոք պատասխանող կողմը, տվյալ դեպքում՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի տեր անձը ապացուցման բեռը կրե՞ն ու ապացուցեն, որ այդ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքն իրենք ինչ պայմաններում կամ միջոցներով են ձեռք բերել։ 

Երրորդ՝ առհասարակ առանց մեղադրական դատավճռի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման սահմանադրականության կամ եվրոպական չափանիշների համապատասխանության մասին է խոսքը։ 

Եթե անկեղծ՝ պետք է սպասել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությանը, որովհետև դրանով, վստահ եմ, համեմատական վերլուծության ենթարկված կլինի նաև այլ երկրների փորձը, ու, ընդհանուր առմամբ, եվրոպական համայնքում այդպիսի որոշակի տեղեկատվական բազա մեզ կհրամցվի, որից հետո հնարավոր կլինի ընդհանուր դիրքորոշում արտահայտել։

– Հաշվի առնելով փաստը, որ այս օրենքի խնդրահարույց կետերի մասին բարձրաձայնում էին նաև հայաստանյան մասնագետները, լավ չէ՞ր լինի մինչև օրենքի ընդունումը խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել Վենետիկի հանձնաժողովին։

– Քաղաքական բնույթի հարց է դա, ասեմ ավելին՝ այս իշխանությունն ուներ նաև այլ գործիքակազմեր․ մեր քրեադատավարական օրենսդրությունն էլ բավարար էր հանցագործներից հետ վերցնել պետությունից գողացվածը։ Այս իշխանությունն ուներ բոլոր հնարավորությունները բոլոր թալանչիներին կանգնեցնել պատի տակ ու օրինական միջոցներով վերադարձներ հասարակությունից թալանածը։ Չարեց սա, գնաց ուրիշ ճանապարհով, բայց ես, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա խորապես համոզված եմ, որ Հայաստանի օրենսդրությունը լիուլի բավարար էր օրինականությունը վերականգնելու, պատասխանատվության ինստիտուտը բոլորի նկատմամբ անխտիր կիրառելու ու հանցագործության համար մեղավոր ճանաչված անձանց պատասխանատվության ենթարկելու համար։

– Պարո՛ն Նորիկյան, ի՞նչ կարծիք եք ակնկալում հանձնաժողովից։

– Դեռ վաղ է այդ մասին միանշանակ կարծիք արտահայտել, որովհետև տեղեկատվության պակասի խնդիր կա, անհրաժեշտ է ընդլայնված ուսումնասիրել եվրոպական այլ երկրների փորձը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացակարգերի վերաբերյալ։ Ինձ համար ակնհայտ է այն, որ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, այլ խնդիր է, թե ո՞ր իրավական ռեժիմը պետությունը պետք է հիմք ընդունի օրինականության համար։ Դրա համար եմ ես ողջունել այդ գաղափարի ընդունումը, բայց պետք է այնպես անել, որ կասկածի տակ չդրվի այդ գործիքակազմը։ Հանցագործների հետ պետք է խոսել օրենքի լեզվով, այսինքն՝ եթե մենք հանցագործների հետ խոսենք անօրինականության լեզվով, պետությունը կասկածի տակ կդնի իր լեգիտիմությունը։ 

– Եթե եղած օրենքներով չի արվել այն, ինչի մասին ասացիք, նոր օրենքն էլ խնդրահարույց կետեր ունի, ձեր կարծիքով, ի վերջո, ապօրինի գույքը կվերադարձվի՞ պետությանը, թե՞ ոչ։

– Այս իշխանությունների գործադրած ջանքերի պայմաններում վստահությունս կորցրել եմ, որովհետև չորս տարին լիուլի բավարար էր իրենց տված խոստումները կյանքի կոչելու համար։ Հիմա նրանք մեզ ոչ թե խոստումներ պետք է տան, այլ՝ հաշվետվություն իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ։ Չորս տարին ԱՄՆ-ի նախագահի մեկ ժամկետն է, իսկ դա լրիվ բավարար էր տված խոստումները կատարելու համար։ Հիմա այս իշխանությունը պարտավոր է հաշիվ տալ, թե ինչու չի կատարել իր տված խոստումները, ինչո՞ւ է տապալվել կոռուպցիայի դեմ պայքարը։ Ի՞նչ կատարվեց, որտե՞ղ ձախողվեցին, ու ինչի՞ պատճառով խնդիրների առաջ կանգնեց այս գաղափարը, սրա մասին պետք է խոսեն, ոչ թե նոր խոստումներ տան։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am