«Ո´չ». Ազատության հրապարակում վրան չի տեղադրվի. «Ժառանգություն» կրկին կփորձի երեք ժամ անց

«Ո´չ». Ազատության հրապարակում վրան չի տեղադրվի. «Ժառանգություն» կրկին կփորձի երեք ժամ անց
«Ո´չ». Ազատության հրապարակում վրան չի տեղադրվի. «Ժառանգություն» կրկին կփորձի երեք ժամ անց

Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց Ժառանգության կուսակցության անդամների և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի բանակցությունները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրելու հարցով:
Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ միայն քաղաքապետարանի համապատասխան թույլտվության դեպքում կարող են այստեղ վրան տեղադրել, իսկ այս պահին այդ թույլտվությունը չկա:
Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունն առաջնորդվում է օրենքով, իսկ այս պահին վրանի տեղադրումն օրենքի խախտում է:

Վրանի ասֆալտապատ տարածքում քաղաքապետարանի թույլտվությամբ տեղադրվեց անձրևանոց:

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ ժամ առաջ Ազատության հրապարակում ընդհարում էր տեղի ունեցել ոստիկանների եւ Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցների միջեւ, ովքեր ուզում էին մի քանի օր հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրել:

Տեղի ունեցածից հետո, որպես փաստարկ, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշել էր, որ վրանի տեղադրումը սահմանափակում է հարակից սրճարանների այցելուների իրավունքները, ինչը ներկաների մոտ քմծիծաղ էր առաջացրել:

Ոստիկանության գործողությունները ՄԻՊ անդամը որակել էր որպես «հակաօրինական»: Վրան տեղադրելու արգելքը այնուամենայնիվ, փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին պաշտոնապես ձայներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցները հայտարարել են, որ շարունակելու են պայքարել: ԿԸՀ տվյալներով, նախագահ է ընտրվել ՀՀԿ ներկայացուցիչ, գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայտարարվել է, որ արդեն մի քանի օր հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրելու համար դիմելու են քաղաքապետարան, եւ «անկախ պատասխանից», ժամը 5-ի մոտակայքում կրկին փորձելու են վրան տեղադրել:

Հիշեցնենք, որ կեղծված ընտրությունների դեմ պայքարով հետընտրական հանրահավաքներով մարդիկ փորձում են վերականգնել արդարությունը, ինչպես Ազատության հրապարակի հարթակից խոստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ամեն ինչ անելու է «ժողովրդի ձայնը վերադարձնելու համար»:

Մարտի 10-ի հանրահավաքից հետո, Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել` մինչ Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը:

Վերլուծաբանները «Մեդիալաբին» մեկնաբանություններում նշել են, որ Հովհաննիսյանի այս քայլը կարող է «հարամել» իշխանությունների պաշտոնավարումը:

© Medialab.am