«Այս տարվա 6 ամիսներին Հայաստանից հեռացողների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակիից ավելի կրճատվել է». Արմեն Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

– Պարո՛ն Ղազարյան, վերջին օրերին ականատես ենք, թե ինչ մեծ մարդկային հոսք է Ռուսաստանից ուղղվում դեպի Հայաստան: Հայաստանը պատրա՞ստ է մարդկային նման մեծ հոսքի, և արդյո՞ք գործ ունենք երկարաժամկետ գործընթացի հետ:

– Ես կխուսափեմ գնահատողական դատողություն անելուց, բայց կարող եմ ասել, որ այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ քաղաքացու անձնագրով մուտքերի ու ելքերի տարբերությունը կազմել է 40 հազար: Նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 20 հազար, այսինքն՝ մենք դինամիկայի փոփոխություն ակնհայտորեն տեսել ենք:

– Իսկ վերջին մի քանի ամիսներին այդ հոսքը որքանո՞վ է նվազել՝ հաշվի առնելով, որ շատերի գնահատմամբ՝ կայունացել էր իրավիճակը այդ առումով:

– Չի նվազել, ես բերեցի առաջին 6 ամիսների տվյալները, հուլիս-օգոստոս ամիսների տվյալները դեռ չունենք: Երբ երրորդ եռամսյակն ամփոփվի, արդեն կկարողանանք խոսել նաև այն մասին, թե ինչ միտում է եղել հուլիսին և օգոստոսին: Համենայն դեպս, եթե հետևենք մեր Work permit հարթակին, որի միջոցով Հայաստանում աշխատող ԵԱՏՄ քաղաքացիներն ստանում են օրինական բնակությունը հավաստող տեղեկանք, այդտեղ դիմումների քանակը չի նվազել, ընդհակառակը՝ ավելացել է:

– Ձեր կարծիքով՝ Հայաստան են գալիս մարդիկ, որոնք մտադիր են երրորդ երկի՞ր մեկնել, թե՞ եկել ու հաստատվել են Հայաստանում: Այս ամիսների վիճակագրությունն ի՞նչ է ցույց տվել:

– Երբ ես խոսում եմ Work permit հարթակի մասին, խոսում եմ այն մարդկանց մասին, որոնք գալիս են Հայաստան ու աշխատում են: Իրենք աշխատանքային իրավահարաբերության մեջ են մտնում Հայաստանում, և այդ միտումը առնվազն չի նվազում: Տարվա սկզբից ենք մենք այդ հարթակը գործարկել, և մոտավորապես երկրորդ եռամսյակի կեսերից այդ թիվը բավականին աճել է ու նվազման միտում չունի:

– Եկողները հիմնականում IT ոլորտի աշխատողնե՞ր են:

– Այո՛: Այս պահին ուղիղ վիճակագրությունը չունեմ, բայց զուտ փորձից, տեսնելով այդ մարդկանց աշխատանքային պայմանագրերի ոլորտները, հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ են:

– Իսկ IT ոլորտի այդ ներկայացուցիչներն առավելապես ինչ ազգության են՝ հայե՞ր, ռուսներ կամ ուկրաինացիներ:

– Նման տարանջատում չունենք, քանի որ դիմումներն ընդունվում են ըստ քաղաքացիության, ոչ ըստ ազգության:

– Շատե՞րն են դիմել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար:

– Քաղաքացիության վերաբերյալ տվյալները ոստիկանությունն ունի, մենք չունենք:

– Իսկ ի՞նչ հարցերով են նրանք դիմում Միգրացիոն ծառայությանը:

– Եթե իրենք աշխատում են այստեղ, և պետք է իրենց օրինական բնակությունը հավաստենք, մենք տրամադրում ենք այդ քարտի տեսքով տեղեկանքը, որովհետև երրորդ երկրների քաղաքացիներին տրամադրում ենք աշխատանքի թույլտվության հիման վրա կացության կարգավիճակ, բայց քանի որ ԵԱՏՄ պայմանագրով, ովքեր ունեն աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունք, և եթե ԵԱՏՄ երկրի քաղաքացին եկել ու աշխատում է ԵԱՏՄ մեկ այլ երկրում, ուրեմն նա աշխատանքի հավելյալ թույլտվության անհրաժեշտություն չունի:

Ըստ այդմ, նա մեր երկրում համարվում է օրինական բնակիչ՝ իր աշխատանքի պայմանագրի ժամկետով: Եվ որպեսզի այդ իրավական նորմը հավաստվի ինչ-որ փաստաթղթով, այդ էլեկտրոնային հարթակի միջոցով նրանք դիմում են և վերջում ստանում իրենց օրինական բնակությունը հավաստող տեղեկանք՝ աշխատանքի պայմանագրի ժամկետով, քարտի տեսքով:

– Ի՞նչ պետք է անեն ՀՀ քաղաքացիությունից հրաժարված ու ՌԴ քաղաքացիություն ընդունած մեր այն հայրենակիցները, որոնք հիմա նորից վերադարձել են Հայաստան ու ուզում են հաստատվել:

– Նրանք պետք է դիմեն և վերականգնեն իրենց քաղաքացիությունը: Դրա համար պետք է դիմեն ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչություն, ինչը սահմանված է «Քաղաքացիության մասին» օրենքով:

– Իսկ երկքաղաքացիների դեպքում այդ ամենի անհրաժեշտությունը չկա՞:

– «Քաղաքացիության մասին» մեր օրենքը թույլ է տալիս լինել երկքաղաքացի, սակայն մեր պետական մարմինների հետ հարաբերություններում մենք քաղաքացուն դիտում ենք որպես ՀՀ քաղաքացի: Ինքը մեզ համար առաջին հերթին ՀՀ քաղաքացի է:

– Հաշվի առնելով Ռուսաստանում հայտարարված զորահավաքը, ակնկալվո՞ւմ է, որ առաջիկայում իսկապես միգրացիոն մեծ հոսք կլինի դեպի Հայաստան:

– Միգրացիոն հոսքերը մեր կյանքի անբաժանելի մասն են, մենք պետք է սովորենք ապրել միգրացիոն հոսքերի հետ:

– Հայաստանից վերջին շրջանում միգրացիոն հոսքերն ինչպիսի՞ն են: Որքանո՞վ միգրացիայի նոր ալիք ունենք, թե՞ միտումը նույնությամբ պահպանվել է:

– Մենք ունենք առաջին 6 ամիսների վիճակագրությունը՝ ՀՀ քաղաքացու անձնագրերով մուտքերի ու ելքերի տարբերությունը – 39 հազար է, այսինքն՝ ավելի շատ ելքեր են, քան մուտքեր: Նախորդ տարի այդ ցուցանիշը – 93 հազար էր, կրկնակիից ավելի կրճատվել է բացասական տարբերությունը: Իհարկե, ես միշտ այս ցուցանիշները ներկայացնելիս շեշտում եմ, որ սրանք ունեն սեզոնայնության ազդեցություն: Հետևաբար, սա պետք է ավելի շատ դիտարկել տարեկան կտրվածքով:

Մանե Հարությունյան

MediaLab.am