«Լաչինի միջանցքը բացելու համար բավարար ջանքեր չեն գործադրվում. անհրաժեշտ է աղմուկ բարձրացնել ու մեծամասշտաբ գործողությունների գնալ». Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, 24 օր է՝ Արցախը շրջափակված է ադրբեջանցիների կողմից: Այս ընթացքում Հայաստանի, միջնորդ կողմերի, միջազգային հանրության կողմից բավարար քայլեր արվե՞լ են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը բացելու համար:

– Կարծում եմ, որ բավարար ջանքեր չեն գործադրվում, ավելի շատ է պետք աշխատել տարբեր ուժային կենտրոնների հետ, առաջին հերթին նրանց, որոնք կողմերի միջև հարաբերությունների կարգավորման միջնորդ կամ երաշխավոր են եղել: Առաջին հերթին, իհարկե, Ռուսաստանի հետ ու Ռուսաստանում է անհրաժեշտ աշխատել, կարելի է փորձել ինչ-որ չափով ակտիվացնել Ռուսաստանի հայ համայնքը, որքան էլ հասկանալի է, որ այս պահին Ռուսաստանում խնդիրներ բարձրաձայնելը դժվար է, բայց Հայաստանի իշխանությունը պետք է փորձի դա անել:

Պետք է նաև Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հայ համայնքների ներուժն էլ օգտագործել: Նմանատիպ փորձեր կարծես արդեն նկատելի են. ԱՄՆ-ում ավտոերթ են անցկացրել՝ Արցախն ապաշրջափակելու պահանջով: Շատ լավ կլինի, որ ավելի համապարփակ ու մեծ աղմուկով արվեն գործողություններ Հայաստանում ու սփյուռքում:

– Ինչո՞ւ դրանք չեն արվում:

– Հավանաբար կապված է ընտրած մարտավարության հետ, կարծես թե իշխանությունը որդեգրել է քաղաքականություն, որով ցույց է տալիս, որ Լաչինի միջանցքի փակումը չի կարող որևէ կերպ որևէ գործողության մղել Հայաստանին, ու ցույց տալ, որ միջանցքի փակումն անիմաստ է, որ այդ կերպ Ռուսաստանն ու Ադրբեջանը որևէ բանի հասնել չեն կարող: Ու այս կերպ, կարծում եմ, իշխանությունը մտածում է, որ Ադրբեջանի համար միջանցքի փակումը կդառնա անիմաստ, ու նրանք կդադարեն փակ պահել այն:

– Իսկ Ադրբեջանի համար ինչ-որ մի պահի անիմաստ կդառնա՞ միջանցքի փակումը, պարո՛ն Ղևոնդյան:

– Սա ավելի շատ նյարդերի պայքար է, ու Հայաստանը կարծես թե այս պայքարում չի զիջում, ու այս առումով մենք որոշակի ձեռքբերումներ ունենք: Թե ո՛ր կողմն ի վերջո կգնա զիջման, ո՛ր կողմը քայլեր կանի՝ ցույց կտա ժամանակը: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ավելի մեծ աղմուկ անելու, մեծ մասշտաբի գործընթացներ իրականացնելու դեպքում հավանականությունն ավելի մեծ է, որ միջանցքն ավելի շուտ կբացվի, բայց ավելի խոր վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ տարբեր մարտավարություններ մոտավորապես նույն հավանականությամբ կարող են ի վերջո արդյունքի բերել:

– Համաձա՞յն եք, որ այս պահին հատկապես անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև ու անկեղծություն հասարակության հետ, ինչպես պնդում են քաղաքական ու հասարակական որոշ գործիչներ:

– Չեմ կարծում, որ Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսությունը որևէ էական բան է փոխելու, որովհետև երկխոսությունը լինելու է ինչ-որ հարցերի շուրջ համաձայնության գալու համար, իսկ Ադրբեջանը հենց դրա համար էլ իրականացնում է այս ակցիան, որպեսզի ստիպի Հայաստանին զիջումների գնալ, իսկ ուղիղ երկխոսությունը բերելու է նրան, որ Ադրբեջանը սկսելու է փոխզիջումների պահանջներ ներկայացնել Հայաստանին, որի դիմաց էլ կբացի միջանցքը:

Հայաստանի դիրքորոշումն էլ այն է, ինչը ճիշտ է, որ Լաչինի միջանցքը բացելու համար որևէ նախապայման չի կարող լինել, որովհետև այդ ճանապարհի անխափան գործունեությունը ուղիղ տեքստով շարադրված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ընդ որում՝ այդ համաձայնագրով Հայաստանին վերաբերող պահանջները կատարվել են:

Հասարակության հետ անկեղծ լինելու մասով. կարծում եմ, որ հնարավորինս անկեղծ են, ցույց են տալիս, թե ինչ գործողություն են իրականացնում ու որքանով, բայց քանի որ սա նյարդերի պայքար է, իհարկե կան որոշ դրսևորումներ, որոնք չպետք է բացահայտորեն հասարակությանը ներկայացնել, դա ավելի կվնասի գործին: Դրա համար էլ գոյություն ունեն նման հարցազրույցները, որոնց ընթացքում մենք՝ փորձագետներս, փորձում ենք ավելի մանրամասն ցույց տալ հասարակությանը, թե ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում, ու դրանց իրական իմաստը որն է:

– Պարո՛ն Ղևոնդյան, ի վերջո, ի՞նչը կստիպի Ադրբեջանին բացել միջանցքը: Ձեր գնահատմամբ՝ միջանցքը դեռ երկա՞ր է փակ մնալու:

– Ժամկետների մասին կանխատեսում անելն անշնորհակալ գործ է, բայց կարելի է ասել, որ միջանցքը փակ կմնա այնքան, որքան Ադրբեջանը ու նաև Ռուսաստանը հույս կունենան, որ դրանով հնարավոր կլինի Հայաստանին ստիպել ինչ-որ հարցերում իրենց համար հաճելի որոշումներ կայացնել: Թե ի՛նչն իսկապես կստիպի Ադրբեջանին բացել ճանապարհն, արդեն ասացի՝ այն, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը հասկանան, որ որևէ բան Հայաստանից պոկել հնարավոր չէ, ու անիմաստ դառնա այդ ճանապարհի փակումը:

Մյուս տարբերակը միջազգային ճնշումն է, ինչը Հայաստանը փորձում է տարբեր միջոցներով ավելացնել, ինչն արդեն ասացի, որը բավարար չէ: Կա իհարկե ևս մեկ տարբերակ, որի վերաբերյալ պատկան մարմինները հավանաբար կկարողանան ավելի ճիշտ գնահատական տալ՝ ռազմական ճանապարհով բացել Լաչինի միջանցքը:

Ես իհարկե չգիտեմ, Հայաստանն այդ հնարավորությունն այս պահին ունի՞, թե՞ չէ, բայց պետք է նկատի ունենալ, որ այդ ճանապարհով միջանցքը բացելու դեպքում Հայաստանը միջազգային հանրության հետ է խնդիրներ ունենալու, որովհետև վերջիններիս՝ Ռուսաստան-Արևմուտք հակադրության ֆոնին բացարձակապես պետք չէ ևս մեկ անկայունության օջախ: Այնպես որ, մնում է իմ նշած երկու տարբերակը, որ ստիպեն Ադրբեջանին ու Ռուսաստանին բացել ճանապարհը:

Ինչո՞ւ եմ անընդհատ նշում Ռուսաստանը, որովհետև մենք տեսնում ենք, որ երբ հայերը մոտենում են այդ հատվածին Արցախի կամ Հայաստանի կողմից, առաջին հերթին հանդիպում են ռուսական պատնեշի, ու չի եղել այնպես, որ հայերը հանդիպեն ճանապարհը փակած այդ ադրբեջանցիներին: Ստացվում է այնպես, որ փաստացի Ռուսաստանն է փակել ճանապարհը, որովհետև գուցե տեսականորեն հնարավոր լիներ, որ հայերը կարողանային անցնել այդ ադրբեջանցիների միջով, բայց հայերն այդ հնարավորությունը չունեն, ու ստացվում է, որ Ռուսաստանն է ճանապարհը փակել առաջին շերտում, այնպես որ, և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշման անընդհատ ավելացման միջոցով հնարավոր կլինի ստիպել բացել ճանապարհը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am