Պետք է մշտապես աշխատանք տարվի, որ մարդիկ նույնիսկ պատերազմական դրության ժամանակ ի վիճակի լինեն խուճապի մեջ չընկնել. հոգեբան

Հոգեբան Թամարա Սիմոնյանը և իր գործընկերները ինչպես 44-օրյայի ժամանակ, այնպես էլ օրերս Ադրբեջանի հարձակման հետևանքով որոշել են հայրենակիցներին օգնելու հարցում անմասն չմնալ և  իրենց մասնագիտական պարտքը կատարելով՝ աջակցել քաղաքացիներին։

Հոգեբանները մասնագիտական անվճար աջակցություն են ցուցաբերում պատերազմից տուժած քաղաքացիներին։ 

«Երբ հայտարարվեց Ադրբեջանի հարձակման մասին, իմ գործընկերների հետ կապ եմ հաստատել, որոնք ռազմական կոմպետենցիաներ ունեն, ռազմական հոգեբաններ են, մասնագիտացած են այս ոլորտում կամ նախորդ պատերազմի ընթացքում ավելի շատ են այս ոլորտում եղել, փորձեցինք հասկանալ՝ ում է ավելի շատ պետք օգնել։ 

Հայտարարություն տեղադրեցի իմ էջում, այլ ոլորտներում աշխատող ընկերներս, որոնք մեծ լսարան ունեն, ևս տարածեցին հրապարակումը, որ մարդիկ իմանան՝ կա նման աջակցություն, դիմեն»,- ասում է Սիմոնյանը։

Սոցիալական մեդիայի հարթակներում իրազեկման շնորհիվ, ինչպես նաև տարբեր անհատական կապերի և կազմակերպությունների հետ համագործակցությամբ հոգեբաններին են դիմում քաղաքացիներ, որոնք տեղահանվել են իրենց բնակավայրերից կամ հարազատ են կորցրել, գտնվում են վախի, տագնապի, խուճապի մեջ։ 

Հոգեբանի խոսքով՝ այս ընթացքում բազմաթիվ տեղահանված կանայք են դիմել՝ հասկանալու համար, թե ինչպես բացատրեն երեխաներին՝ ինչո՛ւ են տեղահանվել, ինչո՛ւ է նման իրավիճակ ստեղծվել։ 

«Դիմող քաղաքացիների մեջ հիմնականում արտահայտված են տագնապայնությունը, վախը, խուճապային գրոհները»,- նշում է նա։

Հոգեբանի խոսքով՝ անհատական նախաձեռնությունները որքան էլ լավ են, սակայն ինչպես աջակցության ցանկացած ոլորտ, այնպես էլ հոգեբանական օգնությունը անհրաժեշտ է, որ պետական մակարդակով համակարգվի, հստակ կանոնակարգվի:

Քանի դեռ նման համակարգում չկա, մասնագետները ինքնուրույն և սեփական անհատական նախաձեռնություններով են հանդես գալիս, սակայն այս ոլորտում բացը, հոգեբանի խոսքով, լուրջ հետևանքների կարող է հանգեցնել։

«Նախ՝ ընդհանուր խառը վիճակներում կարող են լինել մասնագետներ, որոնք օգնելու փոխարեն կարող են վնասել։ Երբեմն քաոս է ստեղծվում, և կարող է ոչ ճիշտ օգնություն հասնել մարդկանց։ Սա միայն այս ոլորտին չի վերաբերում։ 

Ճիշտ կլիներ, որ եթե հստակ կանոնակարգում լիներ, պետական մակարդակով, շտաբ ստեղծվեր , բոլոր իրավասություններով մասնագետները հավաքվեին, նրանք, որոնք ցանկանում էին, համատեղ ուժերով  տարբեր մարդկանց խմբերի հետ աշխատեին, որպեսզի օգնությունը հասներ բոլոր նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն, և անգամ նրանց, ովքեր չեն գիտակցում, որ օգնության կարիք ունեն»,- ասում է մասնագետը։

Թամարա Սիմոնյանի խոսքով՝  նաև պետական մակարդակով իրազեկում իրականացնելու խիստ բաց կա, թե նման իրավիճակում քաղաքացին ինչպես պետք է իրեն դրևսորի, ինչպես կարող է ինքն իրեն ու տուժած հարազատին օգնություն ցուցաբերի, ինչպես սոցիալական մեդիա հարթակներում թշնամու կողմից հատուկ իրականացվող մանիպուլյացիոն հայտարարությունների և տեսանյութերի պատճառով հոգեբանական վատ վիճակում չհայտնվի։

«Ընդհանուր առմամբ,  մեր բնակչությանը իրազեկելու խնդիր ունենք, պետք է իրականացվեին իրազեկման ակցիաներ, հեռուստաընկերություններով անընդհատ պետք է խոսվեր, օրինակ՝ ինչպես մարդը խուճապի մեջ չընկնի: Ես կարող եմ իմ լսարանի հետ խոսել, բայց բոլորը Ինսթագրամ կամ Ֆեյսբուք չունեն, չէ՞ որ մեր հասարակության ոչ ամբողջ հատվածն է գտնվում սոցիալական մեդիայում։ Այս ամենը դեռ պետք է սկսվեր 2020-ի պատերազմից հետո, որ մարդը լսեր տագնապի ազդանշանի մասին, ամբողջ Ֆեյսբուքում չսկսեին բուռն քննարկումներ, թե ոնց ու ինչ պետք է անել։

Որ մարդիկ, օրինակ՝ տեսնեին Տելեգրամում թշնամու ինչ-որ տեսանյութ, նախ հասկանային, որ դա չպետք է տարածել, հասկանային, որ թշնամին ուզում է հոգեբանական ազդեցություն գործել մեզ վրա։ Էս ամեն ինչը չկա, չունենք, ստացվում է՝ անհատ մարդիկ իրենց ուժերով, իրենց լսարանով փորձում են դա տեղ հասցնել»։

Հոգեբանի խոսքով՝ անհրաժեշտ է որպես պետություն ունենալ հոգեկան առողջությանը միտված ռազմավարություն, հատկապես որ Հայաստանը պատերազմական իրավիճակում է գտնվում, և դեռ նախորդ պատերազմներից և վերջին շրջանում նաև կորոնավիրուսի հետևանքով տուժած անձինք կան։ 

«Մանկապարտեզում, դպրոցում, համալսարանում մարդկանց հետ  պետք է մշտապես աշխատանքներ իրականացվեն, մենք պետք է ունենանք համակարգային լուծում, որպեսզի մեր քաղաքացիները բավական կայուն հոգեվիճակ ունենան անգամ պատերազմական դրության ժամանակ, ի վիճակի լինեն խուճապի մեջ չընկնել, կարողանան իրենց էմոցիաները, մտքերը ֆիքսել, եթե էս բացը էս փուլում էլ չլուծեցինք, վիճակը հետո ավելի վատ է լինելու։

Շուրջս նայում եմ՝ տեսնում եմ՝ ոչ բոլորն են լավ հոգեվիճակում, նրանց ճիշտ համակարգային օգնություն է պետք, չէ՞ որ  համարժեք որոշում կայացնելու համար բոլորս պետք է լինենք կայուն հոգեվիճակում: Դա վերաբերում է նաև պաշտոնատար անձանց, որքանո՞վ են ադեկվատ, որքանո՞վ են իրենց որոշումները կայացվում ադեկվատ վիճակում, չէ՞ որ սրանք լուրջ հարցեր են, իսկ ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։

Եթե չունենք կայուն հոգեկան առողջությամբ քաղաքացիներ, չենք կարող ունենալ մարդիկ, որոնք ադեկվատ որոշումներ են կայացնում, չենք կարող ունենալ առողջ հասարակություն»,- եզրափակում է հոգեբանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am