«Իշխանափոխության բացակայության պայմաններում իրավիճակի հնարավոր լավատեսական լուծումների շանսերը կտրուկ կնվազեն». Տիգրան Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը

– Պարո՛ն Աբրահամյան, Լաչինի միջանցքը մեկ ամսից ավելի է՝ շարունակում է փակ մնալ ադրբեջանցիների պատճառով, այս ընթացքում այդ խնդիրը կարգավորելու ուղղությամբ Հայաստանի ու Արցախի իշխանությունների կատարած աշխատանքներն ինչպե՞ս եք գնահատում:

– Կոնկրետ Արցախի իշխանությունների հնարավորությունները բավականին սահմանափակ են: Այս տարիների ընթացքում հայկական շահերի առաջմղումը եղել է հիմնականում Հայաստանի դիվանագիտական խողովակներով ու այլ հնարավորություններով, որոնք մշտապես գործել են ի նպաստ Հայաստանի ու Արցախի:

Այլ իրավիճակ է այսօր, երբ Հայաստանը ստեղծված իրավիճակներում իր հնարավորությունների շատ սահմանափակ մասն է կիրառում: Երկրորդը՝ երբ Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակին ենք անդրադառնում ու հատկապես Ադրբեջանի հակամարդկային այս ճնշումներին, որոնց հետևանքով քաղաքական ու հումանիտար ճգնաժամ է ստեղծվել Արցախում, պետք է շատ հստակ արձանագրենք, որ սա հետևանք է վերջին չորս ու ավելի տարվա Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության ու այն դիրքավորման, որն այսօր ունի ՀՀ գործող իշխանությունը:

Հենց այս վարքագիծն է այսօր նպաստում ոչ միայն այդ միջանցքը փակ մնալուն, այլև իրավիճակի հնարավոր հանգուցալուծման տեսլականին: Կրկնում եմ՝ այս իրավիճակում Արցախի իշխանությունների հնարավորությունները շատ սահմանափակ են, շատ բան կախված է Հայաստանի աշխատանքից, որը, բնականաբար, բավարար չէ ու գործում է խիստ ընդհատումներով:

-Իսկ իշխանությունն ինչո՞ւ է այդ կերպ գործում:

– Դա բխում է գործող իշխանության քաղաքական կուրսից, առաջին հերթին՝ այն մոտեցումներից, ըստ որի Արցախի առնչվող հարցերը պետք է լուծեն ադրբեջանցիներն ու արցախցիները երկխոսության, շփումների կամ մեկ այլ ձևով: Բայց հատկապես 44-օրյա պատերազմից հետո Արցախը բավականին ծանր վիճակում է, ու այս փուլում միայնակ դիմակայելու հնարավորությունը բավականին քիչ է, իսկ Հայաստանն էլ ամեն ձևով իրեն դուրս է բերում Արցախի հետ կապված հարցերից՝ սահմանափակվելով սոցիալական կամ հումանիտար բնույթի հարցերին միջամտելով:

Սա նշանակում է նաև, որ Հայաստանը, ելնելով այս կուրսից, նվազեցնում է իր աշխատանքային հիմնական ակտիվությունը, սահմանափակվում է տարբեր հայտարարություններով, դիմում-նամակներով, որը, բնականաբար, ստեղծված իրավիճակում բավարար չէ:

– Իսկ այս քաղաքականությունը, որը վարում է ՀՀ իշխանությունը, ի՞նչ հետևանքների կբերի:

– Այս իրավիճակում Արցախը միայնակ չի կարող գործել, դա բավականին բարդ է: Չեմ ուզում ասել, որ նվազագույն կորուստներով դուրս գալու համար առհասարակ ելք, հնարավորություն կամ շանս չկան, բայց մեզ համար բարենպաստ դաշտ կձևավորվի հատկապես այն պարագայում, երբ Հայաստանում տեղի ունենա իշխանությունների, այս դեպքում՝ բանակցողի փոփոխություն:

Խնդիրը չի վերաբերում միայն բանակցողին, այլ այնպիսի իշխանության, որի պայմաններում Հայաստանը չի ունենա այսօրվա խղճուկ դիրքը, ու Ադրբեջանի ցանկացած ագրեսիայի պարագայում չենք ունենա այսքան զոհեր ու վիրավորներ, էլ չեմ ասում՝ կորսված տարածքներ: Այսինքն՝ Հայաստանը նույնիսկ իրեն վերաբերող հարցերում ունի դիտորդի կարգավիճակ, ու, բնականաբար, այս իրավիճակում, անկեղծ ասած, մեր գործերը չեն էլ կարող լավ լինել:

– Իսկ եթե այդ իշխանափոխությունը Հայաստանում չի՞ լինում, պարո՛ն Աբրահամյան:

– Արդեն նշեցի, որ իշխանափոխության բացակայության պայմաններում իրավիճակի հնարավոր լավատեսական լուծումների շանսերը կտրուկ կնվազեն:

– «Թող Արցախն ու Ադրբեջանը միասին քննարկեն Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը». ՀՀ իշխանականների այս միտքը որքանո՞վ եք տրամաբանական համարում այն պայմաններում, երբ բոլորիս է հայտնի, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե «Արցախի իշխանությունների հետ բանակցելու ոչինչ չկա»:

– Հայաստանի իշխանությունների համար կա մեկ նպատակ՝ ձերբազատվել Արցախից ու Արցախի հետ կապված հնարավոր պատասխանատվություններից, ու նրանց համար առանձնապես կարևոր էլ չէ, թե Արցախն այս իրավիճակում ինչպես կշարժվի կամ հնարավորություն կունենա՞ արդյոք հստակ արդյունքի հասնելու, այդ իսկ պատճառով գործընթացը հրում է դեպի Ադրբեջանի խաղի կանոնների դաշտ:

Բայց արդեն ասացի, որ հատկապես այս պայմաններում Արցախի հնարավորությունները խիստ սահմանափակ են, ու միայնակ Ադրբեջանի հետ բանակցությունը ավելի շատ կբերի Արցախի կլանմանը ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ամբողջական վերահսկմանը, որովհետև ռազմաքաղաքական, աշխարհագրական ու մնացյալ այլ գործոնների պայմաններում այլ բան հնարավոր չէ սպասել:

– Իսկ այս պայմաններում Լաչինի միջանցքի բացման ի՞նչ սցենար եք հավանական համարում, որովհետև կարծիքներ կան, ըստ որոնց միակ տարբերակը մնացել է ուժի գործադրումը:

– Դիվանագիտական ջանքերի համար նախևառաջ պետք են ՀՀ իշխանությունների կամքն ու ցանկությունը, ինչի մասին մենք երկար խոսեցինք, ու արդեն ակնհայտ է, որ իշխանությունն այս ուղղությամբ առարկայական ջանքեր չի գործադրում ու չունի դրա ցանկությունը:

Արցախն այս տարիների ընթացքում, հիմնականում սփյուռքի, այնտեղի կառույցների միջոցով ու նաև հայաստանյան դաշտի առողջ ուժերի միջոցով, իհարկե, որոշակի խողովակներ, որոշակի հարթակներ, հնարավորություններ ստացել է, ու պետք է եղած հնարավորություններով բոլոր ջանքերը ներդնել միջազգային կարևոր դերակատարների ուշադրությունը այս հարցի վրա սևեռելու համար, և որոշակի բարենպաստ ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում մեզ համար որոշակի, թեկուզև՝ ժամանակավոր լուծումներ ստանալու համար:

– Այսինքն՝ ճիշտը դիվանագիտակա՞ն ճանապարհով խնդիրը լուծելն է, պարո՛ն Աբրահամյան:

– Ցանկացած նորմալ երկրի պայմաններում, երբ կա որևէ երկրի կողմից հնարավոր ագրեսիա, պետք է պատրաստվել հնարավոր բոլոր սցենարների զարգացմանը, այդ թվում՝ ռազմական: Այս տեսանկյունից էլ ՀՀ իշխանությունն առանձնապես ջանքեր չի գործադրում, ու սա է նաև պատճառը, որ շատերի մեջ իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ լավատեսություն չկա:

Բայց Արցախում կան ուժեր, մարդիկ, որոնք պատրաստ են պայքարի, բայց դա պետք է ունենա հստակ ճանապարհային քարտեզ, իհարկե, Արցախն ընտրել է պատվաբեր ու պայքարի միակ տարբերակը, որովհետև այլընտրանքը Ադրբեջանի հետ համատեղ կյանքն է:

– Պարո՛ն Աբրահամյան, ձեր գնահատմամբ՝ վերջին օրերին Արցախի ներքաղաքական կյանքի թեման՝ արտահերթ ընտրություններ, հնարավոր հրաժարականներ օրակարգ բերելն ի՞նչ նպատակ էր հետապնդում: Հնարավոր արտահերթ ընտրություններն այս պարագայում ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ Արցախի համար:

– Արցախում ներքաղաքական ցանկացած ճգնաժամ էլ ավելի կխորացնի առանց այդ էլ առկա ծանր վիճակը: Հիմնական դերակատարները պետք է այս իրավիճակում լինեն ադեկվատ ու սառնասիրտ, ողջամիտ, հակառակ դեպքում նրանք իրենց պահվածքով կարագացնեն Ադրբեջանի մեկնարկած գործընթացը: Վերջին օրերի ֆոնին կա որոշակի լիցքաթափում, բայց կողմերը պետք է նստեն մեկ սեղանի շուրջ, իրար հետ նորմալ աշխատեն:

Նպատակների մասով՝ լրացուցիչ մեկնաբանություն չեմ ուզում անել՝ հաշվի առնելով ներքաղաքական կյանքի փխրուն իրավիճակը Արցախում: Համենայնդեպս, հույս ունեմ, որ այն դերակատարները, որոնց նախաձեռնությամբ փորձ էր արվում օրակարգ բերել արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրությունների թեզը, ողջամտություն կդրսևորեն ու նույնիսկ առկա խնդիրների պարագայում հարցերը կլուծեն քննարկումների, միմյանց հետ ազնիվ խոսելու ճանապարհով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am