«Արցախի նախագահը սահմանադրական փոփոխության ամենալավ տարբերակը չի ընտրել». Հակոբ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը

– Պարո՛ն Հակոբյան, երեկ Արցախի նախագահը հայտարարեց Սահմանադրության փոփոխության գործընթաց սկսելու մասին: Մասնավորապես, այդ փոփոխությունը ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձնահատկությունների վերաբերյալ է: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է նման քայլի գնում Արցախի նախագահը:

– Նախաձեռնությունը նախագահինն է, և երևի ինքն էլ պետք է բացատրի՝ ինչու է նման հրատապ քայլի դիմում նախագահը այն դեպքում, երբ, ինչպես գիտեք, արդեն կա սահմանադրական բարեփոխումների մի ամբողջ փաթեթ, որը ծրագրվում էր հանրաքվեի միջոցով իրականացնել: Ես կարծում եմ՝ եթե նախաձեռնվեր հենց փոփոխությունների փաթեթը հանրաքվեի դնելու գործընթացը, շատ ավելի տեղին կլիներ:

Սակայն, անկեղծ ասած, որևէ բացատրություն տրված չէ, թե ինչու են այսպես հրատապ նման փոփոխություններ նախաձեռնվում:

Եթե նույնիսկ այս փոփոխությունն արվում է՝ հաշվի առնելով այս ժամանակահատվածում նախագահի հնարավոր փոփոխությունը, ապա, կարծում եմ՝ ավելի նպատակահարմար կլիներ սահմանադրական փոփոխությունների ամբողջ փաթեթը բերել Ազգային ժողով ու հանրաքվեի ընթացք տրվեր:

– Պարո՛ն Հակոբյան, Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է, որ փոփոխության նպատակը աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումներն են, արտաքին, ներքաղաքական մարտահրավերները, Արցախի ներքաղաքական իրավիճակը: Այս բացատրության ենթատեքստը ո՞րն է:

– Կարծում եմ՝ իրենք պետք է բացեն իրենց հայտարարությունների փակագծերը: Այն, որ այսօր տարածաշրջանում տեղի են ունենում բազմաքայլ իրադարձություններ, բոլորիս համար ակնհայտ է: Բայց այդ իրադարձությունների ֆոնին գտնել լուծման նման տարբերակ ամենահարմարը չէ, որովհետև նույն ընթացակարգով հնարավոր էր գնալ, ներկայացնել սահմանադրական փոփոխությունների փաթեթ ու հանրաքվե անցկացնել:

Հանրաքվեն, ի վերջո, մեր սուբյեկտայնության ցայտուն նշան կարող էր լինել, ավելի կբարձրացներ մեր կարգավիճակը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում: Արցախում այսօր ցանկացած գործողություն պետք է միտված լինի մեր պետական ինստիտուտների սուբյեկտայնության բարձրացմանը և ոչ թե հակառակը: Աշխարհին պետք է ցույց տալ, որ Արցախը կա, գոյություն ունի ու իրականացնում է իր պետական գործառույթները:

Սահմանադրական փոփոխության ամենալավ տարբերակը չի ընտրել Արցախի նախագահը: Նրանք պետք է հանրությանը դեռևս բացատրություն տան՝ ինչու են նման տարբերակ ընտրել:

– Կարծում եք՝ Արցախում հանրաքվեի տրամադրություննե՞ր կան:

– Ցանկացած համապետական միջոցառում մեկ քայլ է դեպի պետության կայացումը: Իհարկե, այսօր Արցախի ժողովուրդը պայքարում է հենց իր ինքնորոշման համար, և այդ հանրաքվեն մեկ քայլ է դեպի այդ ինքնորոշումը:

Աշխարհը պետք է ընդունի, որ կա Արցախի Հանրապետություն, և այն կայացած պետություն է ու ցանկացած պահի ունակ պետք է լինի պետությանը հարիր գործողություններ կատարելու:

– Հայաստանում կա տեսակետ, որ Արցախում իշխանությունը կիսվել է Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի թևերի միջև, և փոփոխությունը հենց այդ նպատակով է արվում: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Միգուցե ներիշխանական լարվածություն կա, սակայն Արցախի նախագահի և Արցախի պետական նախարարի միջև եղած լարվածությունը Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելով ուղղակի հնարավոր չէ վերացնել: Կարծում եմ՝ նման տեղեկությունները ավելի շատ դավադրությունների տեսության դաշտից են:

Նույնիսկ եթե հակադրությունը կա, ու այն պետք է լուծվի, չեմ կարծում, որ դա կարող է արվել սահմանադրական փոփոխությունների միջոցով, որովհետև Արցախի նախագահը ինչպես նշանակել է պետնախարարին, նույնկերպ էլ կարող է հրամանագիր ստորագրել, ազատել պաշտոնից: Հետևաբար այս ամենը ավելորդ դրամատիկացնելը Արցախի շահերից չի բխում:

– Միգուցե Արայիկ Հարությունյանը հոգնե՞լ է պաշտոնավարելուց և փորձում է ԱԺ-ին նախագահ ընտրելու հնարավորություն տալուց հետո հանգիստ հեռանա՞լ:

– Կարծում եմ՝ եթե Արայիկ Հարությունյանը ցանկանում է հեռանալ, գործող Սահմանադրությունը նախատեսել է նաև այդպիսի դեպք, երբ հանրապետության նախագահը հոգնել է և ուզում է հեռանալ: Այնպես որ, համաձայն չեմ, թե նա նախապատրաստում է իր հեռանալը: Չեմ կարծում, թե Արցախի Հանրապետության բախտը կախված է մեկ անձից, և դա հանրապետության նախագահն է:

– Հակառակ դեպքում կկայանային ընտրություններ, իսկ այս դեպքում ԱԺ-ն է ընտրում նախագահ: Տարբերությունն ակնհա՞յտ չէ:

– Ոչ ոք չի կարող 100 տոկոսանոց վստահություն ունենալ, որ Արցախի Հանրապետությունում չեն կարող նախագահական ընտրություններ կայանալ: Կարծում եմ՝ այս հարցը արհեստականորեն է դրվել շրջանառության մեջ: Քանի դեռ ընտրության հարց չկա, Արցախի նախագահը գործում է:

Այսօր, ցավոք, Արցախը ծայրահեղ ծանր վիճակում է, և նման պայմաններում անհրաժեշտ են քաղաքական լուրջ ու առողջ քայլեր, որոնք միտված կլինեն պետականության պահպանմանը: Սակայն այս իշխանությունները կարծես կտրված են այս իրողությունից:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am