«Մեկ տարի քնացնել արդարադատության մարտահրավերները, ճիշտ չէր, կարևոր քայլերը ժամանակին չարվեցին, ու մարդկանց մոտ անհանգստություն կա». Եղիշե Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանը։

– Պարո՛ն Պետրոսյան, Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ եթե դասեր չքաղենք Աբովյանի քաղաքապետի ընտրություններից, թավշյա հեղափոխությունը ժամանակի ընթացքում կդառնա թավշյա հեռացում։ Հեղափոխությունից մեկ տարի անց ի՛նչ իրավիճակ ունենք, զարգացումների ի՛նչ հեռանկարներ կան։

– Ճիշտ է ասում Սասուն Միքայելյանը։ Ժողովուրդը կողմնորոշված, պահանջատեր դարձած, թացը չորից զատող է։ Ժողովուրդն իր վստահության քվեն ամբողջությամբ տվեց Նիկոլ Փաշինյանին և իր ձևավորած իշխանություններին, ասաց՝ դե արա այն, ինչ անհրաժեշտ է, որ ի վերջո կայացնենք մեր երազած Հայաստան երկիրը։ Այսինքն՝ փաստացի անկախության գործընթաց սկսեք, արդարություն հիմնեք, թալանածը հետ բերեք, Սահմանադրություն փոխեք, Ընտրական օրենսգիրք փոխեք և այլն։ 

Օրինակ՝ ինչի՞ նման է, ընտրում են մեկին որպես պատգամավոր, հետո այդ մեկը գնում է կառավարություն, ու իր մանդատը բաժին է ընկնում անկապ մեկին, որին ոչ ոք ո՛չ ճանաչում է, ո՛չ էլ ձայն է տվել։ Սա շատ վատ ձև է, երբ մարդն իր ընտրած մարդուց կտրվում է։ 

Այսինքն` դու կարող է ընտրես քո շենգավիթցուն, բայց նրան փոխարինի սիսիանցին կամ արմավիրցին, շփումը միանգամից կորում է։ Մյուս կողմից, ինչու ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող կամ հակակոռուպցիոն հանձնաժողովներում չկան քաղհասարակության ներկայացուցիչներ։ 

Պետք է այդ ամենը վստահելի լինի, որովհետև կուսակցականները միմյանց հետ կապված են մի թելով, նրանք կուսակցական գիծ են տանում, պետք է լինեն նաև անկախ մարդիկ։ Ես, օրինակ՝ չեմ համարում, որ մեր պատգամավորներն այնքան անկախ են, որ կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել։ 

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է ուշանում փոփոխությունների ընթացքը Հայաստանում՝ լինի Ընտրական օրենսգիրք, լինի «Կուսակցությունների մասին» օրենք, լինի սահմանադրական փոփոխություններ թե դատաիրավական համակարգի բարեփոխումներ։

– Ես ինքս էլ չեմ կարողանում հասկանալ դա. գուցե մտավոր ռեսուրսը չի բավարարում։ Բայց ես չեմ կարծում, որ այդ միտքը մարդկանց գլխում չի հղացել։ 

Չեմ էլ կարող մտածել, որ իշխանության լիդերների խելքները չի հասնում։ Շատ լավ էլ հասնում է, ինչո՞ւ չեն անում, ինձ դա է անհանգստացնում ու վրդովվում, և ոչ միայն ինձ։ Մենք այս քաղաքում ապրում ենք, շատ մտավորականների հետ նստում-վեր ենք կենում, բոլորի մոտ նույն անհանգստությունը կա։ 

Ինչո՞ւ, օրինակ՝ անտեսվեցին այն մարդիկ, որոնք որպես արժանապատիվ և պահանջատեր քաղաքացի շատ երկար պայքարի ճանապարհ են անցել։ Ենթադրում եմ, որ որոշում են կայացրել՝ միայն իրենց թիմով ամեն ինչ անեն: Լավ, մենք էլ մի կողմ քաշվեցինք, ասացինք՝ թող անեն, կարևորը անձինք չեն, կարևորը, որ պրոցեսը առաջ գնա: Բայց այն կաղում է։ Սա բոլորիս անհանգստացնում է, և Սասուն Միքայելյանի ասածը դրա դիագնոզն է, որ կարող է նաև այդպես լինել։ 

Ի վերջո, ժողովուրդն արդարության կռիվ է տվել, տվել է բոլոր բանալիները, բոլոր կոդերը, թե ինչ պետք է անել, որ, ի վերջո, հիմք դնենք նորմալ, ժողովրդավար, արդար երկրի։ Սա է ժողովրդի անսասան պահանջը, եթե դա լինում է, ամեն ինչն էլ սկսում է ծաղկել։

Բայց մեկ տարի քնացնել արդարադատության մարտահրավերները, ճիշտ չէր։ Կարևոր քայլերը ժամանակին չարվեցին, ու մարդկանց մոտ անհանգստություն կա։ 

– Դատական համակարգի բարեփոխումները, որոնց ուղղությամբ իշխանությունը քայլեր է սկսում, նույնպես ուշացե՞լ են։

– Իհարկե շատ ուշացան։ Վեթինգից էլ կարծես կիսատության հոտ է գալիս։ Նման կարծիքներ հնչեցին նաև խորհրդարանում։ Վեթինգի համար անկախ մարդիկ են պետք։ «Մարտի 1»-ի փաստահավաք խմբում եթե Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը չլինեին, այդ խմբից ի՞նչ արդյունք էր ստացվելու։

Այդ մարդկանց կամքի ու պայքարի արդյունքում ունեցանք այդ բացահայտումները։ Հիմա էլ ենք պահանջում, որ այդպիսի մարդիկ լինեն, որոնք կաշկանդված չեն լինի իրենց կուսակցական պատկանելությամբ, պաշտոններով։ Անկախ մարդիկ են պետք, որոնց ժողովուրդը վստահում և հարգում է։ 

Սրանք այնքան պարզ հարցեր են։ Օրինակ՝ ինչո՞ւ Ժիրայր Սեֆիլյանը կամ Անդրիաս Ղուկասյանը չպետք է լինեին ապրիլյան հանձնաժողովում, որոնք ի սկզբանե շատ տեղեկացված էին և շատ բացահայտումներ հենց իրենք արեցին, ի վերջո։ Ինչո՞ւ այդ մարդկանց անտեսել։ 

Մենք ընդամենը պահանջում ենք, որ այս իշխանությունները, որոնց մենք թև ու թիկունք ենք, ի վերջո հետևողական լինեն և չշեղվեն խիստ անհրաժեշտ քայլերից և ճանապարհային քարտեզից, գնահատեն անգին ժամանակը։ 

Սա է բոլորիս պահանջը։ Եթե այս գործընթացը ձգձգվում է, ավելորդ լարվածություն է առաջանում, էլ չեմ ասում, որ մարդկանց մոտ հիասթափություն է նկատվում։ 

Հուսով եմ՝ լավ է լինելու…

Մանե Հարությունյան

MediaLab.am