«Ադրբեջանական քարոզչադաշտը բավականին սուր է արձագանքել Ռուբեն Վարդանյանի նշանակմանը». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը  

Տիկի՛ն Հայրապետյան, Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելու փաստը բուռն արձագանքի արժանացավ Ադրբեջանում, ինչո՞վ եք դա պայմանավորում, ադրբեջանական կողմը ինչ-որ վախե՞ր ունի՝ Վարդանյանի անձով պայմանավորված։

– Այո՛, իրականում ադրբեջանական քարոզչադաշտը բավականին սուր է արձագանքել Ռուբեն Վարդանյանի նշանակմանը։ Դեռ այն ժամանակ, երբ Վարդանյանը հայտարարեց, որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից ու տեղափոխվեց Արցախ, արդեն ադրբեջանական կողմը բազմաթիվ քարոզչական հոդվածներ էր հրապարակում նրա հետ կապված, բայց նշանակումն աչքի ընկավ քարոզչական նոր դրսևորումներով՝ ընդհուպ ֆիզիկական սպառնալիքներ պարունակող տեսանյութերի հրապարակում։ 

Օրինակ՝ ադրբեջանական կայքերից մեկը, որը ենթադրաբար կապ ունի հենց Ադրբեջանի ՊՆ-ի հետ, հատուկ ռուսերեն լեզվով տեսանյութ էր հրապարակել, որի գլխավոր նպատակն էր նշել, որ իրենք պատրաստ են անգամ ֆիզիկապես ոչնչացնել Ռուբեն Վարդանյանին։ Հետո Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ պատրաստեց․ իրենց քարոզչական ներկայացմամբ՝ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի կողմից է ներդրված, ու, ըստ էության, ինչպես իրենք են ձևակերպում՝ «պատրաստվում է անջատողական ալիքի նոր թափ հաղորդել Արցախում»։ 

Անկեղծ ասած, արձագանքը, իրոք, սպասվածից շատ ավելին էր ու փորձելով ուղղակի հասկանալ նման արձագանքի նպատակը՝ գալիս եմ հետևյալ եզրահանգման. քանի որ նրանք սեփական հանրության համար ստեղծել են քարոզչական մեծ փուչիկ, թե իրենք են իրավիճակի տերը, իրենք են վերահսկում ամեն ինչ Լեռնային Ղարաբաղում, ու այդ ֆոնին, երբ ռուսական կողմից խոսում են խաղաղապահների առաքելության երկարաձգման մասին, հետո Ռուբեն Վարդանյանի նշանակումն է տեղի ունենում, վերջինս էլ դարձյալ խոսեց խաղաղապահների առաքելության երկարաձգման մասին, այդ թվում՝ նաև Նիկոլ Փաշինյանն է խոսում այդ մասին, ինչն Ադրբեջանի մոտ տագնապ է առաջացնում, ու իրենց ստեղծած քարոզչական փուչիկն ամբողջությամբ պայթում է, որ իրականում իրենք չեն իրավիճակի տերը ու որ իրենք չեն, որ ամեն ինչ վերահսկում են։ 

Ալիևն այսօր էլ է ելույթ ունեցել ու առանձնակի շեշտել, որ «խաղաղապահները ժամանակավոր են», ինչն էլ հենց իրենց անհանգստությունների ու վախերի դրսևորումն է։  Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքը ևս բուռն արձագանք գտավ նրանց մոտ, դա էլ կապեցին Ռուբեն Վարդանյանի անվան հետ, որ նա է գումար բաժանում։ 

– Վախենում են ինչի՞ց, որ Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարումն ազդակ է, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի՞ լինելու, ինչպես իրենք են ուզում։

– Երևի նրա կերպարը, ավելի հանրային լինելը, միջազգային կապերը՝ չգիտեմ, տարբեր հանգամանքներ առնվազն դրդել են ադրբեջանական կողմին շատ ծանր տանել այդ նշանակումը, և իրենց քարոզչության համաձայն ներկայացնում են, թե այսպես Ռուսաստանը փորձում է թույլ չտալ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ինչպես նախատեսված է։ Այսինքն՝ իրականության մեջ նրանք ընդունում են, որ Արցախն Ադրբեջան չէ, որովհետև եթե նման արձագանք են տալիս այդ նշանակմանը, ընդհուպ սպառնում են ֆիզիկական ոչնչացմամբ, սա մի կողմից փաստում է այդ հայատյացությունը, որի մասին խոսում ենք, մյուս կողմից՝ այն, որ Արցախը բնավ Ադրբեջանի մաս չէ, ու իրենք չունեն վերահսկողություն, ինչպես փորձում են ամեն կերպ ներկայացնել։ 

– Տիկի՛ն Հայրապետյան, օկուպացված Շուշիում Ադրբեջանի նախագահը կրկին ռազմատենչ, սպառնալից հայտարարությամբ է հանդես եկել, նշելով, որ «սեպտեմբերի 13-14-ի գործողություններից հետո հայ-ադրբեջանական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքները Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Հայաստանը պետք է քաջ գիտակցի, թե դա ինչ է նշանակում։ Այսօրվա դրությամբ բոլոր այդ ռազմավարական բարձունքներից տեսնում ենք Սիսիանը, Կապանը, Գորիսը, Ջերմուկը, անգամ Սևանա լիճն է մեր տեսադաշտում։ Այս ամբողջը իրականություն է, և այդ իրականությունը մենք ենք ստեղծել»։ Ինչպե՞ս բացատրել նման հայտարարությունը, այն պարագայում, երբ պատրաստվում են խաղաղության պայմանագիր կնքել, բայց կողմերից մեկի ղեկավարը դրան զուգահեռ նման բան է հայտարարում։

– Սա ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ Ադրբեջանն ունի առավելապաշտական նկրտումներ, իր ելույթում նա կրկին խոսել է «միջանցքի» մասին, որ Հայաստանը համարում է անհնարին ու փակված հարց, տարբեր այլ դրվագներ ևս նշել է, ձեր մեջբերած հատվածի իրողությունները համարել է «դաս Հայաստանին ու հայ հանրությանը» ու կոչ արել «հաշտվել իրավիճակի հետ»։ 

Նրա ելույթում ակնհայտ թիրախավորումներ կային՝ ուղղված Իրանին ու Ռուսաստանին։ Հետաքրքիր է, որ Ալիևն իր ելույթը վերջում ամփոփել է հայ հանրությանն ուղղված կոչով՝ «չդառնալ ուրիշների խաղերի մաս» ու, ըստ էության, չկռվել, չդիմադրել։ 

Բյուջետային ծախսերի մասին էլ է խոսել, նշելով, որ 2023 թվականին ռեկորդային ծախսեր է պատրաստվում իրականացնել, քանի որ «Հայաստանում շատերը չեն հաշտվում պարտության հետ»։ 

Այս ելույթն ինչ-որ առումով ինքնախոստովանական էր այն տեսանկյունից, որ կան հայատյացություն, պատերազմի քարոզ, բայց նա նաև տեսնում է, որ Հայաստանն ունի հնարավորություններ, ոմանց շահերի հետ համընկնումները տալիս են այդ հնարավորությունները և խելացի աշխատելու դեպքում Հայաստանը կարող է օգտվել ու իրավիճակը փոխել, դրա համար էլ թիրախավորում է այլ պետությունների, Հայաստանին, հայ ժողովրդին։ 

Կա մի պարզ ճշմարտություն, որ Ադրբեջանը բռնապետական վարչակարգ է, որ հիմնված է հայատյացության ու ագրեսիայի վրա, ու այդ գործոնները մշտապես պետք են Ալիևին իշխանությունը պահպանելու համար։ 

– Նկատի ունենալով այս ամենը՝ ընթացող բանակցությունները, կողմերը մո՞տ են խաղաղության պայմանագրի կնքմանը։

– Եթե ազնիվ լինեմ՝ չեմ տեսնում այդ միտումը, ընդհակառակը՝ տեսնում եմ անհանգստություն բանակցային գործընթացում նկատվող միտումների վերաբերյալ․ նրանք հասկանում են, որ լինի դա Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Բրյուսելում, միևնույն է, որևէ տեղ իրենց առավելապաշտական ցանկությունները չեն կարող բավարարել։ Մեծ հաշվով, ոչ մեկը չի կարող ապահովել ադրբեջանական կողմի բոլոր պահանջները։ Ադրբեջանը կրկին վերադառնում է նախկին գործելաոճին՝ շարունակել բանակցությունները, բայց դրան զուգահեռ պատրաստվել ռազմական ճանապարհով խնդիրները լուծելուն, երբ հարմար պահը գա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am