«Լավրովի նպատակն էր ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գրպանը գցել Մինսկի խմբի տապալումը ու դա ներկայացնել որպես անդառնալի փաստ». Արմեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը

Պարո՛ն Հովհաննիսյան, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ըստ էության, մեղադրեց հայկական կողմին, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այսօր քննարկումներ չեն ընթանում, քանի որ այդ մասին չի խոսում հենց ինքը՝ Հայաստանը: Լավրովի կողմից հնչած այս ու ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ արված հայտարարություններն ի՞նչ նպատակ էին հետապնդում:

– Նպատակները մի քանիսն են. առաջինը՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, ինչպես ժողովուրդն է ասում, գրպանը գցել Մինսկի խմբի տապալումը ու այդ տապալումը ներկայացնել որպես անդառնալի փաստ ու ցույց տալ, որ միայն Ռուսաստանն ունի իրավունք և հնարավորություն միանձնյա իր վրա վերցնել հակամարտության կարգավորումն ամբողջությամբ:

Կա երեք երկիր համանախագահ, ինչպես շատ ճիշտ ասում է Լավրովը, որոնք շատ թե քիչ հետևում էին իրադրությանը ու մարդկանց գոնե բռնությունից, զտումից, սպանություններից պահում էին: Հետո Ռուսաստանը, իր աշխարհաքաղաքական պլանների շրջանակներում, որոշում է պայմանավորվել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, մյուս երկու համանախագահներից գաղտնի, մասնակցել 44-օրյա պատերազմ ու նոյեմբերի 9-ի հայտարարություն օպերացիային ու, լինելով այդ հարաբերությունների ուխտադրուժը, մեղադրում է այդ երկու պետությանը Մինսկի խումբը թաղելու համար:

Հաջորդը՝ աջակցել Ալիևին: Տեսեք՝ բազմաթիվ երկրներ կան, որ ասում են՝ Լեռնային Ղարաբաղը տեսնում ենք Ադրբեջանի մաս, բայց միևնույն ժամանակ հնչեցնում են պահանջներ ու դժգոհություններ՝ Ադրբեջանին ուղղված, իսկ Ռուսաստանն անում է նույն հայտարարությունը՝ առանց պահանջների ու մեղադրանքների: Երրորդ՝ այդ հայտարարությունը կսմթոց էր Հայաստանի իշխանությանը, որ նրանք ոչինչ չեն անում ու անընդհատ խոսում են Արցախում ապրող հայերի իրավունքների պաշտպանությունից ու անվտանգության ապահովումից:

– Համաձա՞յն եք այն կարծիքներին, որոնց համաձայն՝ ռուսական կողմը սեփական անկարողությունն արդարացնելու համար, որ չի կարողանում ազդել Ադրբեջանի վրա, մեղադրում է Հայաստանի իշխանությանը:

 – Կա այդպիսի բան, բացի դա էլ փորձում է ասել, որ ոչ թե իրենք են Լեռնային Ղարաբաղը ճանաչում Ադրբեջանի մաս, այլ ՀՀ Կառավարությունը: Ես ամենևին չեմ աջակցում այն քաղաքականությանը, որ վարում է գործող իշխանությունը Լեռնային Ղարաբաղի հարցում, որովհետև դա շատ խոցելի է ու ծայրահեղ վտանգավոր իր հետևանքներով, ու դա Ռուսաստանը, փաստորեն, օգտագործում է նաև իր արդարացման համար:

Հիշո՞ւմ եք՝ պատերազմի ավարտից հետո Պուտինն ասաց՝ եթե ճիշտ էր Արցախի անկախության ճանաչումը, թող Հայաստանը ճանաչեր, նույնիսկ Հայաստանը չի ճանաչել: Լավրովի հայտարարությունն էլ նույն շարքից է: Այսինքն՝ ամեն անգամ, երբ Հայաստանն ինչ-որ դժգոհություն արտահայտի, Ռուսաստանն էլ մատնանշելու է, որ այն, ինչ պահանջում են, չեն արել նաև հայերը:

– Տրամաբանություն չկա՞ Ռուսաստանի այդ գործելաոճի մեջ, այսինքն՝ հայկական կողմը չի անում ինչ-որ քայլ, բայց պահանջում է, որ դա անեն ուրիշները, նորմա՞լ է:

– Հայաստանն այսօր կարող է պահանջել երեք բան՝ միջազգային ատյաններում Արցախի հարցի քննարկումների շարունակությունը, երաշխիքներ արցախահայության համար՝ մինչև լուծումներ գտնելը ու ՀԽՍՀ նախկին տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերում, ինչպես նաև Արցախի տարածքներից Ադրբեջանի զորքերի հեռացում: Սրանք կարող են պնդել, այս հռետորաբանությամբ ավելի բանի տեղ իշխանությունը չի թողել:

– Պարո՛ն Հովհաննիսյան, Լավրովը նաև անդրադարձավ Ալմա Աթայի հռչակագրին, որը յուրաքանչյուր կողմ տարբեր կերպ է մեկնաբանում, ինչո՞ւ է հիշատակվում այս հռչակագիրը:

– Ըստ Հելսինկյան ակտի՝ Սովետական Միության արտաքին սահմանները պետք է մնային նույնը, իսկ ներքին սահմանների հարցն իրենց համար նորություն էր՝ ի՞նչ անել դրանց հետ: Իրենք որոշեցին, որ 91 թվականի վարչական սահմանները պետք է ֆիքսվեն պետական սահման միութենական հանրապետությունների միջև: Այդ հռչակագիրը նույն ոգով է, որ մենք ճանաչում ենք վարչական շրջանները Սովետական Միության փլուզման պահին:

Հայկական կողմի փաստարկն այն է, որ ԼՂ-ն, այդ կոնֆլիկտն ու անջատումը եղել են Սովետական Միության փլուզումից առաջ, դեռ Սովետական Միության ժամանակ, ինչը փաստ է: Հետևաբար, փոխադարձ սահմաններ ճանաչելն ամենևին չի նշանակում ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս: Ամբողջ կռիվը սա է:

Երկու օր առաջ Լին Թրեյսին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանը, ասաց, որ կա վիճելի տարածք, ու կա վեճ, որը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, այսինքն՝ խոսքը ոչ միայն ինքնորոշման, մարդու իրավունքների, այլ նաև վիճելի տարածքի մասին է: Եվս մեկ փաստ, որ Արցախն Ադրբեջանի մաս չէ. Ադրբեջանի Հանրապետությունը իրեն հայտարարել է Ադրբեջանի առաջին հանրապետության ժառանգորդ, իսկ ԼՂ-ն այդ հանրապետության մաս չի եղել:

Ռուսաստանն ասում է, որ ԼՂ-ի այդ փոքր կտորում մնում է իր զորքը, ինքն այդ տարածքը ճանաչում է Ադրբեջանի մաս, բայց կան ազգամիջյան խնդիրներ, որոնք Ռուսաստանին իրավունք ու հնարավորություն են տալիս մնալ այդտեղ առնվազն մեկ սերունդ, որովհետև իրենք ասում են, որ հաջորդ սերունդն է լուծելու ԼՂ-ի հարցը: Իսկ Ռուսաստանի տեսանկյունից այդ լուծումը Սովետական Միության վերականգնումն է:

Ինչ վերաբերում է տարբեր մեկնաբանություններին, բնական է, որ Ադրբեջանն այն մեկնաբանելու է, ինչպես իրեն ձեռնտու է:

– Իսկ հայկական կողմը…

– Հայկական կողմը չի կարողանում դա անել, որովհետև ապաշնորհ դիվանագիտություն ունենք:

– Ստեղծված իրավիճակում բանակցությունների հետագա ընթացքն ինչպե՞ս եք պատկերացնում: Խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ կկնքվի՞:

– Մինչև տարեվերջ չի կնքվի: Հաջորդ տարի շանսեր կարող են լինել, բայց շատ մեծ դիմադրություն կլինի Ադրբեջանի կողմից, հիմա արդեն՝ նաև Ռուսաստանի կողմից, որովհետև Ադրբեջանն էլ կարծես թե հակված է ռուսական տարբերակին, բայց բոլորովին այլ ապագայի տեսլականով, որ Ռուսաստանը թուլանում է, ու նրան շատ արագ դուրս կշպրտեն այնտեղից ադրբեջանցիները:

– Ֆրանսիայի միջնորդությանը Ադրբեջանն ի վերջո կհամաձայնի՞, պարո՛ն Հովհաննիսյան:

– Այո՛:

– Ի՞նչը պետք է ստիպի:

– ԱՄՆ-ի, Եվրամիության դիրքորոշումը: Ադրբեջանը չի կարող միաժամանակ հակադրվել և՛ Արևմուտքին, և՛ Իրանին, և՛ Հայաստանին, և՛ տեղ-տեղ՝ Ռուսաստանին: Այս աստիճան չեն գերագնահատում իրենց հնարավորությունները, ինչ-որ տեղ պետք է ֆորմալ զիջումների գնան:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am