«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը
– Պարո՛ն Մարտիրոսյան, գրահրատարակչության ոլորտում ի՞նչ խնդիրներ կան, հեղափոխությունից հետո որևէ քայլ արվե՞լ է առկա խնդիրները շտկելու ուղղությամբ։
– 30 տարվա ընթացքում ոլորտով, նկատի ունեմ և՛ տպագրություն, և՛ հրատարակչություն, ոչ մի պետական կառույց չի զբաղվել, եթե զբաղվել էլ են, ապա ոլորտից ինչ-որ ուժեղ կազմակերպություններ իրենց խնդիրները լուծել են։ Օրինակ՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով ներմուծման ժամանակ կոնկրետ թղթի տեսակ էր ազատվել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ), կամ իքս արտադրողի էին որոշակի արտոնություններ տվել և այլն։ Այսինքն՝ ինչ-որ կազմակերպությունների համար ինչ-որ հարցեր լուծվել են, բայց երբեք չի լուծվել հարց ընդհանուր ոլորտի համար։
Ոլորտի 30 տարվա անտեսման հետևանքով ինչ ունենք մենք․ փորձագիտական կարծիքներն ասում են, որ Հայաստանում դպրոցն ավարտողների մոտավորապես կեսը կարդալ չգիտի կամ կարդացածը չի հասկանում։ Համաշխարհային բանկի 2019 թվականին հրապարակված հետազոտությունների արդյունքները՝ 2015 թվականի չափումների հիման վրա, ասում են, որ յոթերորդ դասարանցիների մինչև 35%-ը կարդալ չգիտի կամ կարդացածը չի հասկանում։ Այս ցուցանիշներն այնքան մեծ թիվ են արտահայտում, որ դու կարող ես հասկանալ, որ ապագադ շատ մշուշոտ է՝ որպես պետություն։ Իսկ չկարդալ նշանակում է, որ մարդը ռեալ բանիմացության խնդիր ունի։
Ես համոզված եմ, որ պատերազմում մեր պարտության բոլոր պատճառների արմատները գտնվում են կրթության մեջ՝ կառավարման կրթության բացակայության, լոգիստիկ խնդիրները լուծել չկարողանալու մեջ, որովհետև մեծ պատերազմներում հաղթողները տարբեր ժամանակներում նշել են, որ ճակատամարտը հաղթում է հետևակը, սակայն պատերազմը հաղթում է լոգիստիկան։ Իսկ եթե մարդը կարդալ չգիտի, հետևաբար չի կարողանում ուսումնասիրել աշխարհի պատմությունը, աշխարհի պարտությունների պատմությունը, նա արդեն պարտված է, ու մենք տարբեր ժամանակներում Հայաստանի բոլոր ղեկավարներին դիմել ենք ու զգուշացրել, որ մեզ աղետ է սպասում։
12 տարի առաջ չափում արեցինք ու տարվա մեջ գիրք գնելու՝ մեկ անուն գրքի, միջին թիվը 10 օրինակն էր, իսկ դա աղետի ցուցանիշ էր։ Հինգ տարի առաջ «Բուկինիստ» կազմակերպության հետ հաշվեցինք չեկերի քանակը ու ստացանք արդյունք, որ Հայաստանում գրախանութ է այցելում քաղաքացիների 1%-ը, սա մյուս աղետն է, որ մենք չունենք այդ մշակույթը։ Բոլորն ասում են, որ հրատարակիչներս վատ մարքեթինգ ունենք, բայց ինչ մարքեթինգ ուզում ես արա, եթե մարդը չի մտնում գրախանութ, միևնույն է՝ ինչ ուզում ես արա, նա սովորություն չունի գրախանութ այցելելու։
Հաջորդ խնդիրը, որ այս տարվա սկզբից մինչև այսօր գրքի վաճառքի բնագավառում ամենամեծ կազմակերպությունը իր բոլոր մասնաճյուղերով վաճառել է ավելի շատ ռուսերեն լեզվով գիրք, քան հայերեն լեզվով։ Սա ևս պետական անվտանգության խնդիր է ու կապ չունի ռուս-ուկրաինական պատերազմի հետ, նախքան այդ պատերազմը ցուցանիշներն այսպիսին էին։
Համեմատության համար ասեմ, թե Հայաստանում ինչքան է վաճառվում հատիկով գիրք, այսինքն՝ քանի հատ գիրք. Վրաստանում 2021թվականին վաճառվել է 3.5 միլիոն վրացերեն գիրք, դասագրքերը չեն մտնում այս թվի մեջ, իսկ Հայաստանում՝ մոտավորապես 400.020 հայերեն գիրք, այսինքն՝ տարբերությունը 7-8 անգամ է։ Վրաստանում մեկ շնչին բաժին էր ընկնում մեկ գիրք, իսկ մեզ մոտ՝ յոթ շնչին մեկ գիրք։
– Իսկ այդ տարբերությունն ինչո՞վ է պայմանավորված։
– Վրաստանում գրադարանները ֆինանսավորվում են, լավ-վատ՝ այլ հարց է, Հայաստանում 30 տարվա մեջ մեր գրադարանները ոչ մի նպատակային գիրք չեն ստացել, այսինքն՝ չի եղել մի դեպք, որ գրադարանավարն ասի, որ իրենց այսինչ գիրքն է պետք, ու իրեն այդ գիրքը տան կամ դրա համար գումար տան։
Ընդամենը 10 գրադարան երկար տարիներ 300 հազար դրամով էր ֆինանսավորվում, իսկ դրանով կարելի էր գնել առավելագույնը 50 գիրք, իսկ միայն Հայաստանում յուրաքանչյուր տարի մոտ 2000 անուն գիրք է ծնվում, այսինքն՝ միայն Հայաստանում ծնված գրքերի 1950-ն ամեն տարի չեն գնել այս ֆինանսավորվող գրադարանները, մնացած 1430 հանրային գրադարանները, որ մենք ունեցել ենք, առհասարակ գիրք չեն գնել՝ անգամ մեկը, ու այդ գրադարանները բոլորն արդեն չկան։
Հայաստանում, իմ ունեցած թվերով՝ կա մոտավորապես 60 գրադարան, բայց դրանց մեծ մասը չի բացվում, կամ այնտեղ ոչ գիրք կա, ոչ էլ գրադարանավար։ Այս համայնքների խոշորացման հետևանքով ևս շատ գրադարաններ փակվեցին։ Դպրոցական գրադարանների ճնշող մասը՝ 99%-ը կամ 100%-ը, հանգիստ կարող եմ ասել, ընդամենը դասագրքերի պահեստ է, իսկ այդ հին, փտած գրքերն էլ աշակերտին չեն ձգում, էլ չեմ խոսում առողջության համար դրանց վտանգավոր լինելու մասին։ Կոտայքի մարզային գրադարանը, որը գտնվում է բնակելի շենքի առաջին հարկում, ունի շատ հին գրքեր, քչից-շատից էլ՝ նոր գրքեր։ Այցելություններից մեկի ժամանակ իմացա, որ մի 8 տարեկան աղջիկ պետք է 4 տարի սպասի, որ այդ գիրքը կարդա, այսինքն՝ գրադարաններում այսպես թե այնպես պահանջարկ կա, որը չի բավարարվում։
Հայաստանն աշխարհում միակ պետությունն է, որը չի ֆինանսավորում գրադարաններ, անգամ Ազգային գրադարանը ստանում է մոտ 10-12 միլիոն դրամ, իսկ դրանով չի կարող գնել Հայաստանում լույս տեսած յուրաքանչյուր գրքից մեկ օրինակ։ Հաջորդ խնդիրն այն է, որ Հայաստանում գիրքն ավելի թանկ է, քան, օրինակ՝ հարևան Վրաստանում, մոտավորապես 1,5 անգամ ավելի թանկ է միջինը։ Սրա պատճառը սպառումն է, որովհետև ինչքան քիչ ես գիրք վաճառում, այնքան գիրքը թանկ է։
– Պետական մակարդակով ի՞նչ պետք է արվի, որ ոլորտի խնդիրները վերացվեն, պարո՛ն Մարտիրոսյան։
– Աշխարհում մոտավորապես մի հարյուր պետություն հատուկ քաղաքականություն է վարում գրքի բնագավառում։ Օրինակ՝ եթե մեր հարևանների մասին խոսեմ, ապա Թուրքիայում գրքի ԱԱՀ-ն 0% է, Վրաստանում՝ ևս, Վրաստանում և Ուկրաինայում նաև շահութահարկն է 0%, եթե դու վրացերեն կամ ուկրաիներեն գրքեր ես հրատարակում, Իրանում է 0%, Ադրբեջանում այս տարվա սկզբից է 0% և այլն։
Այսինքն՝ այդ հարյուր պետությունը հարկ չի ավելացնում, ու դա չպետք է շփոթել ազատված ԱԱՀ-ի հետ։ Որոշ պետություններ էլ մասամբ են հատուկ մոտեցում ցուցաբերում։ Հայաստանում դա երբեք չի արվել, օրինակ՝ բազմաթիվ ընկերություններ կան, որոնք տարբեր ձևերով ազատված են ԱԱՀ-ից, բայց հենց գրքի համար դիմում ես, ասում են, որ իրենց քաղաքականությունն այն է, որ որևէ բնագավառ չպետք է արտոնություն ունենա։
Հայաստանն առաջ ուներ օրենք, որը կարողանում էր ինչ-ինչ ընթացակարգերով ազատել ուսումնական գրքերը ԱԱՀ-ից, որոշումը կայացնում էր կրթության նախարարությունում ձևավորված փորձագիտական խումբը։ Մանկական գրքերն էլ բնույթով էին ազատվում ԱԱՀ-ից։ 2017-ին փոխեցին օրենքն ու ասացին, որ անգամ մանկական գրքերի հարցում որոշողը պետք է լինի կրթության նախարարությունը։ Բացի այս, գիրք ներմուծող ընկերությունները ևս ենթակա են այդ ընթացակարգն անցնելու, ենթադրենք՝ կորեերեն մանկական գիրք է ներմուծվում, հիմա՝ Հայաստանն ունի՞ որևէ փորձագետ, որը կորոշի, որ այդ գիրքը մանկական է կամ ոչ։ Այսինքն՝ այս օրենքը ենթադրում է մի ընթացակարգ, որը չի կարողանում այս հարցին պատասխանել, այսինքն՝ չկան մասնագետներ, որոնք կկարողանան պատասխանել այդ հարցին, բայց արի ու տես, որ իրենք որոշում են։
Բացի այս էլ, կա նաև սուբյեկտիվ մոտեցում, երբ, օրինակ՝ մի հրատարակչության հրատարակած նույն գիրքը համարում են մանկական, մյուսինը՝ ոչ։ Կա նաև ժամկետային ու քանակական խնդիր, օրինակ՝ մեծ ներկրողները բերում են միանգամից 5-10 հազար անուն տարբեր գրքեր, ու եթե այդ 10 հազար գիրքը տան, ասեն՝ ազատեք հարկերից, ապա դա մոտավորապես մի 300 տարի կտևի։ Այսինքն՝ անգամ ժամկետային առումով չաշխատող մեխանիզմ է, բայց մեր պետությունը անգամ հեղափոխությունից հետո էլ ոչինչ չի անում, որ այս իրավիճակը շտկվի։
Եթե Սերժի ժամանակ ինչ-որ չինովնիկներ իրենց շահի համար անում էին ինչ-որ բան, ապա այս իշխանությունը բացարձակ ոչինչ չի անում, երբ օրենքները հակասում են կամ այնպես են գրված, որ չեն ծառայում այն նպատակին, ինչի համար գրված են։
Հայաստանն արտոնություն է տվել աշխարհի բոլոր տպարաններին, որտեղ գիրք կտպագրվի, ապա այդ գիրքը կգա Հայաստանի մաքսային սահման ու 0% մաքսատուրքով, 0% ԱԱՀ-ով կմաքսազերծվի, սա չի վերաբերում միայն Հայաստանում տպագրված գրքերին։ Հայաստանում տպագրվող գրքերի բոլոր հումքային ծախսերի ԱԱՀ-ն վճարում ես, բոլոր սարքավորումների ԱԱՀ-ն վճարում ես, ինչը թանկացնում է Հայաստանում գրքի արժեքը։ Սրանք խնդիրներ են, որոնց մասին մենք՝ հրատարակիչներով խոսել ենք մի 60 պաշտոնյայի հետ, սակայն՝ ձայն բարբառո հանապատի։
Հիմա նաև մեզ սպասում են ևս մեկ, այդ բառը եկեք հենց այդպես էլ ասեմ՝ աղետ ու պարտություն, այս 44-օրյայի պարտությունից առավել ծանր հետևանքներով։ Որոշել են, որ պետք է լինի մեկ պետական մեծ հրատարակչություն, որը կրթության նախարարությունում կամ հանրակրթության վարչությունում է լինելու, որը կորոշի, որ այս հրատարակիչները հանդես են գալիս որպես հեղինակային խմբերի ներկայացուցիչներ, այսինքն՝ իրենք այլևս հրատարակիչ չեն, պատասխանատու չեն իրենց հրատարակած գրքի համար, ու այդ օղակը կորոշի՝ որ գիրքը լինի, որը՝ չէ, ինչ փոփոխություններ արվեն, ինչը հեղինակային իրավունքի խախտում է, կոնվենցիայի խախտում է։
Մեր պետությունը որոշել է, որ Հայաստանում պետք է լինեն այն դասագրքերը, որոնք 80-ականներին էին, այսինքն՝ առաջընթացը կանգնեցնում են մի կողմից, մյուս կողմից էլ՝ մոնոպոլիզացնելով՝ որակը կընկնի, և մենք կունենանք ավելի սարսափելի կրթություն, չնայած առանց այդ էլ ահավոր է։
Այսպես թե այնպես, մեր դասագրքերն ինչ-որ բան տալիս էին երեխաներին, հիմա անգամ այդ կլինի այնպես, ինչպես ուզում է իշխանությունը, օրինակ՝ թե ինչպես վաղվա աշակերտն ընկալի 2018 թվականի հեղափոխությունը, վաղը կարող է գրված լինել, որ մենք 44-օրյա պատերազմում հաղթել ենք։ Ես չեմ կարող ասել, թե ինչ փոփոխություններ կանեն, բայց Ժաննա Անդրեասյանը ուղիղ մեզ ասաց, որ «մենք ուզում ենք մեր ուզած փոփոխություններն անենք», բայց ինչո՞ւ ես ուզում փոփոխություններ անել, եթե կան հստակ դրված սահմաններ, որոնք ասում են, թե ինչ դասագիրք պետք է գրես։ Սա, էլի եմ ասում՝ կոնվենցիայի կոպիտ խախտում է․ ինչ են անում իրենք, որ այդ խախտումն անի այդ հրատարակիչ կոչեցյալը։ Այսուհետ այդ հրատարակիչը կոչվելու է հեղինակ, տպագրողն էլ կոչվելու է հրատարակիչ, սա էլ հերթական աբսուրդն է։ Արդյունքում ստացվելու է, որ Հայաստանի որևէ քաղաքացի, գործարար կամ Ռուսաստանի գործարար, քանի որ իրենք միլոտով են անում, ու Հայաստանի ոչ մի տպարան չի կարող այդ ծավալը անել, կտանի դա Թուրքիայում կտպի ու կբերի Հայաստան, Հայաստանը մոտ մի 5 տարվա ընթացքում չի ստանա 7 միլիարդ դրամի հարկ, ու մոտավորապես 20 միլիարդ դուրս կգա Հայաստանից։ Իսկ սա աղետ է բերելու։
Մեզ համար սա վախենալու չէ, որովհետև մեզ մոտ ընդհանուր ծավալի մոտ 5%-ն է դասագիրքը կազմում, բայց ես ունեմ գործընկերներ, որոնց շրջանառության մեջ 60-100%-ը դասագիրքն է։ Այս հրատարակչությունները վաղն ուրիշ գիրք չեն հրատարակելու, չէ՞ որ ֆինանս է հարկավոր, իսկ այդ ֆինանսն իրենք ստանում էին այդ դասագրքերի հրատարակությունից, այսինքն՝ մենք ունենալու ենք նաև գրքի ոլորտում աղետ, որովհետև գրքի սնուցման մեխանիզմները նույնպես կոտրում են ու վերացնում։ Արդեն այսօր նկատելի է, որ հրատարակվող գրքերի նախատեսվածից քիչն են հրատարակում որոշ հրատարակիչներ, էապես կրճատվել են։
Կարդալու մասով էլ ավելացնեմ հետևյալը․ ի՞նչը Հայաստանում պետք է ստիպի մարդուն, որ կարդա, կարո՞ղ է որևէ պաշտոնեական առաջխաղացում հաշվի է առնում այդ մարդու ունեցած գիտելիքները, ռեալ կրթությունը, չեմ ասում՝ դիպլոմը, հմտություններն ու փորձն այդ բնագավառում։ Քանի՞ անգամ ենք տեսել, որ այս գործոններով առաջնորդվեն սրան-նրան որևէ պաշտոնի նշանակելիս։
Ընդհակառակը՝ որ չկարդա, կլինի ավելի բռի, կոպիտ, ու առաջխաղացումն ապահովված է, կլինի ավելի լղոզված ու ճկվող, իսկ գիրքը՝ որևէ գիրք, սովորեցնում է, որ այդպիսին չպետք է լինել։ Ի՞նչ են արել ու անում Հայաստանի իշխանությունները․ հակառակ սելեկցիա է անում՝ առաջ է տանում նրան, ով հեշտ է ենթարկվում, ով կոպիտ ու բռի է, ու մեզ սպասում է ավելի ծանր հեռանկար։
Հատուկ ԱյԹի կազմակերպությունների համար եմ ասում, որ մենք արդեն 4-5 տարի հետո մեծ խնդիր ենք ունենալու այդ բնագավառում, քանի որ չկարդացող մարդը չի կարող նաև ծրագրավորող լինել։
Քրիստինե Աղաբեկյան


















