Իրանը մինչև այս փուլն էլ կարողացել է ճնշել Ադրբեջանի՝ ուժի կիրառմամբ «Զանգեզուրի միջանցքը» ստանալու ցանկությունը. Գարիկ Միսակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Գարիկ Միսակյանը

 – Պարո՛ն Միսակյան, Իրանի Իսլամական Հանրապետության ներքին կյանքն ի՞նչ վիճակում է, տևական ժամանակ է, ինչ ընթանում են բողոքի ցույցերը, դեռ շարունակվո՞ւմ են:

– Բողոքի ակցիաները դեռևս շարունակվում են, բայց ոչ այնքան մեծ թափով, որքան առաջին օրերին, այսինքն՝ կան փոքր խմբերով մարդկանց բողոքներ, բողոքներ լինում են նաև գիտական կենտրոններում ու քաղաքների մի քանի հրապարակներում:

Վերջին օրերին, սակայն, մի քանի դրվագներ եղան՝ Թեհրանի բանտերից մեկի վրա եղավ հարձակում, եղավ հրդեհ, որի ժամանակ բավականին շատ բանտարկյալներ վնասվածքներ ստացան: Այսինքն՝ որոշ գործողություններ դեռևս շարունակվում են, որոնք իրականում դեռևս վտանգ չեն ներկայացնում համակարգի համար, բայց բավականին լուրջ անհանգստության տեղիք են տալիս, քանի որ իրականում բարեփոխումների պահանջը երկրում մեծ է, տնտեսական առումով ևս բավականին թանկ են նստում այս ակցիաները Իրանի վրա: 

– Երկրորդ օրն է՝ ինչ Իրանում զորավարժություններ են ընթանում, դրանց նպատակը ու մեսիջները որո՞նք են:

– Նպատակը, որը պաշտոնապես հայտարարվեց և՛ Իրանի պետական ռեսուրսներով, և՛ ԻՀՊԿ ընդհանուր հրամանատարի կողմից, հարևան պետություններին խաղաղության ուղերձն է ու նաև ցույց տալ, որ Իրանը պատրաստ է սեփական սահմանների անվտանգությունը պաշտպանել ու նաև արտատարածաշրջանային պետություններին հասկացնել, որ ցանկացած միջամտություն տարածաշրջանում Իրանի համար անվտանգային խնդիրներ կարող է առաջացնել, ու Իրանը կարող է գործողությունների անցնել: 

Նաև խոսվեց աշխարհագրական ու աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին, որոնք Իրանի համար անթույլատրելի են ու չպետք է լինեն՝ հավանաբար մատնանշելով «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը:

Զորավարժությունների բնույթը հաշվի առնելով, որ իրականացվում է ԻՀՊԿ ցամաքային զորքերի կողմից, կիրառվում են հարվածային-հետախուզական ԱԹՍ-ներ, մեծ քանակով զինտեխնիկա, նաև սահմաններից դուրս հատուկ գործողությունների համար մասնագիտացված խմբեր, ինչպես նաև գետերի վրա ռազմական կամուրջներ կառուցելու փորձեր են լինելու, բարձունքների, քաղաքների հաղորդակցության գրավում, այսինքն՝ հստակ ուղերձներ են տարածաշրջանի որոշ պետությունների, որ Իրանի սահմանին գործողությունները կարող են հանգեցնել նրան, որ Իրանը կարող է և անցնել Արաքս գետը՝ որոշակի խնդիրներ լուծելու համար: 

– Իրան-Հայաստան հարաբերություններն այս փուլում ինչպե՞ս կգնահատեք ու արդյոք թերացումներ նկատո՞ւմ եք հայկական կողմի մոտ, որովհետև բազմաթիվ էին կարծիքները, որ Հայաստանը այս պարագայում պետք է Իրանի հետ հարաբերություններն ավելի սերտացնի, համատեղ զորավարժանքներ անցկացնի:

– Բավականին լայն դաշտ է բացվել հայ-իրանական համագործակցության համար գրեթե բոլոր առումներով, որովհետև իրանական կողմից կան բազմաթիվ ուղերձներ այդ ուղղությամբ ու նաև ցանկություն, որի մասին բացահայտ արտահայտվում են նաև լրատվական դաշտում: Համատեղ ցանկացած ծրագիր Իրանի կողմից ողջունվելու է, ու Իրանը ցանկություն ունի համագործակցության, ու, կարծում եմ, Հայաստանը պետք է լավագույն կերպով օգտագործի դա, որովհետև այս փուլում հայ-իրանական շահը, եթե վերցնենք միայն հայ-իրանական սահմանային հատվածի՝ «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի չեղարկման ջանքերը, համընկնում է: 

– Իսկ Հայաստանի կողմից այդ նախաձեռնողականությունը նկատո՞ւմ եք:

– Հայտարարությունների մակարդակով ակտիվությունը կա, իսկ գործողությունների մակարդակում պետք է արդյունք տեսնենք: Նույն Հյուսիս-հարավի շինարարության մեկնարկը, որը երկար ամիսներ է՝ չի լինում, իսկ դա Իրանի համար բավականին կարևոր է ու համարվում է «Զանգեզուրի միջանցքի» չեղարկման գրավականներից մեկը: Գործողությունները ցույց կտան, թե որքանով է Հայաստանը միտված Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը:

 – Պարո՛ն Միսակյան, այն, որ Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին», հայտարարությունների մակարդակով անժխտելի է, բայց վերլուծաբանների մեծ մասը վստահ չէ, որ եթե թուրք-ադրբեջանական տանդեմը որոշի ուժի կիրառմամբ ստանա այն, Իրանը հստակ քայլերի կդիմի: Որպես մասնագետ կասեք՝ Իրանը կգնա՞ ռազմական գործողությունների, եթե բանը դրան հասնի:

– Համենայնդեպս, բավականին լուրջ հայտարարությունների ու գործողությունների մակարդակում Իրանը նշում է, որ հայ-իրանական սահմանի մոտ ռազմական գործողությունների դեպքում արձագանքելու է: Կարծում եմ, որ արձագանքելու է ռազմական մեթոդներով, ու նաև դրանով է պայմանավորված, որ որևէ հարձակում ադրբեջանական կողմից այդ հատվածում մենք չենք տեսնում դեռևս, Ադրբեջանի ծավալապաշտական բոլոր փորձերը իրականացվում են Սյունիքի հյուսիսային հատվածներում, որոնք հեռու են Իրանի հետ սահմանից: 

Նույն Բաքվի ղեկավարությունը բավականին լուրջ անհանգստացած է այս փաստով ու գրեթե վստահ, որ եթե հարված լինի հայ-իրանական սահմանին, Իրանը միջամտելու է, այդ պատճառով էլ իր գործողություններն իրականացնում է Սյունիքի հյուսիսային հատվածում:

– Իրան-Ադրբեջան հարաբերություններում փոփոխություններ նկատելի՞ են:

– Հռետորաբանության մակարդակում բավականին սուր են մեղադրանքները, իսկ տնտեսական հարաբերությունները բավականին լավ են, այսինքն՝ հարաբերություններին միանշանակ գնահատական տալ չի կարելի, բայց բարեկամական էլ չի կարելի գնահատել, որովհետև Իրանը բավականին խիստ է, նույն զորավարժությունները Ադրբեջանի հետ սահմանային հատվածում ցույց են տալիս, որ Իրանում կան խնդիրներ ու մտահոգություններ՝ Ադրբեջանի հետ կապված: 

– Այսինքն՝ Իրանի այս դիրքորոշումը կկարողանա՞ ճնշել ադրբեջանական նկրտումները, գոնե «Զանգեզուրի միջանցքի» մասով:

– Կարծում եմ՝ մինչև այս փուլն էլ կարողացել է ճնշել այդ ցանկությունը, բայց ընթացող բանակցություններում, եթե լինի հայկական կողմի համաձայնությունը կամ որևէ փաստաթուղթ այդ մասով, Իրանի գործիքակազմը բավականին կքչանա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am