«Փաշինյանի թիմը կարծում է, թե իրենց Արեւմուտքում կկարեկցեն և կըմբռնեն, բայց նման իմպոտենտ քաղաքականությունը չի նպաստում դրան». Լիլիթ Գևորգյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը

– Տիկի՛ն Գևորգյան, Լաչինի միջանցքի փակման հարցում հայկական կողմը տեսնում է նաև ռուսական խաղաղապահ առաքելության թերացումը, իսկ ռուսական կողմից պնդում են, թե խաղաղապահները պատշաճ կերպով կատարում են իրենց պարտավորությունները։ Նման հայտարարությունները կողմերի ինչպիսի՞ հարաբերության մասին են վկայում։

– Հայաստանը մնում է գերկախված Ռուսաստանից, բայց ղեկավարությունը, քաղաքական դաշտի մեծագույն մասը, բացի բողոքելուց, դիվանագիտական մանր դեմարշներից, իսկ երբեմն նաև՝ Մոսկվային առավել հավատարմություն ցույց տալուց ոչ մի գործնական քայլ չեն անում այս վիճակից դուրս գալու համար։ Ներկայիս գերկախվածությունը շարունակում է խարսխվել դեռ Տեր-Պետրոսյանի դրած պայմանագրային բազայի վրա։

Այն, որ ռուսներն ունեն պարտավորություններ Արցախի և Հայաստանի նկատմամբ և դրանք ակնհայտորեն ոչ միայն չեն կատարում, այլև գործում են հայկական շահի դեմ, փաստ է։ Դրա մասին անգամ խոսեց ԱՄՆ ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, նաև հստակ ասաց Ֆրանսիայի արտգործնախարարը։

Բայց Հայաստանի ղեկավարության քայլերը անհասկանալի են, իրադրության լրջությանը ոչ համարժեք, ինչի հետևանքով Հայաստանն ու Արցախը շարունակական ճգնաժամի մեջ են։

Հիշեցնեմ, որ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակումից անմիջապես հետո հանդես եկավ և բացառապես մեղադրեց Ադրբեջանին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որ կարևորագույն միջազգային հարթակն է, ՀՀ Կառավարությունը չօգտագործեց և չբարձրացրեց իրենց պարտավորությունները չկատարող ռուս խաղաղապահների հարցը։ Ավելին, Փաշինյանի կառավարությունը ՄԱԿ-ում ոչ միայն այդ հարցը չբարձրացրեց, այլև անգամ կառուցողական համարեց ռուսական ներկայությունը ԼՂ-ում։ Անհասկանալի է, թե ինչու է Փաշինյանը հիմա մեղադրանքներ ներկայացնում Ռուսաստանին, երբ ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացավ ճիշտ հակառակ դիրքորոշմամբ։

Հայկական կողմի քայլերը շարունակում են հակասական մնալ, անգամ բարեկամ երկրների համար անհասկանալի է, թե պաշտոնական Երևանն ի՛նչ է ուզում։ Հստակ է, որ կուլիսների ետևում ժամանակ առ ժամանակ Փաշինյանն ու իր կառավարության անդամները ռուսներից բողոքում են, բայց դրանից ավելի ոչնչի չեն դիմում։

Սա վտանգավոր քաղաքականություն է։ Թերևս Փաշինյանի թիմը կարծում է, թե իրեն Արևմուտքում կկարեկցեն և կըմբռնեն, բայց նման իմպոտենտ քաղաքականությամբ և անկարողության անվերջ ցուցադրումով, այդ թվում՝ խաղաղության և զիջումների մասին անվերջ խոսելով, Հայաստանն ընկալվում է ոչ թե իբրև կառուցողական մոտեցում ունեցող, այլ՝ Ռուսաստանի ազդեցության տակ ճկված երկիր, սուվերենությունը կորցնող և դրա համար պայքարել չցանկացող միավոր, որին չնայած համակրանքին և անգամ խղճահարությանը, չոր աշխարհաքաղաքական հաշվարկներ անելու դեպքում անգամ հնարավոր չէ վստահել, քանի որ Հայաստանը և իր քաղաքական խավը կամք չունեն, դերակատար չեն։

Ավելին, երբ Փաշինյանը դժգոհում է ռուսներից, բայց իրավիճակը փոխելու որևէ հստակ քայլ չի անում, ապա սա դառնում է պարզապես հանրային դժգոհության ալիքը մեղմելու հնարք, ոչ թե քաղաքական լուծումներ տալու ազդանշան։

Վառ օրինակ էր ՀԱՊԿ-ը։ Չնայած խոր դժգոհություններին՝ Փաշինյանը նախընտրեց մնալ այդ կառույցում։ Ի դեպ, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն էլ ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս ռուսական կողմի նկատմամբ ավելի սուր քննադատությամբ, բայց հակառակ քայլերն արեց և ամրապնդեց միութենական պետությունը Ռուսաստանի հետ։

– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է աշխատանք տարվի նաև, որ «Լեռնային Ղարաբաղ, Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկվի»։ Կհաջողվի՞ այդ առաքելությունը բերել Արցախ։

– Այս հարցերը պետք է բարձրացվեին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իռլանդիան հակամարտության լուծման ավելի հստակ պրոհայկական իրավական ձևաչափ առաջարկեց՝ հիմնված Մինսկի խմբի բանակցային գործընթացի վրա, քան Հայաստանը։ Փաստահավաք առաքելությունը կարող է հաջողել, եթե հայկական կողմը հստակ ներկայացնի իր ռազմավարությունը Արցախի հարցում։

Խնդիրն այն է, որ հայկական կողմը իր ոչ ռազմավարական մոտեցումների պատճառով հանգեցրել է մի խճճված իրավիճակի, որ տարածաշրջանին ու այս հակամարտությանը հետևողները դժվարանում են հասկանալ, թե ինչ է կատարվում։

Սա դիվանագիտություն չէ, այլ փողոցային խորամանկություն, որն ուղղակի նվեր է հակառակ կողմին։ Նախ՝ 2020 թվականից հետո հայկական կողմը հավատարմորեն լեգիտիմացրեց նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը, ամենուրեք առաջնորդվում են հենց այդ հայտարարությամբ։ Իսկ նոյեմբերի հայտարարությունը ըստ էության արդարացրեց ադրբեջանական ագրեսիան Հայաստանի և Արցախի նկատմամբ, ինչպես նաև ռուսական կողմի՝ հակամարտությունն իր շահերի համար օգտագործելու ակտիվ և հակահայկական քաղաքականությունը, որն սկսվեց դեռ տարիներ առաջ՝ ռազմական հավասարակշռությունը խախտելով ու Ադրբեջանին զինելով։

Հայկական կողմը հնարավորություն ուներ ամուր դիրք գրավելու 2020 թվականի պատերազմից հետո և պնդելու, որ Մինսկի խումբը մնար Արցախի խնդրի քննարկման հարթակը։ Բայց դա անելու համար Փաշինյանը պետք է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ աշխատեր։ Փաշինյանն նախընտրեց ռուսների հետ մնալ, 2021-ին ապահովեց առանց լուրջ ցնցումների իր քաղաքական վերարտադրությունը։ Մինսկի խումբը ամեն ջանքով աշխատեցնելու և նոյեմբերյան հայտարարությունը դուրս մղելու փոխարեն՝ Հայաստանի վարչապետը ներգրավվեց «3+3» ձևաչափում, որը հատուկ ստեղծվել է ԱՄՆ-Ֆրանսիա միջնորդությունը ռուս-թուրքականով փոխելու համար։ Այն հստակ նպատակ ունի չեզոքացնել Մինսկի խումբը։

Բացի այդ, Փաշինյանն ու իր նեղ քաղաքական և փորձագիտական թիմը լեգիտիմացրեցին հայկական շահերին հակասող հաջորդ պրոցեսը՝ Ադրբեջանի կազմած այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որը պետք է վերջնականորեն լեգիտիմացնի ռազմական ուժով հաղթանակի արդյունքները։

Փաշինյանի կառավարությունը նախ ռուսական հարթակում ընդունեց ադրբեջանական կողմի «խաղաղության» օրակարգը ու լծվեց ԱՄՆ-ի և ԵՄ-ի հարթակներում այն լեգիտիմացնելու գործին։

Փաշինյանն ընդունեց երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից ԼՂ հարցն առանձնացնելու Բաքվի ցանկությունը: Սա մեծ հաղթանակ էր Ադրբեջանի համար։ Իսկ հայկական կողմը լծվեց հատկապես սեփական քաղաքացիներին համոզելու, որ ԼՂ հարցը ոչ միայն փակված չէ, այլև անգամ լավ է այնքանով, որ ԼՂ սուբյեկտայնության հնարավորություն կա։ Իրականում ԼՂ-ն մնաց ռուս-ադրբեջանական երկկողմ առևտրի առարկա։

Հայաստանը գոնե Իռլանդիայի նման կարող էր ՄԱԿ-ի հարթակում հստակ նշել, որ Մինսկի խումբը պետք է զբաղվի հակամարտության լուծմամբ, կամ ԱՄՆ-ի նման նշեր, որ տևական լուծում հնարավոր է Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, այսինքն՝ հղում աներ ազգերի ինքնորոշման իրավունքին։ ԼՂ-ն ձայն չունի, Հայաստանը պետք է ներկայացնի ԼՂ-ն միջազգային հարթակներում, ի վերջո Փաշինյանն է ստորագրել նոյեմբերյան փաստաթուղթը և շարունակում է վարել բանակցություններ, որոնցում ԼՂ ապագան է որոշվում։

Նման խճճված վարքագծով Հայաստանը միշտ դեպքերին, ճգնաժամերին արձագանքողի դերում է, իսկ օրակարգը կազմում է Ադրբեջանը, որը ունի հստակ պայմաններ ու նպատակներ։ Բաքուն ունի դիվանագիտական և տեղեկատվական պատերազմի լավ ցանց, որն օգտագործում է իր օրակարգը բոլոր կարևոր մայրաքաղաքներում առաջ մղելու համար, ապա ռազմական և այլ շանտաժներով հայկական կողմին ստիպում է ընդունել իր օրակարգը։

– Տիկի՛ն Գևորգյան, կարծիքներ կան, որ այսօր Հայաստանը գործոն չէ այս քննարկումներում, ու բանակցում են հիմնականում Ռուսաստանն ու Ադրբեջանը, հետևաբար որոշումներն էլ կայացվում են երկուստեք, համակարծի՞ք եք։

– Թե՛ 2016-ի քառօրյա պատերազմը, թե՛ 2020 թվականի պատերազմը, թե՛ 2022 սեպտեմբերին Հայաստանի վրա հարձակումը և տարածքային կորուստները տեղի են ունեցել, քանի որ Հայաստանը որպես անկախ պետություն թույլ է, դիվանագիտական մեկուսացման մեջ, ունի մեկ ռազմավարական գործընկեր, այն է՝ Ռուսաստանը, որը Հայաստանին համարում է բեռ և նախընտրում է Բաքվի և Անկարայի հետ սերտացնել իր հարաբերությունները։

Այս անվերջ պատերազմական վիճակը մտել է հայկական իրականություն, քանի որ Հայաստանը կորցրել է անկախ որոշումներ ընդունելու պոտենցիալը, սուվերենությունը կիսատ է, կամ, ինչպես հաճախ են Հայաստանը բնորոշում՝ ռուսական արբանյակ կամ վասալ երկիր է։ Ավելին՝ չնայած Արևմուտքից բազմակի առաջարկների և հնարավորությունների, հայ հանրությունն ու քաղաքական խավը ընտրում են թույլի, մեկուսացվածի և Ռուսաստանի կողմից ինչ-որ առումով լքվածի կարգավիճակը՝ տարատեսակ պատճառաբանություններով։ Ուստի հայ հասարակությունը պետք է ընդունի նաև իր ընտրության հետևանքները։ Հայաստանն ինքն է իրեն մեկուսացրել։

Իբրև լուսանցքային երկիր, այո՛, հիմա էլ Հայաստանի կարծիքը իհարկե հաշվի չեն առնում։ Այս ճգնաժամը շարունակվելու է, եթե Հայաստանը շարունակի մնալ իր 30-ամյա ուղեգծի մեջ, որը հետևյալն է՝ անել այն, ինչ մեծ հաշվով ասում են ռուսները՝ մի քիչ դժգոհելով, փնովելով, բայց իրական որևէ քայլ չանելով, այդ թվում նաև՝ բացառելով նոր ռազմավարական գործընկերների ձեռքբերումը։ Առավել հայ արմատականները հորդորում են ընդունել թուրք-ադրբեջանական պահանջները և հուսալ, որ լավ կլինի, հուսալ, քանի որ որևէ երաշխիք չկա, որ Ալիևը կորոշի թողնել արդեն տարիներ ի վեր մշակված իր ծավալապաշտական ծրագրերը Հայաստանի նկատմամբ և դառնալ նորմալ հարևան։

Ի դեպ, Տեր-Պետրոսյանը, ապա նրա օգնությամբ պետական այրեր դարձած Քոչարյանն ու Սարգսյանը և ներկայիս իշխող խումբը միասնական են երկու առումով. նրանցից որևէ մեկը չի փորձել անգամ անկախ պետության ռազմավարություն ունենալ, երկրորդ՝ բոլորն էլ ունեն նույն, մեծ հաշվով հակաարևմտյան աշխարհայացքը՝ Արևմուտքից ինչ-որ բան պոկել կարելի է, բայց մնալ ռուսական ազդեցության տարածք։

Իսկ ԼՂ հակամարտությունը գլխացավանք է, որ պետք է ռուսների հետ համատեղ լուծել, որից հետո տարածաշրջանում խաղաղություն և ինտեգրում կարող են լինել։ Այս քաղաքականության մեխն այն է, որ ռուսները պետք է ապահովեն, որ Հայաստանի տարածքը գոնե ավելի չփոքրանա, իսկ ԼՂ-ում, թեկուզ անորոշ կարգավիճակով, հայեր մնան։

Մինչդեռ Հայաստանի տարածքը վերջին երկու տարում արդեն փոքրացել է, ԼՂ ճանապարհը փակ է, ռուսները չեն բացում և անգամ պնդում են, թե մասամբ բաց է, իսկ Ալիևը արդեն անթաքույց դնում է «Արևմտյան Ադրբեջան», այն է՝ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծրագիրը, հստակորեն դրվում է Սյունիքի և Վայոց ձորի հարցը։

Կոնկրետ Լաչինի միջանցքի առումով, այո՛, Մոսկվայի ու Բաքվի միջև առևտուր է գնում։ Ադրբեջանն իր դրած նպատակներին ավելի արագ է ուզում հասնել, ռուսական կողմն էլ դեմ չէ, եթե ռուսական շահերը պաշտպանվում են։ Իսկ այդ շահերը ներառում են՝ ռուսական ներգրավվածություն տարածաշրջանային տրանսպորտային և, եթե հնարավոր է՝ նոր էներգետիկ ծրագրերում, ապահովել ռազմական ներկայությունը, եթե հնարավոր է՝ Արցախում, եթե ոչ՝ գոնե ընդլայնել Սյունիքում, բացառել արևմտյան ռազմական ներկայությունը, Ադրբեջանի և Թուրքիայի օգնությամբ Վրաստանին ռուսական ծիր բերելը, Իրանի դեմ իբրև զսպաշապիկ ազերական գործոնի օգտագործումը և այլն։

Ռուսաստանը Արցախի նկատմամբ երկարաժամկետ ծրագիր չունի, այսօր ԼՂ-ն մանրադրամ է Ադրբեջանին իր կողմը պահելու, Թուրքիայի հետ միասին հարավկովկասյան գիծը կայուն պահելու համար։

– Լաչինի միջանցքի փակման բուն նպատակը ո՞րն է, և Ադրբեջանը ո՞ր պարագայում կբացի այդ ճանապարհը։

– Ադրբեջանի համար շատ կարևոր է վերջնականապես ամրագրել իր հաղթանակը, որը կլեգիտիմացնի դեմոկրատական մանդատ ունեցող Հայաստանի կառավարությունը։ Կարծում եմ՝ Բաքուն դեմ չի լինի ռուսական մանդատի հինգ տարով երկարաձգմանը, բայց պայմանով, որ ռուսներն օգնեն հսկողություն սահմանել Լաչինի միջանցքի, ԼՂ հիմնական տնտեսական օբյեկտների վրա, սկսել այսպես կոչված «ինտեգրման» գործընթացը, որն ի վերջո կբերի Արցախի հայաթափմանը, և, իհարկե, եթե ռուսներն ապահովեն Սյունիքով միջանցքը։ Կարծում եմ՝ վերը նշված ԼՂ-ին վերաբերող որոշ հարցերում համաձայնության դեպքում Ադրբեջանը կբացի ճանապարհը։

Միջանցքի փակումը ուժի ցուցադրություն է՝ հայերին իրենց բացարձակ անկարողությունը ցույց տալու համար։ Այս առումով Բաքվի համար բավականին օգտակար դեր են կատարում նաև սփյուռքահայ ու հայաստանցի փորձագետներ, գիտնականներ, պատմաբաններ, որոնք շարունակաբար համոզում են Հայաստանի հանրությանը, որ երկիրը որևէ իրատեսական տարբերակ չունի, քան Բաքվի և Մոսկվայի պահանջներն ընդունելը։

Սա ռեալիզմի հայկական դպրոցն է, որը բնավ կապ չունի իրական ռեալիզմի հետ և ավելի շատ արկածախնդրություն է քարոզում և բացարձակ պարտություն։ Այս իրատեսները միևնույն ժամանակ չեն բացատրում, թե ռազմական և դիվանագիտական վատթարագույն վիճակում գտնվող Հայաստանն ինչ երաշխիքներ ունի, որ Թուրքիան և Ադրբեջանը անցնելու են կառուցողական բարիդրացիական հարաբերությունների։

Ադրբեջանը հասկանում է, որ հիմա խիստ բարենպաստ իրավիճակ է իր խնդիրները լուծելու համար, որովհետև Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ընդդիմությունը պարզապես նվեր են Բաքվի համար, այն առումով, որ գրեթե ողջ հայկական քաղաքական խավը, այդ թվում՝ բոլոր ներկա և նախկին նախագահները դեմ են Ռուսաստանից բացի այլ, ավելի արդյունավետ անվտանգության գործընկեր գտնելուն, նրանք բոլորն էլ կողմ են նոյեմբերյան հայտարարությանը և չունեն ռազմավարություն, որ Բաքվի ծրագրերը կարող է խափանել։

Քանի դեռ Հայաստանը Մոսկվայի ազդեցության գոտին է, ապա Բաքվին պետք չէ խոսել Երևանի հետ։ Ադրբեջանցիները ռուսների հետ ուղիղ խոսելով կարող են լուծել Հայաստանին վերաբերող հարցերը՝ Բաքվին շահավետ պայմաններով։

Թուրքիան ևս նախընտրում է, որ Հայաստանը մնա Ռուսաստանի վերահսկողության տակ, որովհետև Ռուսաստանի հետ ավելի հեշտ է քննարկել ու լուծել Հայաստանին վերաբերող հարցերը։

Պետք է նշել, որ հայկական կողմը, իրեն սպասարկող փորձագետները, նաև դիվանագիտական կորպուսը շարունակում են անտեսել այն հսկայական աշխարհաքաղաքական փոփոխությունները, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո սկսվել են։ Եվ եթե այս իրողությունը հաշվարկներում չկա, և փորձելու են Հայաստանի և ԼՂ անվտանգության խնդիրները հոգալ լեգալիստիկ-բարոյական մոտեցումներով, ապա, կարծում եմ, չի հաջողվի անվտանգության երաշխիքներ ստանալ։

Ռազմական ուժով հարցեր լուծողների տարածաշրջանում Հայաստանն ընտրել է վտանգավոր ճանապարհ, քանի որ համառորեն մնում է առանց ռազմական առումով հզոր բարեկամի, առանց սեփական սպառազինման ծրագրի և առանց օրակարգի։

Ավելին, դեռ 90-ականների սկզբից ձևավորված արատավոր մոտեցումները ԼՂ հարցի շուրջ՝ մասնավորապես, և Հայաստանի սուվերենության վերաբերյալ՝ ընդհանրապես, ոչ միայն դեն չնետվեցին, այլև առավել լայնորեն են օգտագործվում։ Լաչինի միջանցքի ճգնաժամը չէր լինի, եթե Փաշինյանը, նրան սպասարկող փորձագիտական շրջանակները և քվազի կուսակցությունները հենց 90-ականներից ձևավորված այդ արատավոր մոտեցումներից զերծ մնային, Արցախը չդիտեին բեռ և, ամենակարևորը՝ ռուսական ազդեցության գոտուց դուրս գալու քայլեր ձեռնարկեին։ Դրանից կբարձրանային Հայաստանի սուբյեկտայնությունը և Արցախի անվտանգությունը։

Բայց ինչպես 90-ականներին, հիմա էլ Հայաստանը ձևակերպում է ԼՂ հարցը որպես փոքրամասնության իրավունքի խնդիր, պարզապես հումանիտար հարց, ինչի դեպքում, օրինակ՝ Ադրբեջանը կարող է ինքն առաջարկել հոգալ ԼՂ կարիքները, ասելով, որ այնտեղի հայերը իր քաղաքացիներն են։ Այո՛, հնարավոր է, որ դպրոցների և կրոնի ազատություն տրվի ԼՂ հայերին՝ որոշ ռուսական ներկայությամբ, բայց արդեն Ադրբեջանի հետ ինտեգրված։

Ադրբեջանը չի դադարելու բուն Հայաստանի հարցի լուծումը, քանի դեռ ռուսական կողմը պատրաստ է հայկական տարածքներով Բաքվի հետ առևտուր անել։ Այս ճգնաժամերի շղթան կարելի է կոտրել, եթե վերաիմաստավորվի հայկական անվտանգային ճգնաժամերի արմատը, որում ԼՂ հարցը պետք է դիտվի իբրև հետևանք Հայաստանի պետականության զավթման և ընդհանրապես հայկական սուվերենության կայացման միջոց, այլ ոչ թե պրոբլեմ։

Արցախի հարցը կլուծվի, երբ Հայաստանը ձևակերպի ու սկսի լուծել ավելի կարևոր մեկ հարց, այն է՝ Հայաստանի անկախանալու և ինքնիշխանությունը բարձրացնելու հարցը։ Սրա համար պետք են արևմտյան դաշնակից և արդիական զենք, որը կստեղծի նոր ռազմավարական աշխատող համակարգ։ Այս քայլերը կդարձնեն Հայաստանին գործոն, որի հետևում կանգնած կլինեն ավելի լուրջ խաղացողներ, քան Ռուսաստանն է։

Այդ դեպքում Ադրբեջանի հաշվարկները, որ հիմնված են ռուսական վասալ Հայաստանին հնարավորինս թուլացնելու և տարածքներ պոկելու և Արցախը հայաթափելու վրա,  ի չիք կդառնան։ Իսկ քանի դեռ Փաշինյանն իր ձեռքին գտնվող հայկական ռեսուրսը մեռցնում է և բավարարվում անպտուղ հակառուսական հայտարարություններով, ապա Հայաստանը և իր անվտանգային համակարգի բաղկացուցիչ մաս Արցախը ճգնաժամում կմնան։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am