«Ռուսաստանում միգրանտին կարող են հայտարարել օտարերկրյա գործակալ. միգրանտների համար պայմանները աստիճանաբար խստացվում են». Տաթևիկ Բեժանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հայկական կարիտաս» ՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը

– Տիկի՛ն Բեժանյան, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով երբ հայտարարվեց մասնակի զորահավաք, Ռուսաստանից մարդկանց մեծ արտահոսք սկսվեց, հավանաբար տեղյակ եք, օրինակ՝ Վերին Լարսի անցակետում ստեղծված քաոսի մասին: Դուք, ձեր կազմակերպությունը ունե՞ն տվյալներ՝ արդյոք կան Հայաստան արտագնա աշխատանքից հարկադիր վերադարձողներ:

– Արտագնա աշխատանքի մեկնած ու վերադառնալ ցանկացողների մասին տվյալներ չեմ կարող ասել, չենք ունեցել դիմողներ, որոնք ցանկանում են վերադառնալ կամ վերադառնալու հետ կապված խնդիր ունեն: Ռուսաստան մեկնած աշխատանքային միգրանտները, կարծում եմ՝ նոյեմբերից կսկսեն վերադառնալ. նրանց սեզոնը սկսվում է փետրվար-մարտին, ավարտվում նոյեմբեր-դեկտեմբերին:

Ռուսաստանի իշխանությունների հայտարարած զորահավաքը ավելի շատ անդրադարձել է մեր այն հայրենակիցների վրա, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն, և ես կարող եմ ենթադրել, որ հատկապես նրանց թիվն է մեծ եղել Հայաստան եկողների մեջ: Զորահավաքից, իհարկե, փորձել են խուսափել հենց Ռուսաստանի քաղաքացիները՝ հատելով սահմանը:

Ազգությամբ հայերի դեպքում ավելի է մեծացել քաղաքացիության համար դիմողների թիվը. նրանց մեծ մասը փորձում է կամ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան միջոցով, կամ ֆիզիկապես Հայաստան գալու միջոցով դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալ կամ վերականգնել իրենց ունեցած քաղաքացիությունը, իսկ եթե չեն ունեցել՝ ստանալ Հայաստանի քաղաքացիություն:

– Այսինքն՝ հիմա հակառա՞կ պրոցեսն է՝ ձգտում են ՀՀ քաղաքացիություն ունենալ:

– Այո՛, ունենալ ՀՀ քաղաքացիություն, որն իրենց հնարավորություն կտա առնվազն այդ հիմքով կամ Ռուսաստանից դուրս գալ, կամ գուցե մեկնել այլ երկիր:

Մենք, մեր կազմակերպությունը չունենք տվյալներ, չէինք էլ կարող ունենալ նման տվյալների բազա: Ես կարող եմ միայն խորհրդատվության համար դիմողների թվից ելնելով նման հայտարարություն անել. մեզ մոտ ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունը վերականգնելու համար խորհրդատվություն ստացողների թիվը: Եթե մինչ այդ մեկնողներին էինք խորհրդատվություն տրամադրում՝ ինչպես մեկնել, ինչ խնդիրների կարող են բախվել, ինչպես լուծել առաջացած խնդիրները, օրենսդրական կարգավորումներն էինք ներկայացնում, հիմա հիմնական խորհրդատվությունը տրամադրում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ:

– Տիկի՛ն Բեժանյան, ձեր վերջին հարցազրույցներում ասում էիք, որ Ռուսաստանի իշխանությունները խստացրել են միգրացիոն օրենսդրական դաշտը: Արդյոք փորձո՞ւմ են մեղմացնել:

– Այո՛, խստացումներ եղան մինչև ռուս-ուկրաինական պատերազմը՝ 2021-ի դեպտեմբերի 29-ին ուժի մեջ մտած օտարերկրացիների մասին օրենքի փոփոխությամբ: Այդ խստացումները գործում էին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը: Ըստ այդ կարգավորումների՝ ԵԱՏՄ քաղաքացիների համար այլևս քաղիրավական պայմանագիրը բավարար չէ, պետք է նաև ինֆեկցիոն հիվանդությունների գծով բուժզննում անցնել, մատնահետք հանձնել, և շատ պահանջներ են ներկայացվում արտագնա աշխատանքի մեկնած միգրանտին:

Մեղմացումներ, չէ՛, չեն լինելու, հակառակը՝ նոր խստացումներ են սպասվում, նոր փոփոխություններ են մտել Պետդումա՝ նույնականացման քարտի ներմուծում է սպասվում, լոյալության համաձայնագիր է ի հայտ գալիս: Գնալով ավելի խիստ պայմաններ են փորձում ստեղծել միգրանտների համար: Միգրանտին շատ արագ կարող են հայտարարել օտարերկրյա գործակալ և կարող են նույնիսկ քրեորեն հետապնդել: Այսինքն՝ մաքսիմալ փորձ է արվում վերահսկելի դարձնել միգրանտի շարժը Ռուսաստանում նրա գտնվելու ընթացքում:

– Իսկ ձեր դիտարկումներն ի՞նչ են ցույց տալիս, նման պայմանների պարագայում կա՞ ցանկություն հայաստանցիների շրջանում մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի:

– Այո՛, այդ ցանկությունը դեռևս կա: Բայց կան նաև մարդիկ, որոնք փորձում են Հայաստանում աշխատանք փնտրել, հասկանալ՝ ինչ կարելի է այստեղ անել: Մի պարադոքսալ բան ասեմ՝ մեր զբաղվածության տարածքային կենտրոններն ունեն բավականին թվով թափուր աշխատատեղեր և որևէ կերպ չեն կարողանում լրացնել:

– Այո, ցածր աշխատավարձով:

– Ասեմ ձեզ՝ այնքան էլ ցած չեն աշխատավարձերը: Օրինակ՝ Աշտարակի զբաղվածության տարածքային կենտրոնում կան օրական 6-7 հազար դրամ աշխատավարձով աշխատանքներ, որոնք չեն կարողանում լրացնել: Իսկ այդքան աշխատավարձը մարզում ապրելու համար բավարար գումար է: Բայց կան նույնիսկ բարձր վարձատրվող աշխատանքներ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am