«Ո՛վ ասաց, որ եթե անձը Հայաստանում գույք է գնում կամ ներդրում անում, ապա նրան պետք է անպայման շնորհել ՀՀ քաղաքացիություն». Մնացական Բիչախչյան

ՀՀ ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծ, որը սահմանում է այն չափանիշները, ըստ որոնց Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ։

«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն հնարավոր է շնորհել Հայաստանին բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց: Միաժամանակ, ըստ օրենքի՝ նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանվում են Կառավարության որոշմամբ:

Այս պահանջից ելնելով՝ ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է Կառավարության որոշման նախագիծ, որով էլ սահմանվում են նշանակալի ավանդի նկարագրությունն ու գնահատման չափանիշները։

Ըստ ներկայացված նախագծի՝ ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք՝

– կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով կտրամադրեն առնվազն 150 հազար դոլար,

– առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի (բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում) մեջ կներդնեն առնվազն 150 հազար դոլար՝ առնվազն 10 տարի ժամկետով,

– ձեռք կբերեն պետական պարտատոմսեր առնվազն 150 հազար դոլարի չափով՝ առնվազն 7 տարի ժամկետով,

– ձեռք կբերեն անշարժ գույք՝ առնվազն 150 հազար դոլարի չափով՝ նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով,

– որևէ ներդրումային ֆոնդում կներդնեն (պետության կողմից հավանության արժանացած) առնվազն 150 հազար դոլարին համարժեք գումար՝ առնվազն 10 տարի ժամկետով,

– կհիմնադրեն 1 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություն Հայաստանում՝ պայմանով, որ հիմնադրողի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում,

– կհիմնադրեն 100 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող օտարերկրյա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության մասնաճյուղ Հայաստանում, որն ունի 500 և ավելի աշխատող ՀՀ-ում,

– կհիմնեն 80 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի չափով վենչուրային հիմնադրամ,

– կկատարեն 100 հազար դոլարին համարժեք դրամ և ավելի չափով ֆինանսական ներդրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում կամ վենչուրային հիմնադրամներում,

– կունենան Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի կամ Լոնդոնի բորսաներում հայտարարագրված բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում 20 և ավելի տարի աշխատանքի փորձ,

– կունենան փոստի ոլորտի միջազգային կառույցներում համագործակցության տևական (ոչ պակաս, քան 5 տարի) ակտիվ գործունեություն, ինչպես նաև ոլորտում կանեն ֆինանսական, նյութատեխնիկական ներդրումներ՝ առնվազն 250 հազար դոլարին համարժեք դրամի չափով:

ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ նաև, օրինակ՝ ռազմական դրության պայմաններում Հայաստանի կամ Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած օտարերկրացի բուժաշխատողները։

Այս նախագիծը տարընթերցումներ է առաջացրել բնակչության շրջանում, և շատերն են մտավախություն հայտնում, թե, օրինակ՝ ազգությամբ թուրքերը կարող են գալ Հայաստան, այստեղ 150 հազար ԱՄՆ դոլարի ներդրում կատարել կամ որևէ գույք գնել, ստանալ ՀՀ քաղաքացիություն:

Սակայն ՀՀ անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ, քաղաքացիության հարցերով փորձագետ Մնացական Բիչախչյանն ասում է՝ ներկայացված նախագծով առաջարկվող կետերը ոչ թե ՀՀ քաղաքացիություն ստանալու երաշխիք են, այլ քաղաքացիություն ստանալու պայման են:

«Այսինքն՝ եթե դու Հայաստանում գույք ես գնելու, կարող ես դիմել քաղաքացիություն ստանալու համար: Կշնորհվի, թե՞ չի շնորհվի՝ այլ հարց է: Բացի այդ, Հայաստանի քաղաքացիություն շնորհելու պայմաններն ու պահանջները սահմանվում են «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքով: Մարդիկ հանրային քննարկման դրված նախագծից հասկացել են, որ գույք ձեռք բերելը արդեն քաղաքացիություն ստանալու երաշխիք է: Բայց, ո՛չ, այդպես չէ: Ուղղակի պայման է, որ դու կարող ես դիմել առանց երեք տարի պարտադիր բնակվելու»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Բիչախչյանը:

Նա հստակեցնում է՝ անձին ՀՀ քաղաքացիություն տալը այնքան էլ հեշտ գործ չէ և ավելին, «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքով ՀՀ նախագահը քաղաքացիություն շնորհելու որոշումը կարող է չհիմնավորել:

«Իսկ ո՛վ ասաց, որ եթե անձը Հայաստանում գույք է գնում կամ ներդրում անում, ապա նրան պետք է անպայման ՀՀ քաղաքացիություն շնորհել: Դա, կրկնում եմ՝ երաշխիք չէ: Ի վերջո, պետք է երկար գործընթաց անցնի, որ անձին ՀՀ քաղաքացիություն շնորհվի: Այնպես չէ, որ գնաց, բնակարան գնեց, եկավ, ու իրեն միանգամից ՀՀ քաղաքացիություն կշնորհվի: Պետք է ամեն ինչ ստուգվի»,- նշում է Մնացական Բիչախչյանը:

Այս նախագիծը Կառավարության հավանությանն արժանանալու դեպքում օրինական ուժ կստանա։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am