«Ազգային ժողովի նախագահի եղբայրը ճանապարհաշինության տենդերներ է շահում, ո՞նց չկա համակարգային կոռուպցիա». Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, այսօր Կառավարության նիստին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը բավական վստահ հայտարարեց, թե հիմա դատական իշխանությունն իսկապես անկախ է: Դուք բազմիցս առնչվում եք այդ համակարգին, խնդրում եմ մեկնաբանեք՝ իսկապե՞ս գործադիր իշխանությունից անկախություն նկատում եք՝ հաշվի առնելով դատավորների նկատմամբ համատարած կարգապահական վարույթները:

– Իրականում կարգապահական պատասխանատվությունը կապ չունի անկախության հետ, դա գործիքակազմ է, որը հնարավորություն է տալիս պատասխանատվության ենթարկել դատավորին, այլ խնդիր է՝ ինչ պարագայում, ինչից հետո, ինչ համատեքստում և այլն:

Իհարկե դատական համակարգն անկախ չէ և անկախ չէ այնքանով, որ համակարգը, ցավոք սրտի, լյուստրացիայի, վեթինգի չենթարկվեց: Այն գործիքները, որոնց մասին խոսում ու ներկայացնում են իբրև վեթինգին փոխարինող գործիք, իրականում ո՛չ լյուստրացիա են, ո՛չ վեթինգ: Դա նշանակում է, որ համակարգում ժամանակին իրապես հանցագործություններ են տեղի ունեցել, որոնք իրավական և քաղաքական գնահատական չեն ստացել: Դրանք որպես մահակ կարող են օգտագործվել թե գործող իշխանության, թե նախկին իշխանության կողմից՝ իրենց սրտի որոշումներն ստանալու համար: Այնպես որ, քանի դեռ համակարգը լյուստրացիայի, վեթինգի չի ենթարկվել, անկախ դատական համակարգի մասին անտրամաբանական է խոսել:

– ԲԴԽ նախագահը նաև նկատեց, որ եթե մինչև 2018-ը խոսվել է կոռուպցիայի, որոշումների համար գների, դրանց չափերի մասին, ապա 2018-ից հետո հիմնականում խոսում են դատական գործերի հետաձգումների, գործերի քննության ձգձգումների մասին: Համաձա՞յն եք, որ դատական համակարգում կոռուպցիան հիմնական խնդիր չէ:

– Իրականում նախկինում էլ այդպես շատ չէին խոսում կոռուպցիայի ու գների մասին, կար փոքր խումբ, որը խոսում էր այդ մասին, այնուհետև եղավ ՄԻՊ-ի պաշտոնում Անդրեասյանի զեկույցը, բայց հետո շատ չշրջանառվեց: Դա մյուս կողմից վտանգավոր թեմա էր, որովհետև եթե նման թեմա ես հնչեցնում, ապա պետք է ձեռքի տակ ապացույցներ ունենաս, իսկ ապացույցներ ունենալու պարագայում գոնե դատավորներ պատասխանատվության կենթարկվեին:

Դատական համակարգում կոռուպցիայի առկայության մասին եթե չի խոսվում, չի նշանակում՝ չկա, կաշառք չեն տալիս: Անկեղծ ասած, հոգնել ենք պարբերաբար խոսելուց, քանի որ այս իշխանությունները անտարբեր են հանրային արձագանքին: Չխոսել՝ չի նշանակում չկա, շատ բաների մասին նպատակահարմար չենք համարում խոսելը, նույնիսկ՝ անտեղի, բայց դա չի նշանակում՝ չկա:

Չկա հասարակություն, որտեղ կոռուպցիա չկա, հարցը վերաբերմունքն ու մեխանիզմների կիրառումն է, որոնք կարող էին կանխել, իրական պատասխանատվության ենթարկել և լուրջ պայքարել դրա դեմ: Ցավոք սրտի, այն, ինչ կա, արդյունավետ չէ:

– Այնպես չէ, որ իշխանություները չեն ասում՝ կոռուպցիա չկա, շեշտում են՝ համակարգային կոռուպցիա չկա:

– Եթե նախկինում Ազգային ժողովի փոխնախագահի ամուսինն էր շահում շինարարական տենդերները, հիմա էլ Ազգային ժողովի նախագահի եղբայրն է շահում, պարբերաբար: Ո՞նց չկա համակարգային կոռուպցիա, լավ էլ կա: Մի հայտնի խոսք կա՝ հա ասա շաքար, բերանդ դրանից չի քաղցրանա:

– Անդրադառնանք ԲԴԽ գործունեությանը՝ արդյոք նկատո՞ւմ եք խտրականություն ԲԴԽ որոշումներում. մի դեպքում, օրինակ՝ ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա դատավորներից մեկի լիազորությունները դադարեցվեցին, իսկ շատ գործերով Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա Մնացական Մարտիրոսյանին ոչինչ չպատահեց, ավելին՝ պաշտոնը բարձրացավ:

– Միանշանակ կա խտրականություն, հատկապես Մնացական Մարտիրոսյանի ու էլի մի քանի դատավորների հետ կապված, որոնք այս իշխանությունների բացառիկ հովանավորությունն են վայելում: Սկզբունքորեն այդ դատավորների դեմ ոչ մի կարգապահական վարույթ չի հարուցվում, նրանք պատասխանատվության չեն ենթարկվում, իսկ երբ էլ հարուցվում է, արհեստականորեն խոչընդոտներ են առաջացնում: Որևէ քայլ, գործողություն չեն հուշում, որ խտրական վերաբերմունք չկա:

Հարցեր են առաջանում՝ ինչքանո՞վ է ազնիվ այս ամբողջ գործընթացը. արդյոք համակարգում չե՞ն թողնվում այն դատավորները, որոնք նախկինում նախկիններին էին հավատարմության երդում տվել, հիմա էլ՝ ներկաներին: Այլապես շատ ու շատ դատավորների համակարգում մնալը տրամաբանական չէ:

– Ստացվում է՝ մի՞ֆ է Կարեն Անդրեասյանի պնդումը, թե դատական համակարգը անկախ է:

– Ընդամենը բարի ցանկություն: Առհասարակ, մեզ մոտ անիծված իրավիճակ կա. մինչև պետական պաշտոն զբաղեցնելը մարդիկ բավականին ադեկվատ են գնահատում իրավիճակը, գուցե շատ ավելի օբյեկտիվ, շատ ավելի ողջամիտ ու պետականամետ են լինում, քան պետական պաշտոն զբաղեցնելու դեպքում:

Որ պահին անձը պաշտոն է ստանում, այդ պահից սկսած կորչում են ադեկվատությունը, ողջամտությունը, պետականամետությունը, որովհետև դատական համակարգի լիարժեք, ամբողջական, բավարար աշխատելը իսկապես պետականության պահպանման տեսանկյունից շատ կարևոր է: Հիմա որոշ մարդկանց մոտ նույն վերաբերմունքը չեմ տեսնում, ինչը տեսանելի էր մինչև պաշտոն զբաղեցնելը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am