«Տնտեսական աճի մասին Կառավարության կանխատեսումը կլինի այն դեպքում, երբ ռուսները շարունակեն գալ, մնալ ու ծախսել Հայաստանում». տնտեսագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը

– Պարո՛ն Պարսյան, հավանաբար հետևել եք՝ Ազգային ժողովում այս օրերին 2023-ի պետական բյուջեի նախագծի քննարկումներն են: Կառավարությունը հաջորդ տարի սպասում է 7 տոկոս տնտեսական աճ, Կենտրոնական բանկը մի փոքր զուսպ է՝ 4.5 տոկոս: Խնդրում եմ, դուք՝ որպես մասնագետ, ներկայացրեք՝ որքանո՞վ են իրատեական այս կանխատեսումները:

– Հաջորդ տարվա կանխատեսումներն անելու համար պետք է հասկանանք՝ այս տարի տնտեսության մեջ ինչ հիմքեր ենք դրել, որոնք թույլ կտան հաջորդ տարվա համար նման կանխատեսումներ անել, այդ ցուցանիշը ստանալ:

Ակնհայտ է, որ այս տարվա տնտեսական աճի հիմքում ընկած է արտաքին գործոնը, մասնավորապես՝ այս տարի ռուսների Հայաստան այցելությունը: Նրանք իրենց հետ, բնական է, բերել են գումարներ, ինչն էլ իր հերթին խթանել է առաջարկ ու առևտուր:

Այդ ամենը մուլտիպլիկատիվ էֆեկտ է թողել շինարարության վրա, ինչպես նաև այլ ոլորտներում:

 Այսինքն՝ մենք այս տարի այնպիսի հիմքեր չենք դրել, որ մեծ աճ սպասենք, օրինակ՝ չենք ստեղծել, աշխատեցրել նոր գործարաններ, նոր բիզնես գաղափարներ չեն ծագել, խոշոր ներդրումներ չեն կատարվել, որ հաջորդ տարի տնտեսական մեծ աճ սպասվի:

Նույնիսկ ֆինանսների նախարարությունը չի հիմնավորում՝ ինչպես է 7 տոկոս տնտեսական աճ սպասում: Նրանք սա հրամցնում են որպես ցանկություն հաջորդ տարվա համար:

Ի դեպ, Կառավարությունը իր հնգամյա գործունեության ծրագրում նշել է՝ առնվազն 7 տոկոս տնտեսական աճ են սպասում, մինչդեռ բյուջեի նախագծում նշված սպասումները՝ 7 տոկոս տնտեսական աճ: Այս սպասումները հակասում են միմյանց, քանի որ ըստ գործունեության ծրագրի՝ տարեկան 7 տոկոս աճը պետք է լիներ նվազագույն ցուցանիշը:

– Իսկ հնարավո՞ր է այս տարվա երկնիշ աճի կոմպենսացման պարագայում հաջորդ տարի այդ սպասումն արդարանա:

– 2023 թվականի կանխատեսումը կլինի այն դեպքում, երբ ռուսները կշարունակեն մնալ Հայաստանում, իրենց հետ կբերեն գումարներ, Հայաստանը կշարունակի օգտվել արտահանման հնարավորությունից և այլն: Ա՛յ սա է հիմնականը լինելու տնտեսական աճի հիմքում:

Եթե այս գործոնները մնան, ապա մենք ունենալու ենք 7 տոկոս տնտեսական աճ, եթե այս գործոնները վերացան, ապա մենք կարող ենք մեկ ամսվա ընթացքում այս տարվա տնտեսական աճը ուղղակի կորցնել: Փուչիկի պես ուղղակի կպայթի այս ամենը:

– Այսինքն՝ Հայաստանի տնտեսության աճը կախված է ռուս-ուկրաինական պատերազմի կյանքի՞ց:

– Այո՛, ռուսների հոսքը դեպի Հայաստան, հնարավոր հերթական զորահավաքը, Ռուսաստանի կողմից վարվող ֆինանսական քաղաքականությունը ազդում են մեր տնտեսության վրա:

– Հիմա բյուջեի ցուցանիշների մասին. կարծես բարելավում կա առանձին ոլորտներում, մասնավորապես, կապիտալ ծախսերի ծավալն է աճում, բայց մյուս կողմից՝ դրանք թերակատարվում են: Ինչո՞ւ՝ ըստ ձեզ:

– Այս տարի Կառավարությունը նախատեսել էր 350 մլրդ դրամի չափով կապիտալ ծախսեր, բայց մոտ 45 տոկոս թերակատարում կա: Ակնհայտ է, որ Կառավարությունը չի ստեղծել կարողությունների այնպիսի ինստիտուտ, որ հաջորդ տարի կարողանա իրականացնել 500-550 մլրդ դրամի չափով կապիտալ ծախսեր:

Հաջորդ տարի այդ ծախսերի ¾-ը պաշտպանական ենթակառուցվածքների ծախսերն են, որոնք, ենթադրվում է, որ պետք է անի պաշտպանության նախարարությունը: Բայց այդ ծախսերի մասով ևս խնդիրներ կան, քանի որ դրանք հնարավոր է կատարել միայն այն դեպքում, երբ, օրինակ՝ ադրբեջանական կողմը չդիմի ագրեսիայի, չկրակի սահմանի ուղղությամբ և այլն: Եթե կրակի սահմանի ուղղությամբ, ինչպե՞ս են այդ աշխատանքները կատարելու:

Կշարունակեն թերակատարել ջրամբարաշինությունը, ջրատարների կառուցումը, մենք այս տարի մեծ թվով վարկեր ունենք, որոնք չենք օգտագործել կամ օգտագործել ենք 40-50 տոկոսը: Հաջորդ տարվա համար Կառավարությունը մտադիր է Հյուսիս-հարավ ճանապարհի մի հատվածի կառուցման մրցույթն անցկացնել և սկսել: Բայց, դե, որքանով կկարողանան անել, քիչ հավանական է՝ հաշվի առնելով այն, որ այս տարի նույնիսկ նախագծային աշխատանքները չավարտեցին:

– Այդուհանդերձ, ինչո՞ւ են կապիտալ ծախսերը թերակատարվում, համապատասխան ներո՞ւժ չկա, ջա՞նք չի գործադրվում, թե՞ իրավասուների պրոֆեսիոնալիզմը չի ներում:

– Մեզ մոտ ոչ պետական և ոչ էլ մասնավոր հատվածում համապատասխան կարողություններ չկան: Ընթացիկ ծախսեր՝ կենսաթոշակ, աշխատավարձ և այլն, ավելացնելու համար մեծ խելք ու ջանք պետք չեն, մինչդեռ կապիտալ ծախսերի մասով անհրաժեշտ է ճկուն ու գիտակ թիմ, որը կկարողանա մրցույթների փաթեթները պատրաստել, վերահսկել աշխատանքների կատարումը և այլն, և այլն:

Պատահական չէ, որ պետությունը մեկ անձից գնումներ է կատարում հրատապ անվան տակ: Սա խոսում է այն մասին, որ պետական կարողությունները համապատասխան բարձր մակարդակ չունեն պլանավորված աշխատանքները ըստ պատշաճի իրականացնելու համար: Իսկ դրա կոռուպցիոն ռիսկայնությունը խիստ կասկածելի է:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am