«Նման մեթոդով գնման գործընթացը կասկած է առաջացնում». պետական համակարգի մեքենաների ԱՊՊԱ-ների հետքերով

Այսօր կայացած կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետական համակարգում ավտոմեքենաների ապահովագրության փաթեթների ձեռքբերման խնդրին՝ հայտարարելով, թե կոռուպցիայի ռիսկեր պարունակելու մասին լրատվամիջոցների բոլոր հրապարակումները ուշադրության կենտրոնում են և փոխանցվում են իրավապահներին: 

«Բոլոր այդ հրապարակումները իրավապահների ուշադրության կենտրոնում են: Սա մեզ համար շարքային թեմա չէ, այլ սկզբունքային նշանակության հարց է մեզ համար, որի կանխարգելմանը պետք է մեծ ուշադրություն դարձնենք», -այսօր նիստում հայտարարել էր վարչապետ Փաշինյանը:

Դեռեւս փետրվարի 10-ին «Մեդիալաբն» անդրադարձել էր այս խնդրին: Ուսումնասիրելով պետական համակարգում ավտոմեքենաների ապահովագրության փաթեթների ձեռքբերման վիճակագրությունը՝ պարզել էինք, որ ապահովագրության ծառայությունը ձեռք բերելու համար մրցույթ չի հայտարարվում, դրանք գնվում են մեկ անձից գնման ընթացակարգով, և, տարօրինակ զուգադիպությամբ, համակարգի մեքենաների առյուծի բաժինը ապահովագրվում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ կապվող «ՍԻԼ ինշուրանս» ընկերությունում:

«ՍԻԼ ինշուրանս»  ապահովագրական ՓԲԸ-ն հիմնվել է Սուքիասյանների ընտանիքի կողմից՝ 2000 թվականին: Կազմակերպությունն ունեցել է 5 բաժնետեր՝ ի դեմս  Խաչատուր, Սարիբեկ, Էդուարդ, Ռոբերտ Սուքիասյանների և «Հայէոկոնմբանկ» ԲԲԸ-ի:

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է, հարցեր բարձրացրել, ապա  հանձնարարել՝ ապահովագրության ծառայության ձեռքբերումն իրականացնել մրցութային եղանակով: 

Հիշեցնենք, որ հրապարակված տեղեկությունների համաձայն, «ՍԻԼ ինշուրանս» ընկերությունից միայն հունվար ամսվա ընթացքում ամենախոշոր գնումը կատարել է Հայաստանի ոստիկանությունը՝ 40 մլն դրամ: Գնումները, ըստ պայմանագրի, ֆինանսավորվել են պետական բյուջեի միջոցների հաշվին: Մեկ անձից գնման միջոցով ապահովագրվել է ոստիկանության 140 մեքենա: Ընդհանուր առմամբ, 2022-ի ողջ տարվա ընթացքում «ՍԻԼ ինշուրանսից» ՀՀ ոստիկանության գնումը կազմել է շուրջ 150 մլն դրամ:

Կառավարության նիստում վարչապետը ՆԳ նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվել է՝ ինչու է այդպես ստացվել, նախարարն էլ արձագանքել է, որ «ՍԻԼ ինշուրանս» ընկերությունը ներկայացրել է համեմատաբար ցածր գնային առաջարկ մեքենաների ԿԱՍԿՈ ապահովագրության համար:

«Հրապարակումներ կան, թե պետական հիմնարկների ավտոմեքենաների ապահովագրության ոլորտում կոռուպցիոն դրսևորումներ կան, ռիսկեր կան: Ես հիշում եմ, որ մենք քննարկել ենք ամենն իրականացնել մրցութային եղանակով, ի՞նչն է պատճառը, որ չի արվում դա»,- հետաքրքրվել է վարչապետը: 

Նախարար Վահե Ղազարյանը բացատրել է, որ ոստիկանությունը պաշտոնական հարցումներ է կատարել ապահովագրական ծառայություններ մատուցող ընկերություններին, որոնցից «ամենամատչելի առաջարկը»՝ 1.7 տոկոս, ներկայացրել է «ՍԻԼ ինշուրանս» ընկերությունը: ««ՍԻԼ ինշուրանսը» 2.5 մլն դրամ ավելի պակաս գնային առաջարկ է ներկայացրել, քան մյուս ընկերությունները», -ներկայացրել է Վահե Ղազարյանը:

Փաշինյանը հրահանգել է ոստիկանությանը հրապարակել գնման մասին բոլոր փաստաթղթերը ու հայտարարել.

«Սրանից հետո մրցութային կարգով արեք, հաջորդ տարվա մրցույթները հայտարարեք պատշաճ ժամանակին, որ հետո վերջում չստացվի՝ վայ, ժամանակ չկա, ստիպված ենք մեկ անձից գնում կատարել»:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, որը երկար տարիներ ուսումնասիրել է պետական գնումների համակարգը, տարօրինակ է համարում նման մեթոդով գնում կատարելը: 

«Հարց է առաջանում. ինչո՞ւ այդ ամենը չանել բաց մրցույթի եղանակով: Թող բաց մրցույթ լիներ, բոլորը տեսնեին, որ «ՍԻԼ»-ը իսկապես ամենացածր առաջարկն է արել, չէ՞ որ հայտնի չէ՝ ինչ առաջարկներ են արել մյուս ընկերությունները, և, ի վերջո, ովքեր են եղել մյուս ընկերությունները»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Հոկտանյանը:

Հարցին՝ արդյոք հիմնավո՞ր է տարվա ընթացքում հարյուրավոր միլիոնի հասնող դրամներով ապահովագրական ծառայություն կնքող պետական մարմնի բացատրությունը, թե ցածր գնային առաջարկի համար են նախապատվություն տվել տվյալ ընկերությանը, Հոկտանյանը բացասական պատասխան է տալիս. 

«Իհարկե ոչ: Նախ՝ բնական է, որ ցածր գնային առաջարկին է տրվում նախապատվություն, և հանրահայտ փաստ է, որ Հայաստանում շարունակվում է պրակտիկան, թե պետական գնումներում միայն գինն է որոշիչը, բայց չէ՞ որ սովորաբար ցածր գինը որոշվում է մրցույթի ընթացքում և ոչ թե մեկ անձից գնման դեպքում: Ամեն պարագայում կասկած է առաջացնում նման մեթոդով գնման գործընթացը: Ինձ համար նման բացատրությունները համոզիչ չեն»:

Նրա խոսքով՝ միայն մեկ դեպքում կարելի է առաջարկվող ծառայության գնին ուշադրություն չդարձնել, երբ ծառայության որակը անհամեմատ բարձր է: Սակայն ապահովագրական ծառայության դեպքում, նրա համոզմամբ, դժվար է պատկերացնել մատուցվող ծառայությունների տարբերություն կամ որակ: 

«Խնդիրն այս դեպքում բաց ու հրապարակային գործելաոճն է, թող բացահայտեին՝ որ ընկերությունն ի՛նչ է առաջարկել, իսկ դրա համար լավագույն ձևը բաց մրցույթն է»,-ընդգծում է Հոկտանյանը: 

Այս տարվա հունվարին  «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը, որի համաձայն Հայաստանը չի հաղթահարել լճացումը և ավելին՝ թուլացրել է դիրքերը՝ կորցնելով 3 միավոր: Այսպես, ըստ նոր համաթվի՝ Հայաստանը 46 միավորով հայտնվել է 63-րդ հորիզոնականում (180 երկրից)՝ նախորդ տարվա 58-րդի փոխարեն։ Ըստ մեթոդաբանության, եթե կոռուպցիայի ընկալման համաթիվը 50-ից ցածր է, ապա դա պետության համար համարվում է լուրջ խնդիր:

Հետընթացի կապակցությամբ մտահոգություն էր հայտնել Փաշինյանը. 

«2022 թվականին մենք բազմաթիվ հիշարժան կալանավորումներ եւ ձերբակալություններ ենք ունեցել: Բայց խնդիրը դրանից չի վերանում։ Մեզ համար բացարձակապես անընդունելի է նման հետընթացը, առաջընթացի բացակայությունը։ Այս իրավիճակը պետք է խորը ուսումնասիրվի, հասկանանք՝ ինչ լրացուցիչ քայլեր ձեռնարկենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը շարունակի տպավորիչ առաջընթացի տիրույթում հատնվի։ Կա քաղաքական կամք, բայց դա միշտ չէ, որ բերում է կոնկրետ արդյունքների»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am