«Հայաստանի շուրջ օղակը սեղմվելու է. հնարավոր է՝ դա տեղի ունենա նոր ռազմական էսկալացիայի միջոցով». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

Պարո՛ն Սուրենյանց, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պնդմամբ՝ Հայաստանին ճնշում են միութենական պետությանն անդամակցել, որ Լաչինի միջանցքի փակումը հենց այդ ճնշման եղանակներից է: Ռուսական կողմի պնդմամբ էլ՝ Գրիգորյանի հնչեցրած հայտարարություններն իրականությունից հեռու են: Ձեր դիտարկմամբ՝ իսկապես կա՞ միութենական պետությանն անդամակցելու ճնշում, ու ինչո՞ւ հենց հիմա իշխանական թևը բարձրաձայնեց այդ մասին:

– Ընդհանրապես Անվտանգության խորհրդի քարտուղարի հարցազրույցը շատ վտանգավոր էր բոլոր առումներով, իսկ Հայաստանի իշխանությունը չի էլ գիտակցում՝ ինչ վտանգավոր կարմիր գծեր են տրորվել այդ հարցազրույցով, կամ էլ գիտակցում է, որի դեպքում էլ ավելի տխուր եզրահանգումների առիթ է տալիս այդ հարցազրույցը:

Այդ հարցազրույցում Արմեն Գրիգորյանը Ալիևին համեմատել է Հիտլերի հետ, իսկ դա ինքնին ենթադրում է, որ բանակցային գործընթացի դուռը Հայաստանը փակում է, որովհետև, ինչպես հայտնի է, Հիտլերի հետ չեն բանակցում: Սա չափազանց վտանգավոր հայտարարություն է, որը հետո Հայաստանի վրա կարող է բարդել բանակցային գործընթացի վիժեցման պատասխանատվությունը:

Ի դեպ, առիթից միանգամից օգտվեց Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը, որը, ըստ էության, իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում արձանագրեց, որ Հայաստանի մեղքով տեղի չեն ունեցել բրյուսելյան ու մոսկովյան հանդիպումները:

Ձեր հարցի մասով. որևէ մեկս վերջնական պնդում չենք կարող անել, որովհետև անդրկուլիսյան զրույցներին, բանակցություններին մասնակից չենք, ու առավելևս Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հակասական հայտարարությունները թույլ չեն տալիս հավատալ պաշտոնական Երևանի որևէ պնդման:

Տրամաբանությունը հուշում է, որ այդ միության հարցն այս պահին պրակտիկորեն Մոսկվայի օրակարգում չի կարող լինել շատ պարզ պատճառով. ուկրաինական պատերազմն ընթացքի մեջ է, Ռուսաստանն առայժմ պատկերացում էլ չունի, թե ինտեգրացիոն պրոյեկտներն ինչպիսի տեսքի պետք է բերեն ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, էլ ուր մնաց նոր նախագծի մասին մտածի, մանավանդ որ Բելառուսից բացի, ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի որևէ երկիր Ռուսաստանին ուկրաինական կամպանիայում չի պաշտպանում:

Երկրորդ՝ առանց Ուկրաինայի ու Ղազախստանի ներգրավման այդ նոր միություն կոչվածը բուտաֆորիա է լինելու, հետևաբար մինչև Ռուսաստանն այս երկու խնդիրների առանցքային հարցը չլուծի, այլ հարցերով զբաղվելն ուղղակի ժամանակավրեպ է կամ պարապ զբաղմունք, ու ես չեմ կարծում, որ Ռուսաստանն այսօր այնքան պարապ է, որ նման հարցերով զբաղվի, մանավանդ Հայաստանի պարագայում, որը Ռուսաստանի հետ նույնիսկ ընդհանուր սահման չունի:

Եթե ճիշտ են պնդումները, թե Ռուսաստանը նման ճնշում է գործադրում, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ անտաղանդ արտաքին քաղաքականություն է վարվել, որ Հայաստանի առջև դրվել է նման պահանջ: Եթե այս ինֆորմացիան ճիշտ է, սա ուղիղ վկայությունն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձախողված է, որովհետև ԵԱՏՄ անդամ որևէ այլ երկրից մենք չենք լսել, որ իրենց առջև նման պահանջ է դրվել, չենք լսել նաև Հայաստանի նախորդ երեք իշխանության կողմից:

– Ռուսաստանի արձագանքն ի՞նչ հետևանք կարող է ունենալ, և, որ ասում եք՝ շատ վտանգավոր է Արմեն Գրիգորյանի այդ հայտարարությունը, կասեք՝ կոնկրետ ի՞նչ վտանգ կարող է լինել:

– Ես ընդհանրապես սովորություն չունեմ որևէ այլ երկրի ներկայացուցչի մեկնաբանությունն արդարացնելու՝ ի վնաս Հայաստանի, բայց այս պարագայում շատ դժվար է չհամաձայնել Պեսկովի հետ այն իմաստով, որ եթե Փաշինյանը ողջագուրվում է Պուտինի հետ, նույն պահին Երևանից հնչող նման հայտարարությունը սադրանքից բացի այլ որակման չի կարող արժանանալ:

Ի՞նչ նպատակով է սադրում Արմեն Գրիգորյանը:

– Սա իշխանության ընդհանուր քաղաքականությունն է. նախ՝ Երևանը չի գնում Բրյուսելի բանակցություններին, այն ժամանակ էլ հո Լաչինի միջանցքը փակված չէր, հետո Երևանը չի գնում Մոսկվայի բանակցություններին, որտեղ Լաչինի ճգնաժամի հիմնական երկու պատասխանատուն էին, այսինքն՝ տպավորություն է, որ Երևանը, կանխազգալով իր արտաքին քաղաքականության ֆիասկոն, օգնում է բանակցային երկու հարթակի վիժեցմանը, որովհետև իշխանությունը դարձյալ հավատարիմ է իր արատավոր մարտավարությանը, որ ավելի լավ է ինչ-որ բան հանձնել պատերազմի միջոցով ու արյան գնով, որպեսզի իրենց չմեղադրեն զիջումների համար, քան բանակցային փոխզիջումների տարբերակով:

Այսինքն՝ իշխանությանը ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի ճակատագիրն է հետաքրքիր, նա յուրաքանչյուր քայլ անում է սեփական քաղաքական շահերից ելնելով՝ այս դեպքում փորձելով ամեն ինչի պատասխանատու նշանակել Ռուսաստանին:

Ամեն ինչի մեղավորությունը բարդել Ռուսաստանի վրա, ինչպես ասում եք, պարո՛ն Սուրենյանց, ի՞նչ հետևանք կարող է ունենալ պետության համար:

– Այս ամենը որ ասում եմ, չի նշանակում, թե գոհ եմ Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունից, բացարձակապես, բայց եթե դու որպես պետություն դեմարշ ես անում կամ հարաբերություններ ես սրում, պետք է հաշվարկես՝ արդյոք ունե՞ս հնարավորություններ այդ դեմարշն ու հնարավորությունները սպասարկելու համար, թե՞ դու թիրախավորում ես մեկին, որը հնարավորություն ունի քո պետականության ողնաշարը կոտրելու:

Սա այնքան պարզ բան է, որ չգիտակցելն ուղղակի վտանգավոր արկածախնդրություն է: Մենք մոտեցել ենք մի հանգրվանի, երբ Հայաստանի արտաքին քաղաքական ֆիասկոն ակնհայտ է դարձել: Հայաստանի շուրջ օղակը սեղմվելու է, հնարավոր է՝ դա տեղի ունենա նոր ռազմական էսկալացիայի միջոցով, կամ շատ կոշտ դիվանագիտական մեթոդներով պարտադրեն ինչ-որ զիջումներ:

Ու հնարավոր է, որ այս ամենի հետևանքով Հայաստանի ներսում այնպիսի ներքաղաքական ճգնաժամ հասունանա, որն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ: Շատ մոտ ենք այնպիսի պատկերի, որ Հայաստանի իշխանությունը հայտնվել է ներքին ու արտաքին դեֆոլտի շեմին:

– Պարո՛ն Սուրենյանց, այսինքն՝ մեզ ավելի ծա՞նր տարի է սպասում:

– Տարին պայմանական է ավարտվում, որովհետև տարվա վերջին իրադարձությունների այսպիսի խտություն ես վաղուց չեմ հիշում: Ես կանխատեսում եմ, որ, այո՛, հաջորդ տարին անվտանգային ռիսկերի տեսանկյունից շատ դրամատիկ է լինելու Հայաստանում:

Ցավոք սրտի, դրանով պայմանավորված նաև դրամատիզմ եմ կանխատեսում Հայաստանի ներքաղաքական կյանքում: Մեկ անգամ ասել եմ, հիմա ևս նշեմ, որ ինձ համար ակնհայտ է, որ այս խորհրդարանը իր ամբողջ մանդատով չի պաշտոնավարելու, այսինքն՝ հաջորդ ընտրությունները 2026-ին չեն լինելու, լինելու են ավելի վաղ, ես վախենամ, որ տեղի ունեցող իրադարձություններն այդ ժամկետները շեշտակիորեն մոտեցնում են:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am